Շիրակի մարզի բնակիչները՝ մանկապարտեզի երեխաներից սկսած մինչև ձեռնափայտով մի կերպ քայլող տարեցներ, զինվորականներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այսօր շտապում էին Հերհերի կամ Ջարդի ձոր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Նրանց հիշատակին նախ պատարագ մատուցվեց Գյումրու «Սուրբ Յոթ վերք» եկեղեցում, այնուհետ Բագրատունյաց պուրակում ծաղիկներ խոնարհեցին, որն էլ շարունակվեց Հերհերի ձորում։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտ գտնվող այս ձորում 1920 թվականին դաժանորեն սպանվել են Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի շրջանի բնակիչները, նրանց ժայռերից գլորել են ձորը: Նույնիսկ պատմում են, որ այս դեպքերից հետո մարդիկ երկար ժամանակ խուսափել են անցնել Հերհերի կողքով, քանի ձորն արձագանքել է սպանված մարդկանց ճիչը:
Կարդացեք նաև
Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղի բնակիչներից մեկը՝ Հովհաննես Սարգսյանը պատմեց, որ 1920 թվականին թուրքերը ներխուժել են իրենց գյուղ՝ փորձելով կոտորել բնակչությանը։ Բնակիչներից շատերը պատսպարվել են քարանձավներում, սակայն Հովհաննես Սարգսյանի տատիկի երկու քեռիները՝ Հուսիկն ու Գևորգը, չեն հասցրել․ վերջիններս ոտքի են կանգնել, որ պաշտպանեն գյուղի կանանց։ Թուրքերը, որոնք, ըստ մեր զրուցակցի, գյուղ էին ներխուժել ձիերով, երկու քեռիներին կապել են ձիուց, բերել Հերհերի ձոր ու դաժանաբար սպանել են։ Գևորգը եղել է զինվորական, իսկ Հուսիկն ավարտել էր Դորպատի համալսարանը, նա գիտնական է եղել, տիրապետել ութ լեզուների։
Մի տարեց կին էլ պատմեց, որ իր պապին թուրքերը գլխատել են հենց իր տան բակում։
«Պապս ու տատս բնակվել են Մուշում, տատս նույնիսկ տան համարն էր հիշում՝ 63 տուն, պատմում էր, որ տան պատերը կապույտ ներկած էին, սալաքարերի տակ մեծ կճուճն էր դրված։ Տատս պատմում էր, պապս ուժեղ մարդ է եղել, լարախաղաց է եղել, թուրքերը սկսել են վերացնել հենց ուժեղ մարդկանց, կանչել, տարել ու վերացրել են, որպեսզի հայերը իրենց դեմ պայքար չսկսեին։
Հարևաններից մեկը տատիս հարցրել է՝ Թութուշ մարդդ ո՞ւր գնաց, տատս ասել է՝ փաշեն է կանչել, հարևանն ասել է՝ արի տես, փաշե՞ն է կանչել։ Տատս, մտնելով բակ, ահասարսուռ տեսարանի է ականատես եղել, տեսել է ամուսնու մարմինը գլխատված, ու գլուխը դրել են մարմնի կողքը․․․
Թե ինչ ձևի է տատս իր երկու տղաներին՝ Խաչիկ, Թադևոս անուններով, մեկը 12, մյուսը 10 տարեկան վերցրել ու փախել, փրկվել․․․ Տատս 60-ականներին է մահացել, մինչև մահանալն ապրում էր Գյումրու «Ձորի մայլա» թաղամասում, դառը պատմություններ միշտ լսել ենք նրանից։
ԻՆձ Հերհերի ձոր է բերել գլխատված պապիս վրեժը, ես բացառում եմ թուրքերի հետ հարաբերությունները, նրանք երբեք չեն փոխվի, մենք վրեժ լուծող մարդիկ ենք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ