Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է մարդասիրական ճանապարհով գնալը, քան ասել, որ թուրքերը վատն են, մեզ կոտորել են». Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 24,2019 16:28

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ապրիլի 24-ին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը հայտարարեցին «Ավրորա» մրցանակի հերոսների անունները:

Նրանք են Միրզա Դինային, Զանա Բուկար Մուստաֆան, Հուդա Ալ-Սարարին:

«Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 20-ին: Նուբար Աֆեյանը տեղեկացրեց՝ այս տարի հոկտեմբերի 14-21-ը ՀՀ-ում կանցկացվի «Ավրորայի» առաջին ֆորումը, որի ընթացքում տեղի կունենա նաև «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը:

Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրին «Ավրորա» մրցանակի հերոսների գործունեությունը:

Զանա Բուկար Մուստաֆան փաստաբան է: Նա հիմնադրել է նաև դպրոցներ, որոնք կրթական առողջապահական ծառայություններ են տրամադրել Նիգերիայի՝ կարիքի մեջ գտնվող երիտասարդներին և երեխաներին: 2016-ին նա բանակցել է ահաբեկչական կազմակերպության հետ և օգնել ազատ արձակել հարյուրից ավելի երեխաների՝ մասնավորապես աղջիկների:

Միրզա Դինային օգնում է Իրաքում տուժված եզդիներին. նրանց օդային ճանապարհով տեղափոխում է Գերմանիա՝ տալով բժշկական օգնություն: Նա նաև օգնել է իսլամական պետության տարածքներից դուրս բերել հարյուրավոր կանանց:

Հուդա Ալ-Սարարին փաստաբան է, մարդու իրավունքների ակտիվիստ: Նա հետաքննել և բացահայտել է Եմենում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանց, որտեղ կամայականորեն անազատության մեջ են պահում, խոշտանգում հազարավոր տղամարդկանց: Նա այս ապացույցներն ուղարկել է միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունների՝ բարձրաձայնելով Եմենում մարդու իրավունքների ոտնահարման մասին: Չնայած բազում սպառնալիքների՝ նա շարունակում է իր իրավապաշտպան գործունեությունը:

Ռուբեն Վարդանյանը տեղեկացրեց՝ այս տարի մրցանակաբաշխությանը եղել են 719 առաջադրումներ 72 երկրներից: Նուբար Աֆեյանի տեղեկացմամբ՝ «Ավրորայի» դափնեկրին տրվում է հնարավորություն մարդասիրության շղթան շարունակել մեկ միլիոն դոլարի շրջանակում:

Դառնալով այն հարցին, թե արդյոք Ջորջ Քլունին հոկտեմբերին այցելելո՞ւ է Հայաստան, Նուբար Աֆեյանն ասաց, որ դեռ որոշված չէ, թե ովքեր են գալու: Հարցին՝ որո՞նք են «Ավրորա» մրցանակաբաշխության արդյունքները ծրագրերի տեսքով, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Աշխարհի 15 երկրներում 23 ծրագրեր են իրականացվում այդ գումարներով և դրանց 75 տոկոսը կրթության և առողջապահության հետ է կապված, որոնք թույլ են տվել մի քանի հարյուր հազար մարդկանց օգնություն ստանալ»:

Մյուս հարցին՝ ո՞րն է «Ավրորայի» միջազգայնացման ֆենոմենը, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Մարդիկ զգացին այդ պահանջը, մոտեցումը, որ մենք ցուցաբերեցինք: Եվ դա ոչ թե հարուստ ազգ է, որ օգնում է ուրիշներին, այլ վերականգնման դժվար ճանապարհ անցնող ազգ: Մենք ունենք երեք հարյուր հազար հոգի, որոնք նայում են մեր ակտիվությանը, և նրանց մեծամասնությունը հայ չեն: Ունենք 137 բարեկամ դեսպաններ, որոնց մեծամասնությունը ևս հայ չեն: Ու սա նշանակում է, որ թեև մրցանակաբաշխության խորքում հայկական սերն է, բայց դա արդեն ոչ հայկական ծրագիր է դարձել»:

Հարցին՝ ի՞նչ կարող է «Ավրորան» անել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, Նուբար Աֆեյանը պատասխանեց. «Մենք քաղաքական նպատակ չունենք, սա անձնական նպատակ է: Արդեն այդ ճանաչումն աշխարհն ունեցել է, ունենալու և զգալու է: Մենք մեր այս գործը նվիրում ենք աշխարհին, ոչ թե հայերին, քանի որ Հայոց ցեղասպանության ժամանակ հայերին ազատողների մեծամասնությունը հայեր չէին»:

Ռուբեն Վարդանյանի ձևակերպմամբ՝ ավելի լավ է մարդասիրական ճանապարհով գնալը, քան ասել, որ թուրքերը վատն են, մեզ կոտորել են: Նա շեշտեց՝ առաջին անգամ մենք տալիս ենք, ոչ թե պահանջում:

Լրագրողները Ռուբեն Վարդանյանին հիշեցրին նաև, որ իր անունը փողերի լվացման հետ է կապվում ու հարցրին՝ արդյոք իրավապահ մարմիններն իրեն հրավիրե՞լ են հարցաքննության: Ասուլիսը վարողը լրագրողին հորդորեց թեմայի վերաբերյալ հարցեր տալ, սակայն լրագրողը խնդեց, որ Ռուբեն Վարդանյանն անդրադառնա: Ռուբեն Վարդանյանն արձագանքեց. «Ես զարմացած եմ, որ Դուք շարունակում եք պնդել այդ հարցը: Հայրս ասում էր, եթե լավ բան ես անում, պատրաստ եղիր, որ վատություն պետք է ստանաս: Վստահ եմ, որ «Ավրորայի» շուրջ շատ մարդկանց մոտ բացասական զգացմունքներ են առաջանում, և ոչ բոլորն են ուրախ: Եվ կարդացել եք՝ 81 հոդվածում նշվել է իմ հայ ծագումը: Եվ դուք գիտեք, որ մեր հարևան երկիրը պահանջում է, որ դա կոչվի «հայկական լվացքատուն», և ինձ թվում է՝ այն, ինչ անում եք, ջուր եք լցնում նրանց ջրաղացին: Իմ ծնողներն ինձ սովորեցրել են գործ անել: Ես միշտ ապրել եմ պարզ ու բաց և ինչ գումար աշխատել եմ, գնացել է բարեգործությանը: Այդ առումով պարզ ու հստակ նայում եմ ձեր աչքերին: Եթե ինչ-որ մարմիններ ցանկանան ինձ հետ խորհրդակցել, ես բաց կլինեմ: 137 դեսպան ունենք «Ավրորայում», բայց ոչ մեկը չի հրաժարվել: Դա վկայում է այն մասին, որ մեր գործը շարունակում է առաջ գնալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930