Միրզա Դինայի, Զանա Բուկար Մուստաֆա, Հուդա Ալ-Սարարի. այս մարդիկ «Ավրորա» մրցանակի հերոսներն են:
Քիչ առաջ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը հայտարարեցին նրանց անունները: Նուբար Աֆեյանն ասաց, որ ընտրությունը դժվար է եղել: Այնուհետև նշեց. «2016-ին հայտնի դարձավ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը: Դրան հաջորդող տարվանից մենք ձևավորեցինք ավանդույթ «Ավրորայի» հերոսների անունները հնչեցնել հենց ապրիլի 24-ին: Մեր քաղաքակրթության մշակութային ժառանգության պահպանման այս կենտրոնը դարձավ մեզ համար կարևոր ավանդույթ և իմաստալից քայլ»:
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը հայտարարեց՝ Մատենադարանի համար այս սյուների տակ միշտ հաճելի է այսպիսի իսկապես մարդասիրական մեծ գործի ընդունող և մասնակից լինել: Հետո էլ հիշեց 5-րդ դարի պատմիչ Եղիշեի խոսքերը. «Պատմիչն ասում է , որ մարդկության բոլոր դժբախտությունները գալիս են տգիտությունից, անուսումությունից: Կարող ենք հակառակն ասել՝ բոլոր լավ բաները՝ բարությունը, մարդասիրությունը, մեծահոգությունը ծնվում են գիտելիքից ու իմաստնությունից»:
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյանը տեղեկացրեց, որ Մատենադարանում՝ Մատյան մարդասիրաց գրքում այսուհետ գրանցվելու են «Ավրորայի» բոլոր հերոսներն ու դափնեկիրները. «Մենք փորձել ենք պահպանել մի կողմից հայ պատմական ոճը և մշակույթը, մյուս կողմից նոր մոտեցում գեներացնել»:
Նշենք՝ «Ավրորայի» հերոս Միրզա Դինայի «Լուֆթբրուq Իրաք»՝ «Օդային կամուրջ Իրաք» մարդասիրական կազմակերպության համահիմնադիրն է և ղեկավարը: Զանա Բուկար Մուստաֆան փաստաբան է՝ «Ֆյուչեր փրաուես» իսլամական հիմնադրամի հիմնադիրը, ղեկավարը: Հուդա Ալ-Սարարին փաստաբան է, մարդու իրավունքների ակտիվիստ: Նա հետաքննել և բացահայտել է Եմենում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանց, որտեղ կամայականորեն անազատության մեջ են պահում, խոշտանգում հազարավոր տղամարդկանց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ