Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդող» եւ «կառուցող» բրիգադներ

Ապրիլ 25,2019 10:00

Հույս կա, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գործն իսկապես օբյեկտիվորեն է քննվելու: Անձամբ ես չեմ հավատում, որ Դավիթն ընդունակ է անպարկեշտ արարքների՝ իմ ընկալմամբ, դա հակասում է տվյալ մարդաբանական տեսակին: Ուրիշ հարց, որ նրան, ինչպես եւ բոլոր հեղափոխականներին, հատուկ են ծայրահեղական, բոլշեւիկյան դրսեւորումներ: Եվ կարծում եմ նրա շուրջը ծավալվող իրադարձությունների բուն պատճառը հենց դա է:

Ցանկացած հեղափոխության հաղթանակից հետո հեղափոխություն իրականացրած թիմը գրեթե ամբողջությամբ տեղափոխվում է իշխանական պալատներ, պետական համակարգ՝ դա նորմալ է: Սակայն օրինաչափ է նաեւ, որ ոչ բոլորն են այնտեղ մնում: Ամիսների, երբեմն տարիների ընթացքում հաղթած թիմը բաժանվում է երկու մասի՝ նրանց, ովքեր շարունակում են մտածել եւ գործել հեղափոխության կատեգորիաներով եւ նրանց, ովքեր ունեն համակարգային, պետական մտածելակերպ: Վաղ թե ուշ առաջինները ստիպված են լինում թողնել պետական ասպարեզը:

Տրոցկին կամ Չե Գեւարան չէին կարող երկար ժամանակ պետական պաշտոններ զբաղեցնել՝ անկախ նրանից, թե ինչ անձնական կամ գաղափարական հակասություններ ունեին հաղթական հեղափոխություն իրականացրած իրենց երկրների առաջին դեմքերի հետ: Նրանք, այսպես ասած, «քանդող բրիգադից» էին, որը որոշակի պատմական ժամանակաշրջանում խիստ անհրաժեշտ է, բայց առօրյա պետական կյանքում որեւէ գործառույթ չունի եւ անգամ կարող է խանգարել:

Սաակաշվիլին չէր կարող աշխատել Օդեսայի նահանգապետ: Գնալ օլիգարխների դղյակների մոտ եւ գոռգոռալ, թե՝ հիմա ձեր դղյակը ձեզնից կխլեմ՝ դա գուցե եւ ամբոխահաճո գործելակերպ է, բայց կոռուպցիայի դեմ պայքարի խնդիր չի լուծում: Երբ նրա եւ Ավագովի միջեւ հակասություններ ծագեցին, շատ բնական է, որ այն ժամանակվա նախագահ Պորոշենկոն կանգնեց պետական, համակարգային մտածելակերպ ունեցող Ավագովի կողքին: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Սաակաշվիլին բացասական կերպար է: Ամենեւին ոչ. Վրաստանի նախկին նախագահն իբձ համար մեծություն է՝ ոչ միայն որպես բարեփոխումներ իրականացրած գործիչ, այլ, առաջին հերթին, որպես մի ղեկավար, որը պարտվելով ընտրություններում, խաղաղ հեռացավ իշխանությունից: (Նույնը Ուկրաինայում արեցին Յուշչենկոն եւ Պորոշենկոն, իսկ Հայաստանում նման քայլ կատարած ղեկավար առայժմ չի եղել):

Նույն օրինաչափությունը գործում է նաեւ ներկայիս Հայաստանում: Աշոտ Մանուչարյանն, օրինակ, չէր կարող մնալ պետական համակարգում՝ դա կրկնեմ, հեղափոխականի տեղը չի: Ի դեպ, երբ 1990 թվականի հետհեղափոխական Գերագույն խորհրդում քննարկվում էր պաշտոնյաներից մեկի հավակնորդի թեկնածությունը, պատգամավոր Աշոտ Ոսկանյանն այդ թեկնածությունը մերժեց հետեւյալ փաստարկով. «Հրաշալի անձնավորություն է, բայց հեղափոխական է»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garo says:

    Իսկ ես հավատում եմ որ կարար կոռումպացվեր:
    Նախ բոլոր կոռուպցիոներներնել տենց չեն ծնվում ինչ որ պահի դառնում են:
    Իսկ Դավիթի դեպքում մարդը ամբողջ կյանքում պայքարելա ընդդեմ իշխանության հիմա գնացելա էտ իշխանությունը ինքնա իշխանության բայց անձամբ իր համար առաձնապես բան չի փոխվում:
    Ուրիշները կյանքը վայելում են, ինքը 400հազար դրամ աշխատավարձա ստանում, վարձովա մնում ու անվերջե կարար վարձով մնա:
    Կողքով միլիիոներ են անցնում ու ստեղ առաջանումա գայթակղություն մի փոքր կմճտել միլիոններից, դե հուսով որ ոչ մեկ չի իմանա:

  2. Շորհակալություն, պարոն Աբրահամյան, դիպուկ և կառուցողական Միտք էր: Պարզապես հայաստանյան միջավայրում, ի թիվս Ձեր նշածների, հավելվում է ևս մեկ հանգամանք՝ միջգերատեսչական (մանավանդ օտար համակարգերի գերատեսչական) պարտիաների հանգամանքը: Կրկին շնորհակալություն հստակ Մտքի համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930