Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնացածը փորձում են տարբեր շորեր հագնել, ես գիտեմ իմ շորերը». Դավիթ Սանասարյանը՝ իր հասցեին շրջանառվող լուրերի մասին

Ապրիլ 24,2019 15:38

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանն այսօր Ծիծեռնակաբերդ էր եկել վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ: Նա ասաց, որ երբեւիցե կենացներով ու հայհոյելով պատմական արդարության չեն հասնում. «Նոր Հայաստանի իշխանությունները, բոլորս պետք է հասկանանք՝ այն, ինչ եղավ ավելի քան 100 տարի առաջ, դրա պատասխանը ուժեղ պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն ունենալն է եւ ոչ այն հայհոյանքները, որոնցով շատերն ուզում են ինքնահաստատվել»:

Ցեղասպանության ճանաչման մասին խոսելիս՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Ինձ համար կարեւոր է, որ ՀՀ քաղաքացու իրավունքը ճանաչվի սեփական երկրում, որ ՀՀ քաղաքացին վստահ զգա իր սեփական երկրում, որ ՀՀ-ում բոլորը լինեն հավասար, արտոնյալներ չլինեն: Հեղափոխությունից հետո այդ քաղաքականությունը տարվել է: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, կարծում եմ, բալանսավորված արտաքին քաղաքականություն է տարվել իշխանությունների կողմից»:

Հարցին՝ որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը՝ նա պատասխանեց. «Ես շարունակելու եմ ապրել Հայաստանում, պայքարել հանուն ուժեղ Հայաստանի եւ որեւիցե անգամ չեմ մտածելու այլ երկրներում գտնել իմ հանգիստը»:

Հարցին՝ ձեր կուսակից գործընկերներն ասում են, որ եթե մեղադրանքն արդարացված չլիներ՝ գործ չէր հարուցվի, ինչպե՞ս կարձագանքեք՝ նա պատասխանեց. «Ես իմ հասուն տարիքում պայքարել եմ, որ ամեն մեկը կարողանա իր կարծիքն արտահայտի»:

Հարցին՝ դուք վստահեցնո՞ւմ եք, որ քրգործի ավարտին պարզվելու է, որ դուք որեւէ կապ չունեք դրա հետ՝ Սանասարյանը պատասխանեց. «Ես վստահեցնում եմ, որ ՀՀ-ն լինելու է շատ ուժեղ, մեր հանրապետության հետ այլ երկրները ոտք են գցելու հավասարը հավասարի եւ ՀՀ-ն լինելու է բոլոր հայերի հայրենիքը»:

Հաշվի առնելով Սանասարյանի հայտնի խոսքը՝ «սիրում եմ բոլորիդ», մենք հետաքրքրվեցինք՝ դուք շարունակելո՞ւ եք սիրել բոլորին, թե՞ այնուամենայնիվ, որոշներին չէ՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ես պայմաններով չեմ սիրում, ես մարդուն եմ սիրում»:

Շաբաթ օրը Սանասարյանը կառավարական առանձնատանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հարցին, թե ի՞նչ եք խոսել՝ նա պատասխանեց, որ չի ուզում խոսել այդ մասին: Երբ հարցրեցին՝ հնարավո՞ր է զղջաք, որ հեղափոխություն արեցիք՝ Սանասարյանը պատասխանեց. «Ես երբեւիցե պաշտոնի համար որեւիցե գործողություն չեմ արել ու սրանից հետո էլ պաշտոնի համար որեւիցե գործողություն չեմ անի»:

Տեսակետներ կան, որ Դավիթ Սանասարյանը հակառուսական է եւ նաեւ դա իր ազդեցությունն ունի այսօրվա գործի վրա՝ Սանասարյանը պատասխանեց, որ ինքը հակառուսական չէ ու որեւէ ազգի հակա չէ. «Տարբեր երկրների իշխանություններ, ովքեր ՀՀ շահը չընդունեն, ես նրանց ասելիք ունեմ: Մնացածը փորձում են տարբեր շորեր հագնել, ես գիտեմ իմ շորերը»:

Հարցին՝ ձեր կողմնակիցները հայտարարում են, որ եթե ձեր անմեղությունը ապացուցվի, ապա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական տա, դուք համամի՞տ եք դրան՝ նա պատասխանեց. «Ես կարծում եմ, նրանք ոչ թե իմ կողմնակիցներն են, այլ ՀՀ-ում արդարության կողմնակիցները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930