Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատ Ճաղարյան. Ֆուտբոլի ֆեդերացիայի նորելուկ ղեկավարները փորձում են ֆուտբոլային աշխարհում իշխանություն բանեցնել իրենց հայտարարությամբ. «Փաստ»

Ապրիլ 24,2019 13:26

Հայաստանի ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցավ աննախադեպ երևույթ, որը մի շարք խորքային խնդիրներ է բացահայտում: Գավաթի կիսաեզրափակչի «Բանանց»-«Լոռի» պատասխան հանդիպումն այդպես էլ չկայացավ: «Բանանցի» սեփականատեր Ջևան Չելոյանցը բարձրախոսով հայտնեց, որ խաղը չի կայանալու և իր թիմին տարավ հանդերձարան: Դրան հաջորդեց ֆուտբոլի ֆեդերացիայի կոշտ հայտարարությունը: Սակայն ուշագրավ էր, որ ՀՖՖ հայտարարության մեջ խոսվում էր մրցավարության մասին, այնինչ այդ թեմայով «Բանանցը» որևէ հայտարարություն չէր արել: Սա ինքնին նշանակում էր, որ ֆեդերացիայում հստակ հասկանում էին, թե ինչը կարող էր պատճառ լինել: Այդ դեպքում, ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչու էին ֆեդերացիայում որոշել նշանակել հենց այդ մրցավարին:

Բանն այն է, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության՝ մարտի 31-ին կայացած «Բանանց»-«Փյունիկ» խաղի մրցավարությունից լուրջ դժգոհություններ կային, այդ թվում՝ անկախ մասնագետների կողմից: Ավելին, «Բանանցը» 9 կետից բաղկացած առարկություն էր ներկայացրել ՀՖՖ, ինչին «ոտքի վրա» պատասխանել էր ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը: Պատասխաններն անհամեմատ վիճելի էին, քան բուն մրցավարությունը: Սակայն սա դեռ ամենը չէ: Փաստորեն այս աղմուկից ընդամենը 20 օր անց նույն «Բանանցի» մասնակցությամբ չափազանց պատասխանատու կիսաեզրափակիչ խաղում ֆեդերացիան որոշում է նշանակել… նույն մրցավարին: Սա առնվազն տարօրինակ է, եթե չասենք ավելին:

Եթե խնդիրը ֆեդերացիայում չեն հասկացել, վատ է, եթե հասկացել, բայց դիտավորություն են արել, անհամեմատ վատ է: Այս կարծիքին է ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանը, որը «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար ասաց. «Իմ գնահատմամբ, նույն մրցավարին «Բանանցի» համար այդպիսի պատասխանատու խաղին նշանակելը առնվազն սխալ էր: Եթե կար մրցավարին նշանակելու խնդիր, ապա ոչինչ չէր խանգարում այդ մրցավարին նշանակել մյուս կիսաեզրափակիչ խաղում, այսինքն՝ տեղերով փոխել: Կա երկու տարբերակ. կամ համապատասխան պաշտոնյաներն առանց հասկանալու են մրցավարին նշանակել, կամ էլ սադրանք ենք հրահրել «Բանանց» ֆուտբոլային ակումբի դեմ: Երկու դեպքում էլ դա մնում է պաշտոնյաների խղճին: Համենայն դեպս, սա տհաճ սկանդալ է»:

Արարատ Ճաղարյանն անդրադառնում է նաև խաղից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարությանը: «Խաղից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունից նեխահոտ էր փչում՝ «իշխանությունը մերն է, ոչ ոք իրավունք չունի ֆեդերացիայի հետ այդ լեզվով խոսել»: Ֆուտբոլի ֆեդերացիայի նորելուկ ղեկավարները, ֆեդերացիայի նախագահի հեղինակությունն ու դիրքն օգտագործելով, փորձում են ֆուտբոլային աշխարհում իշխանություն բանեցնել իրենց հայտարարությամբ: Սա հայկական ֆուտբոլը ոչ մի լավ տեղ չի տանի: Ըստ իս, ակումբների հետ պետք է լինեն ոչ թե իշխանատենչության, վերադաս-ստորադաս, այլ գործընկերային հարաբերություններ՝ երկկողմանի հարգանքի և կանոնադրությունների հիման վրա: Ինքնահաստատվելու խնդիրները պետք է լուծել սեփական անձով, ոչ թե այլ անձանց հեղինակությունն ու դիրքն օգտագործելով: Ասենք թե, հիմա Չելոյանցն էլ հիասթափվեց, հեռացավ, նրա օրինակով հիասթափվեցին ու հեռացան այլոք, ի՞նչ է շահելու հայկական ֆուտբոլը», եզրափակում է Արարատ Ճաղարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930