Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետ. Ծաղկաձորի ճոպանուղին տարիներ ի վեր ոչ մի լումա գույքահարկ չի վճարել համայնքի բյուջե

Ապրիլ 24,2019 19:30

«Ճոպանուղու կառավարման մոդելի հետ կապված խնդիրներ կան՝ թե՜ կառավարման արդյունավետության թե՜ մենեջմենթի առումով եւ թե՜ իրավական տեսակետից: Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում,որ ճոպանուղու ավտոկայանատեղիում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, պիկ ժամերին ճոպանուղու ճիշտ կառավարում չեն անում: Բավականին փորձառու լեռնադահուկորդներ, որոնք գալիս են Հայաստան զբաղվելու լեռնադահուկային սպորտով, ձմեռային սպորտաձեւերով, շատ դժգոհ են վերադառնում եւ շատ տուրօպերատորների բողոքն ունենք, որ ճոպանուղու կառավարումն այդպես էլ չի ուղղվում եւ իրենց տուրիստները շատ բացասական տպավորություններով են մեկնում մեր երկրից»,- պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետը Ծաղկաձորի ճոպանուղին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հետ վերցնելու փաթեթ է պատրաստել, որը մոտ ժամանակներս կներկայացնի կառավարություն:
Պարոն Պետրոսյանը սպասում է դատախազության եզրակացությանը: Ներկայումս ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստուգումներ է իրականացնում ճոպանուղին տնօրինող «Լեռնատուր» ընկերությունում եւ, մարզպետի խոսքով, երբ ամեն ինչ պարզ կլինի, փաթեթը կուղարկի կառավարություն: Մարզպետն ասաց, որ իր հիմանական մտահոգությունն այն է, որ նման ահռելի կարեւորություն ունեցող եւ տուրիստական լուրջ ինդուստրիայի օբյեկտ հանդիսացող լեռնադահուկային համալիրը անարդյունավետ է կառավարվում. «Ազգային օլիմպիական կոմիտեի իրավաբանական անձ լինելու այդ անվան մեջ նաեւ, կարեւորագույն, առանցքային բառը ազգայինն է, ազգային օլիմպիական կոմիտե, հիմա հարց է՝ օլիմպիական կոմիտեի տնօրինության տակ գտնվող Ծաղկաձորի ճոպանուղու գործունեությունից գեներացված շահույթը ինչո՞ւ պետք է գնա կոնկրետ անձանց գրպաններ, կոնկրետ շրջանակներին ծառայեցվեն: Բա ո՞ւր է համայնքի շահը, պետության շահը, ո՞ւր է քաղաքացու շահը, ո՞ւր է մեր զբոսաշրջության ենթակառուցվածքներում ներդրումներ անելու այն աղբյուրները, որոնք մենք չենք կարողանում գտնել: Եվ կարծես թե ես գտել եմ»:

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով, մինչ դատախազությունը կավարտի իր գործը, մի բան ակնհայտ է. ճոպանուղին, որը գործում է Ծաղկաձորի վարչական տարածքում, մինչեւ վերջերս՝ ոչ մի լումա գույքահարկ չի վճարել համայնքի բյուջե: Եվ միայն վերջերս՝մարտի 22-ին է մոտ 9 միլիոն դրամ մուծել. «Իմ հարցը օրակարգ բերելուց 1-2 ամիս անց ՀԱՕԿ-ը հապճեպորեն, մարտի 22-ին բյուջե է մուտքագրել մոտ 9 միլիոն դրամ գույքահարկ, որից 3 միլիոնը մայր գումարն է հաշվարկված՝ 2012-2018 թվականների համար, եւս 5 ու քանի միլիոն դրամ էլ տույժ տուգանքներն են կազմել: Դե, եթե այդպիսի թվեր ունեիք, ինչի՞ն էիք սպասում, բարձրաձայնվեր նոր վճարեի՞ք, ձեր պարտավորությունները պետության նկատմամբ հավուր պատշաճի իրականացնեիք»:

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով, փաթեթի նպատակը պետական, համայնքային շահի վերականգնումն է: Ըստ նրա, թավշյա,ոչ բռնի հեղափոխական գործընթացը, որն այդքան մարդ փողոց հանեց՝ արդարության, իրավահավասարության, օրենքի գերակայության երկիր ունենալու տեսլականով, ոչ բոլոր քաղաքացիներին է հասել եւ կան մարդիկ, որոնք դեռ քաղաքական հին մշակույթի կրողն են. «Եւ այն արտոնությունը, որն իրենք ունեցել են պետության առաջին դեմքերի արտոնությամբ, այդ արտոնությունը համարում են ուժի մեջ է: Բայց այդպիսի բան չի կարող լինել, ես պատասխանատու եմ իմ բառերի համար, այդ մղումը ինձ ստիպեց զբաղվել նաեւ ճոպանուղու գործունեության հարցով»:

Մարզպետը հավաստիացրեց, որ անցյալ տարվա լեռնադահուկային սեզոնին արդեն բազմաթիվ դժգոհություններ են ստացել տարբեր շրջանակներից, որոնք ժամանակին, ինչ-ինչ իրողություններով պայմանավորված լռել են, հանդուրժել են եւ, ըստ մարզպետի, այդ բողոքի աղբյուրներից ոմանք պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձիք են, որոնք լեռնադահուկային սպորտով են զբաղվում եւ, աշխարհի առաջատար երկրներում լինելով, ու օգտվելով լեռնադահուկային սպորտի ծառայություններից, համեմատության մեջ են դնում, այդ երկրներում մատուցվող ծառայություններն ու Կոտայքի մարզում մատուցվող ճոպանուղու ծառայությունները:

Մարզպետը նաեւ ասաց, որ ճոպանուղին 2004 թվականին է կառավարության որոշմամբ Սպորտի պետական կոմիտեից վերցվել եւ անվարձահատույց հանձնվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ ՀԱՕԿ-ին: Ճոպանուղին աշխատեցնելու համար օլիմպիական կոմիտեն դուստր ձեռնարկություն է հիմնել, որի 50% բաժնեմասը պատկանում է հենց ՀԱՕԿ-ին, 50%-ը՝ ինչ-որ օֆշորային գոտում գրանցված ընկերության, որը սակայն, վերջերս փոխանցվել է ինչ-որ ֆիզիկական անձի:

Թե հետագայում ո՞ւմ ենթակայությամբ կգործի ճոպանուղին, պարոն Պետրոսյանն ասաց, որ տարբերակներից մեկն, օրինակ՝ Զբոսաշրջության պետական կոմիտեին հանձնելն է:

Aravot.am-ը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց՝ ինչպես են վերաբերվում Կոտայքի մարզպետի՝ Ծաղկաձորի ճոպանուղին ՀԱՕԿ-ից վերցնելու նախաձեռնությանը:

«Այսօր այդ օրը չի, որ նման հարցերի պատասխանենք, վաղը օրվա երկրորդ կեսին դուք համապարփակ այդ հարցերի պատասխանը կստանաք»,-մեր հարցին ի պատասխան ասաց օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարը: Մեր այն հարցին էլ՝ դուք համամի՞տ եք մարզպետի ներկայացրած փաստարկների հետ, պարոն Ռոստոմյանն ասաց՝ վաղը, վաղը բոլոր հարցերի պատասխանը կստանաք:

Ծաղկաձորի ճոպանուղին տնօրինող «Լեռնատուր» ընկերության տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ նա գործուղման էր մեկնել: Ընկերության հաշվապահ Արտավազդ Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մամուլից են տեղեկացել մարզպետի նախաձեռնության մասին եւ առայժմ ոչինչ ասել չեն կարող:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930