«Որեւէ փաստաթուղթ այս պահին, այսօր մենք չենք քննարկում: Այն, ինչ արտահայտել ենք հայտարարության մեջ, դա է մեր դիրքորոշումը»,- այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Արցախի հարցի բանակցություններում «Լավրովի պլանի» վերակենդանացման մասին հարցին:
Մոսկվայում կայացած ՌԴ արտգործնախարարի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ իր եւ Զոհրաբ Մնացականյանի հաջորդ հանդիպումը կայանալու է մայիսի կեսերին, Վաշինգթոնում: Լրագրողների հարցերին՝ երբ եւ ինչու հենց Վաշինգթոնում պետք է կայանա Մամեդյարով-Մնացականյան հաջորդ հանդիպումը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ հաջորդ հանդիպման մասին հստակ տեղեկություններ տալ չի կարող, քանի որ ընդամենը քննարկումներ են եղել հաջորդ հանդիպման ժամկետների եւ այլնի հետ կապված: Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ քննարկումները նաեւ համանախագահների հետ է, քննարկվում են ժամկետների ու հանդիպման վայրի մասին տարբեր տարբերակներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ