Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում մտքեր է հայտնել 1915-ի վերաբերյալ:
Խուսափելով «ցեղասպանություն» իրավական տերմինի գործածումից՝ նա իր գրառման մեջ բացառապես օգտագործել է «1915-ի դեպքեր» ձևակերպումը:
Հարկ է համարել, որ 1915-ին տեղի ունեցած իրադարձությունները չդառնան քաղաքական շահերի գործիք և երրորդ երկրների միակողմանի միջամտությունների առարկա:
«1915-ի դեպքերին պիտի ցուցաբերվի կառուցողական ու հավասարակշռված մոտեցում և միայն մեկ կողմի տեսակետը հաշվի առնելու փոխարեն պիտի ուշադրության առնվեն երկու կողմերի կրած կորուստները և ունեցած ցավերը»:
Կարդացեք նաև
Ալթունը շեշտել է այն հանգամանքը, որ հայերն ու թուրքերը 800 տարի ապրել են կողք կողքի: Եվ ըստ նրա՝ չի կարող լինել այնպիսի հարց, որը հնարավոր չլինի լուծել հայերի ու թուրքերի իրական երկխոսության միջոցով: Ուստի կոչ է անում թույլ չտալ, որպեսզի «գաղութատիրական ուժերը քաղաքականացնեն պատմությունը»:
Թուրք պաշտոնյան նաև նշում է, որ առ այսօր չկա իրավական վճիռ, չկա քաղաքական և գիտական կոնսենսուս այն հարցի շուրջ, որ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, 104 տարվա ընթացքում ճանաչել ու դատապարտել է 26 պետություն: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որին զոհ գնաց 1.5 միլիոն հայ: