Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշո գեղեն»

Ապրիլ 25,2019 13:00

Ավագ շաբաթվա ընթացքում «Նարեկացի» արվեստի միությունում իրականացվող միջոցառումների շարքը մեկնարկեց Արարատ Մինասյանի՝ «Մշո գեղեն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմամբ եւ ռեժիսոր Արմինե Հարությունյանի՝ «Մշո գեղեն» անիմացիոն ֆիլմի ցուցադրմամբ:

Ցուցահանդեսին ներկայացված են «Մշո գեղեն» անիմացիոն ֆիլմի բեմադրող նկարիչ Արարատ Մինասյանի՝ ֆիլմի համար արված փոքր ճեպանկարները, կերպարների, տեսարանների ուշագրավ նկարները:

Հայոց ցեղասպանությունը սոսկ ազգի հայրենազրկում չէր, այլ բնաջնջում, մշակութային ժառանգության ոչնչացում՝ այրված ու կողոպտված հայկական վանքեր եւ ոչնչացված բազմահազար հայերեն ձեռագրեր: Եվ միայն հայ ազգի երախտավորների շնորհիվ հայկական ձեռագրական ժառանգության, հայ մանրանկարչության բացառիկ նմուշներ փրկվել ու հասել են մեզ՝ անխոս պատմելով հայկական դարավոր հարուստ մշակույթի մասին:

«Մշո գեղեն» անիմացիոն ֆիլմը անզուգական պատումներով, հայ հոգեւոր երաժշտության գոհարների հնչողությամբ պատմում է հայկական ամենամեծ մագաղաթյա ձեռագրի՝ «Մշո Ճառընտիրի» եղերական ճակատագրի, փրկության ճանապարհի մասին: Մշո Ճառընտիրը կամ Տոնականը բազմադարյան հայ մանրանկարչության կարեւորագույն մատյաններից է: Այն ըստ տարվա տոների դասավորված ճառերի, վկայությունների, վարքերի, պատմական քաղվածքների եւ ներբողների ժողովածու է, այստեղից էլ ծագել է անվանումը՝ Տոնական: Ձեռագիրը մեծ արժեք է ներկայացնում ինչպես իր պարունակած գրավոր նյութերով, այնպես էլ բարձր վարպետությամբ, վառ գույների ներդաշնակությամբ արված նկարազարդումներով: Ձեռագրին առանձնակի հմայք է հաղորդում դասական գեղեցիկ երկաթագիրը:

Եվ ահա Հայոց մեծ եղեռնի օրերին երկու հայ կին գաղթի ճանապարհին գտնում են մատյանը թուրքերի կողմից ավերված մի վանքում եւ վտանգելով իրենց կյանքը՝ փրկում անգին այս ձեռագիրը:

Մշո գլխին սեւ էր իջել: Լուսին չկար:

Կար երկնքում արնամնան մի յաթաղան

Եվ աստեղաց մի ժողովուրդ անօգնական:

Երկու քույրեր էին նրանք, երկու սգվոր դուստր հայոց.

Թաղում էին մի մանչուկի Սուրբ վանքի մեջ Առաքելոց:

Փորում էին հողը խաչով, ծնկի իջած պատի առաջ,

Դին արցունքով ողողելով՝ ողբում էին լալահառաչ…

Հայուհիները խոշոր երկաթագրով գրված ծանր ձեռագիրը վերցնում են իրենց հետ` փրկելու ոչնչացումից: Ձեռագիրը երկու մասի են բաժանում, որ կարողանան շալակել ու փրկել գոնե կեսը, եթե իրենցից մեկը զոհվի: Երկուսն էլ ուղեւորվում են Արեւելյան Հայաստան: Մեկը հասնում է Սուրբ Էջմիածին եւ ձեռագիրը հանձնում Մայր եկեղեցուն: Երկրորդ կինը ճանապարհին զոհվում է: Մահից առաջ նա ձեռագրի իր մասը թաղում է Էրզրում քաղաքի վանքի բակում: Հետագայում ձեռագիրը գտնում է ռուսական բանակի սպա Նիկոլայ դե Ռոբերտին եւ տանում Թիֆլիս՝ նվիրելով հայկական բարեգործական ընկերության թանգարանին:

Տարիներ անց միայն հայոց ամենամեծ ու սրբագործված հին ձեռագրի` Մշո ճառընտիրի երկու մասերը միավորվում են եւ այժմ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ 7729 համարի ներքո, ձեռագիրը պահվում է երկու մասով. առաջին մասը կշռում է 15 կգ, երկրորդը՝ 12 կգ: Մշո Ճառընտիրն ամբողջությամբ ունի 27 կգ քաշ:

Ախ, այն «Մշո ճառընտիրն» է, մագաղաթյա իր տառերով

Նայում է նա հսկայաբար, տեսնես ի՞նչ է գրված այնտեղ…

Ճառընտիրը բովանդակում է թեմատիկ մանրանկարներ, ճառեր, քարոզներ, ներբողներ, ուղերձներ, կանոններ եւ զրույցներ, պատմական բովանդակություն ունեցող շարադրանքներ, ամփոփում է համաքրիստոնեական, հայ սրբերի վկայաբանությունները՝ ըստ քրիստոնեական տոների: Ձեռագրի գեղարվեստական հարդարանքը ներառում է լուսանցազարդեր, գլխազարդեր, գլխատառեր, զարդագրեր:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Մշո Ճառընտիրը գրվել եւ պատկերազարդվել է 12-րդ դարի վերջին Երզնկայի Ավագ վանքում, պատվիրել է Բաբերդի տեր՝ Վասուսի եւ Հռիփսիմեի որդի՝ Աստվածատուրը: Հսկա ձեռագիրը գրելու համար մշակել են համապատասխան չափեր ունեցող մագաղաթե թերթեր, որոնցից յուրաքանչյուրի համար օգտագործվել է մեկ հորթի կաշի:

Ձեռագիրն օրինակվել է գրիչ Վարդան Կարնեցու եւ նկարազարդվել Ստեփանոս Ծաղկողի կողմից: 1202 թվականին Իկոնիայի սուլթան Ռուքն-էդ-Դինի արշավանքի ժամանակ ձեռագիրն ընկնում է Խլաթի թյուրք դատավորի ձեռքը, ով հայտարարում է ձեռագիրը վաճառելու մտադրության մասին: Մշո Առաքելոց վանքի վանականները 4000 արծաթ դրամով փրկագնում են ձեռագիրը եւ տանում Մշո Սուրբ Առաքելոց վանք:

Ի սկզբանե ձեռագիրն ունեցել է 660 էջ, այսօր պահպանվել է 627 էջը միայն, որից 17 թերթը պահվում է Մխիթարյան միաբանության Վենետիկի մատենադարանում, մնացած թերթերը կորսված են:
Անզուգական այս ձեռագրամատյանի մասին պատմող Արարատ Մինասյանի՝ «Մշո գեղեն» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում բաց կլինի մինչեւ ապրիլի 27-ը:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

24.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել