Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տրված ծիսակատարությունից հետո երթ մեկնարկեց դեպի Լիոնի Բելկուր հրապարակում գտնվող Ցեղասպանության զոհերի հուշակոթող:
Aravot.am-ի հետ զրույցում միջոցառման մասնակիցներից Արմեն Ջաբուղյանը նշեց, որ իր պարտքն է համարում ամեն տարի մասնակցել արարողությանը: Նա հավելեց, որ հայկական միջավայրում է մեծացել. «Հայրս ու մայրս ծայրահեղ հայ էին, հայրս էլ դաշնակցական էր»:
Նրա ձեւակերպմամբ, ապրիլի 24-ը վրեժի օր չէ, այլ արժանապատվության եւ աշխարհն ստիպելու, որ հիշեն կատարվածի մասին: Ջաբուղյանի ձեւակերպմամբ, իրենց պապերը ժամանակին «ապտակ են կերել», իսկ իր մարաշցի պապին կանչել են իբր թե թուրքական բանակը համալրելու, սակայն թուրքերը ողջ-ողջ թաղել են, ինչը մեծ ցավ է եւ չի կարող մոռանալ:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն այժմ ուրախ է, որ ֆրանսիական իշխանությունները ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել են Հայոց ցեղասպանության հիշատակի օր. «Այս օրը կշարունակինք պահանջնիս, որ վաղը Թուրքիան ալ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Ասաց նաեւ, որ Ֆրանսիայում ապրող իրենց որդիներին ջանացել են հայեցի դաստիարակություն տալ, որպեսզի նրանք եւս պահանջատեր լինեն պատմական արդարությունը վերականգնելու հարցում: Ապա ցույց տվեց այն երիտասարդներին, որոնցից շատերը փաթաթված էին Հայոց Եռագույններով եւ Արցախի դրոշներով:
Կազմակերպական լուրջ աշխատանք կատարած Կենտրոնական Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչ Աննա Ժամբոն մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ամեն տարի նշում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ասաց, որ այս տարի միջոցառմանը մասնակցում է Լիոնի քաղաքապետ Ժերար Քոլոնը, Լիոնում Հայաստանի հյուպատոսը, Ֆրանսիայի պաշտոնատար անձինք, սենատորներ, պատգամավորներ, Լիոնի երկրամասի ղեկավարներ, տարբեր կազմակերպությունների նախագահներ, հոգեւորականներ: Տիկին Ժամբոն հավելեց, որ ջանում են, որպեսզի նոր սերունդը չմոռանա իր արմատները:
Միջոցառման մեկ այլ մասնակից՝ Արա Կնյազյանն էլ արդեն տասներկու տարի է ապրում է Լիոնում: Նա Հայաստանից է Ֆրանսիա տեղափոխվել: Ամեն տարի մասնակցում է հիշատակման միջոցառումներին: Ասում է՝ Լիոնի հայ համայնքը բավականին համախմբված է, թեեւ Ֆրանսիայի ու Հայաստանի հայերը տարբեր մշակույթների կրողներ են: Արան ասում է, որ Հայաստանից Լիոն տեղափոխվածները հիմնականում շինարարության վրա են աշխատում եւ մեքենաների առք ու վաճառքով են զբաղվում, երեխաները հայկական դպրոց են հաճախում: Նրա խոսքերով, միակ խնդիրը զորակոչային տարիքի հայ երիտասարդների հարցն է, որը հուսով է, կկարգավորվի:
Ի թիվս այլոց, Բելկուրում ելույթ ունեցավ Լիոնի քաղաքապետ ժերար Քոլոնը, նրա ելույթը բավականին զգացմունքային էր, եւ ջերմությամբ ընդունվեց ֆրանսահայերի կողմից: Նա ցանկություն հայտնեց, որ հայերի ու թուրքերի միջեւ խաղաղություն լինի, միաժամանակ ընդգծեց, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Լիոնի քաղաքապետը շեշտեց, որ պետք է ավելի ակտիվ պայքարել ու հույսը չկորդնել նպատակին հասնելու համար:
Ի դեպ, պարոն Քոլոնին տեղի հայերը բնորոշում էին որպես հայասեր անձնավորություն, եւ հայերի հանդեպ նրա համակրանքը պայմանավորում էին նրա տեղակալ Ժորժ Քեպենեկյանի դերակատարությամբ:
Պատմաբան, ցեղասպանագետ Վենսան Դյուքլերը եւս ելույթ ունեցավ: Հիշեցնենք, որ նա այն պատմաբաններից մեկն է, որոնց խմբային աշխատանքի արդյունքում լույս է տեսել «Հայոց ցեղասպանություն. Հետազոտման 100 տարի (1915-2015)» ուսումնասիրությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարները նայելիս տպավորություն է ստեղծվում որ մարդիկ ինչ-որ բան են տոնում: Ի վիճակի չեն գոնե այս օրը մի քիչ հարգալից ձևով հիշել զոհերի հիշատակը: Իսկապես կարևոր է կրթության մակարդակի բարձրացումը