Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկայի ոլորտի ներդրումները հիմնականում Ռուսաստանից են

Ապրիլ 25,2019 14:30

Ինչ են պարզել Համաշխարհային բանկի մասնագետները Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած փոփոխություններից հետո

Չնայած զբոսաշրջության եւ ՏՏ ծառայությունների արտահանման մեծ ծավալներին, ծառայությունների զուտ արտահանումը կրճատվել է: Մեր երկրում անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած փոփոխություններից հետո այսպիսի պատկեր են արձանագրել Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի տնտեսական զեկույց»-ի հեղինակները: Այդուհանդերձ, մասնագետները հետեւելով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումներին, փաստում են, որ ծառայությունների հաշվի հավելուրդը էապես պակասեց 2018 թ. առաջին 3 եռամսյակում՝ տարեսկզբի 68 մլն ԱՄՆ դոլարից իջնելով 8 մլն ԱՄՆ դոլարի մակարդակին: Ըստ զեկույցի հեղինակների, իրենց դրական ավանդն են պահպանել զբոսաշրջությունը, հեռահաղորդակցությունները եւ ՏՏ ծառայությունները:

Այսպես` հեռահաղորդակցությունների եւ ՏՏ ծառայությունների արտահանման ծավալները 2018 թ. առաջին 9 ամսում աճել են 24 տոկոսով՝ կազմելով 188 մլն ԱՄՆ դոլար: Զբոսաշրջությունը եւ հարակից ծառայությունները եւս շարունակել են ընդլայնվել 2018 թվականին եւ արդեն անցյալ տարվա հոկտեմբերի վերջին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, այցելուների թիվն աճեց 9 տոկոսով: Ըստ նույն աղբյուրի, զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան մեկ քառորդը ժամանել է Եվրոպական միությունից, մոտ 20 տոկոսը՝ Ռուսաստանից, 14 տոկոսը՝ Միացյալ Նահանգներից: Սակայն, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, սա չեզոքացել է արտերկրում շինարարական գործունեության ծավալների կրճատմամբ եւ ներկրվող տրանսպորտային ծառայությունների աճով:

Մասնագետները նաեւ նշում են, որ 2018 թվականին նվազել է եկամտային հավելուրդը: Նվազման հանգեցնող հիմնական գործոններ են եղել մասնավոր տրանսֆերտների կրճատումը, կառավարությանն ուղղված ավելի ցածր մակարդակի տրանսֆերտները եւ ներդրումային եկամուտների ավելի մեծ արտահոսքերը: Թեեւ տարեսկզբին մասնավոր տրանսֆերտները կտրուկ աճեցին, հետագայում ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանքով էապես նվազեցին:

Մասնավոր տրանսֆերտների ներհոսքը տարեսկզբի համեմատ եղել է կայուն երկրորդ եռամսյակում, իսկ երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 7 տոկոսով. «Նշաններ կան, որ տարեվերջին, երբ ռուբլին որոշ չափով արժեւորվեց, մասնավոր տրանսֆերտներն այլեւս չնվազեցին: 2018 թ. պաշտոնական տրանսֆերտները նույնպես նվազեցին՝ արտացոլելով 2017 թ. երկրորդ եռամսյակում ստացված զգալիորեն մեծ գումարի տրանսֆերտով պայմանավորված համեմատության բարձր բազա: Ներդրումային եկամտի ենթահաշվի դեֆիցիտը էլ ավելի աճեց ավելի մեծ գումարներով տոկոսների վճարման եւ շահույթի վերաներդրման հետեւանքով»,-բացատրում են ՀԲ զեկույցի մասնագետները:

Նրանք փաստում են, որ 2018 թվականի առաջին 9 ամսում օտարերկրյա ուղղակի ներդրումները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել են 25 տոկոսով` կազմելով ընդամենը 177 միլիոն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 2.1 տոկոսը: Ինչպես նախկինում, այդ ներդրումների մեծ մասն ուղղվել է ռեսուրսակիր ոլորտներին: Հանքարդյունաբերության ոլորտին բաժին է ընկել օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ներհոսքի ավելի քան կեսը, որը հիմնականում եկել է Գերմանիայից եւ Ջերսիից, մինչդեռ էներգետիկայի ոլորտը ներգրավել է այդ ներդրումների 10 տոկոսը` գլխավորապես Ռուսաստանից:

Ինչպես նշված է նախորդ զեկույցում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները խոչընդոտող հիմնական գործոնները ներառում են կարգավորիչ արգելապատնեշները, գործարար միջավայրը եւ տեղական աշխատուժի որակը: Զեկույցի հեղինակների կարծիքով, հնարավոր է, որ քաղաքական անորոշությունը նույնպես խոչընդոտել է օտարերկրյա ներդրումները:

Զեկույցից տեղեկանում ենք, որ 2018 թվականի վերջին միջազգային պահուստները չափավոր աճել են. «Արտարժութային պահուստները 2018 թ. վերջին աճեցին՝ դեկտեմբերի վերջին՝ կազմելով ավելի քան 2.2 մլրդ ԱՄՆ դոլար»:

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ էլ, ՀԲ մասնագետները նշում են, որ 2013 թվականից հետո առաջին անգամ է, որ այն նվազել է. «Բյուջեի ցածր դեֆիցիտը եւ օտարերկրյա ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի միջոցների տեղաբաշխման դանդաղ տեմպը օգնեցին 2018 թվականի վերջին պետական պարտքը կայունացնելու 6.4 միլիարդ ԱՄՆ դոլարի մակարդակում: Նշված գումարից 1 միլիարդ ԱՄՆ դոլարը կապված է երկու եվրապարտատոմսերի հետ, որոնցից մեկը թողարկվել է 2013 թվականին, որի մարման ժամկետը՝ 2020 թվականին է` 500 միլիոն դոլար: Իսկ երկրորդը՝ 2015 թվականին` մարման ժամկետը՝ 2025 թվականին, մարման ենթակա գումարը՝ 500 մլն ԱՄՆ դոլար»:

Նշվում է նաեւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրամադրած 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկը տրամադրվել էր 2018 թվականի նոյեմբերին` պետական պարտքի եւ ֆիսկալ ռիսկերի կառավարման, ֆինանսական շուկաների զարգացման բարեփոխումների ընթացիկ ծրագրի շրջանակում: Այն ուղղված է բյուջեի աջակցմանը: Զեկույցի մասնագետները հաշվարկել են, որ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է եւ 2017 թ. տարեվերջի 53.7 տոկոսի համեմատ՝ 2018 թ. վերջին կազմելով մոտ 51 տոկոս:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

24.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930