Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը ցինիկ քաղաքական քայլ է. Foreign Policy

Ապրիլ 24,2019 16:48

Ծիծեռնակաբերդի բարձունքով քայլելիս, որտեղից տեսարան է բացվում մայրաքաղաք Երևանի վրա, կարելի է տեսնել հստակ նմանություն Երուսաղեմի հետ: Տեսարանը հիշեցնում է Յադ Վաշեմից՝ Իսրայելի գլխավոր հուշահամալիրից բացվող պատկերը, ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականում գրում է հրեա լրագրող Յոսսի Մելմանը:

Ծիծեռնակաբերդում է գտնվում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում խոշտանգումների, ձերբակալությունների և դեպի Սիրիայի անապատ տեղահանությունների հետևանքով զոհված 1.5 մլն հայերի հիշատակին նվիրված կենտրոնական հուշարձանը:

144 ոտնաչափ բարձրությամբ հուշարձանը խորհրդանշում է վերածնունդ: Շրջանաձև դասավորված տասներկու սյուները խորհրդանշում են ներկայիս Թուրքիայում գտնվող հայերի պատմական հայրենիքի տարածքները, իսկ շրջանի կենտրոնում անմար կրակն է՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներին, մեկնաբանում է հոդվածագիրը:

Պատերազմից հետո՝ կարճատև կյանք ունեցած առաջին հայկական հանրապետության ժամանակ, կամավորների կողմից իրականացվեց «Նեմեսիս» օպերացիան: Դրա նպատակն էր սեփական ժողովրդի մահվան համար վրեժ լուծել թուրք նախարարներից և գեներալներից, որոնք պատասխանատու էին Ցեղասպանության համար: Սպանվածների թվում էին «երեք փաշաներ», պատերազմի նախարար Իսմայիլ Էնվերը, ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթը, և ծովային նախարար Ահմեդ Ջեմալը:

Դրանից մոտ 20 տարի անց՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, «Վրիժառուներ» կոչվող մարտիկները նույնպես որոշեցին վրեժխնդիր լինել և մշակել Հոլոքոստի ընթացքում հրեաների սպանությունների պատասխանատու գերմանացի սպաների սպանությունները: Նրանք ծրագրել էին թունավորել Գերմանիայի խմելու ջուրը և հացատները (տասնյակ գերմանացիներ սպանվեցին, սակայն թունավորելու ծրագիրը ձախողվեց):

Չնայած ցեղասպանության ընդհանուր անցյալին՝ Իսրայելն ու Հայաստանը այսօր աշխարհի տարբեր կողմերում են, շարունակում է հոդվածագիրը:

Իսրայելը հետևողականորեն հրաժարվում է հայ ժողովրդի հետ կատարվածը ճանաչել ցեղասպանություն: Այս որոշումը պայմանավորված է ոչ այնքան Հոլոքոստը՝ որպես եզակի պատմական իրադարձություն ներկայացնելու ցանկությամբ: Դա պարզապես ցինիկ քաղաքական քայլ է:

Տարիներ շարունակ Իսրայելը վախենում է Թուրքիայի ցասումից, որը կարող է առաջանալ ցեղասպանությունը ճանաչելու պարագայում: 1950-ական թթ-ից Թուրքիան եղել է հրեական պետության հզոր ռազմավարական դաշնակիցը՝ մուսուլմանական աշխարհում նրա միակ բարեկամը: Սերտ կապեր են եղել երկու ժողովուրդների հետախուզական և անվտանգության հաստատությունների միջև, իսկ Թուրքիան կարևոր և եկամտաբեր շուկա էր իսրայելական զենքի համար: Երբ իսրայելցի խորհրդարանականները, իրավապաշտպանները և պատմաբանները կոչ էին անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդ նախաձեռնությունն արգելափակվեց կառավարության կողմից: Անկախ իրենց գաղափարախոսությունից ու քաղաքական կողմնորոշումներից` Իսրայելի բոլոր կառավարությունները գիտեն, որ քաղաքականության ցանկացած փոփոխություն կարող է զայրացնել Թուրքիային և ռիսկի տակ դնել սպառազինությունների վաճառքը, ուստի նրանք տնտեսական շահը վեր են դասում համամարդկային արժեքներից: Որպես արդյունք՝ նրանք համաձայնել են ցեղասպանությունը նկարագրել որպես «ողբերգություն»:

Բայց վերջին տասնամյակում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները վատթարացել են: Զենքի վաճառքը դադարեցվել է, սահմանափակվել է նաև ընդհանուր թշնամու՝ Սիրիայի դեմ գաղտնի հետախուզական համագործակցությունը: Այսօր թուրք-իսրայելական քաղաքական ու ռազմական հարաբերութունները չափազանց վատ են. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա որդին՝ Յաիրը, Twitter- ում Էրդողանի հետ պարբերաբար խայթոցներով են փոխանակվում՝ միմյանց անվանելով «մարդասպան», «բռնապետ» և այլն:

Այնուամենայնիվ, Իսրայելը շարունակում է հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության ժխտողականությանը: Այս օրերին կա նոր պատճառ՝ Ադրբեջանը, որը 1991-1994 թթ.տարածքներ է զիջել Հայաստանին, գրում է հոդվածագիրը: Իր ռազմական ուժերն ամրապնդելու համար Ադրբեջանը դիմել է Իսրայելին, որն ուրախությամբ համաձայնել է դուրս գալ Իրանի հարևանությամբ գտնվող նոր և խոստումնալից շուկայում: Սկզբում այդ կապերը գաղտնի էին: Իսրայելի զինվորական գրաքննությունը ճնշում էր դրանց մասին մանրամասներ հրապարակելու տեղական մամուլի բոլոր ջանքերը:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը մեծապես քննադատվում է կոռուպցիայի, իշխանության չարաշահման և մարդու իրավունքների խախտումների համար, բացահայտեց գաղտնիքը: 2016թ. դեկտեմբերին Նեթանյահուին հյուրընկալելու ժամանակ նա հայտարարեց, որ իր երկիրը 5 մլրդ դոլար արժողությամբ իսրայելական զենք է ձեռք բերել: Որոշակի առումով Ադրբեջանը փոխարինեց Թուրքիային՝ որպես Իսրայելի ռազմատեխնիկայի շուկա:

Փոխարենը, Ադրբեջանը նավթ է վաճառում Իսրայելին և թույլ է տալիս իսրայելական հետախուզական գործակալություններին իր տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար: Այժմ իր 5-րդ ժամկետում պաշտոնավարող Նեթանյահուն վախենում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ Իսրայելը կկորցնի ադրբեջանական շուկան, իսկ Ալիևը, որը նաև Էրդողանի լավ բարեկամն է, վերջ կտա իր երկրում Իսրայելի հետախուզական ներկայությանը:

Նեթանյահուի աջակողմյան կառավարությունն այժմ ավելի հեռուն է գնում: Անշուշտ, Իսրայելի դիվանագիտական և տնտեսական դիրքերը բարելավելու համար Նեթանյահուն իր կառավարությունը կապել է Հունգարիայի և Չեխիայի աջակողմյան պոպուլիստական կառավարությունների հետ`անտեսելով այն փաստը, որ նրանք աջակցություն են ստանում հակասեմական ազգայնականների կողմից: Երբ Արևմտյան Եվրոպայի ժողովրդավարություններում հակասեմականության որևէ միջադեպ է լինում, անգամ աննշան, վարչապետները կոչ են անում Եվրամիության կառավարություններին քայլեր ձեռնարկել մեղավորների դեմ: Սակայն նրանք հիմնականում լռում են, երբ նմանատիպ դեպքեր տեղի են ունենում Դոնալդ Թրամփի Ամերիկայում կամ Արևելյան Եվրոպայի երկրներում, ինչպես օրինակ, Վիկտոր Օրբանի Հունգարիայում:

Ժամանակն է, որ Իսրայելը դադարեցնի իր խուսափողական հռետորաբանությունը Հայաստանի մասին: Ցեղասպանությունը ցեղասպանություն է: Իսրայելի բարոյական պարտավորությունն է մարդկության հանդեպ և ի հիշատակ Հոլոքոստի ընթացքում սպանված 6 միլիոն հրեաների, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես ճանաչել է Ռուանդայի ցեղասպանությունը, եզրափակում է հոդվածագիրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930