Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսեց իրեն պատկանող ցեմենտի գործարանի խնդրից: նա ասաց, որ զուր են իր հասցեին լուրեր տարածում, թե շահերի բախում կա: Իր խոսքով՝ «Ծառուկյանը դոշ չի ծեծում», միայն իր աշխատողների, երկրի համար է պայքարում. «Էն էլ է ինձ ձեռ տալիս, էն էլ: Ես իմ ժողովրդի համար, որ կանգնել են անձրեւի տակ, ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, կարայի չգայի, բայց եկել եմ, ես ձեր կողքին եմ: Հիմա ուզում են խառնեն, ալիքներ պղտորեն: Մարդը, եթե մատը մատին չի տվել, մի հատ ծառ չի տնկել, էսօր խոսում է ներդրումից: Մեր ազգը աշխատող ազգ է, էսօր մնացել ենք 2 մլն, որ մի հատ մեծ կոլեկտիվ է: Կարելի է 3 ամսում ռելսերի վրա դնել, լիարժեք ամեն ոլորտ էլ արդյունավետ լինի»:
Նա ասաց, որ Ծառուկյանը սպորտը վերցրել է ու ահա տեսնում ենք արդյունքները՝ «մեդալներ ենք բերում»: Հարցին՝ այսքան տարի բիզնեսով եք զբաղվում, չի՞ հաջողվել ձեր տիրապետած ոլորտը գոնե ռելսերի վրա դնեք, տնտեսություն զարգացնեք՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ես ինչ ոլորտ վերցրել եմ, բոլորն էլ ռելսերի վրա են, ծաղկացրել եմ, էսօր ամենաբարձունքի վրա ենք կանգնած»:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ բոլորն ուզում են, որ իրենց ու իշխանությունների հարաբերությունները վատանան, բայց չի լինելու նման բան:
Հարցին՝ Փաշինյանի հետ հանդիպմանը ի՞նչ եք քննարկել, բացի ցեմենտի խնդրից՝ Ծառուկյանը պատասխանեց. «Վարչապետին պետք է խնդիրը ճիշտ ներկայացնել, ճիշտ չներկայացնողները պատասխան են տալու: Էսօր հիմնական խնդիրը՝ վարչապետը ներքին, արտաքին, սոցիալական, պետք է ներկայացնեն, որ երկիրը հզորանա»: Նա ասաց, որ ըստ ոլորտների, ով պատասխանատու է ու արդյունք չի ապահովում, վարչապետը պետք է թողնի, որ մի տարի աշխատեն ու փոխի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ