ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը եւ հայտարարել, որ մինչեւ հիմա այդ թեմայի շուրջ հանրային դիսկուրս չի եղել։ Այսինքն՝ հայ ժողովուրդը չի ձեւավորել իր պատկերացումները վերջնական նպատակի վերաբերյալ եւ ՀՀ վարչապետին հստակ հանձնարարական չի տվել՝ «գնա եւ հարցը լուծիր այնպես, որ այդ նպատակին հասնենք»։ Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ իսկապես էլ՝ եթե հանրության կողմից կարգավորման գործընթացի վերջնանպատակը հստակեցված չէ, բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի դիրքորոշումների «ճիշտ» կամ «սխալ» լինելու շուրջ խոսակցություններն անիմաստ են դառնում։ Ի՞նչ իմաստ ունի քննարկելը՝ ճի՞շտ ճանապարհով ես գնում, թե սխալ, եթե որոշված չէ, թե ուր ես ուզում հասնել։
Բայց այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարեւոր հանգամանքներ։ Նախ՝ իշխանություններին կոնկրետ հանձնարարություն տալը չարժե հասկանալ բառիս բուն իմաստով եւ ենթադրել, որ, ասենք, պիտի այդ հարցով հանրաքվե անցկացվի, եւ վարչապետն էլ պիտի հանրաքվեի արդյունքները դնի բանակցությունների սեղանին ու մի կողմ քաշվի։
Երկրորդ՝ ակնհայտ է, որ արցախյան խնդրի կարգավորման վերջնանպատակի վերաբերյալ հասարակության մեջ տարբեր կարծիքներ են լինելու, միասնական դիրքորոշումն անհնար է լինելու, եւ ցանկացած դեպքում քաղաքական շահարկումներն ու անգամ ցնցումներն անխուսափելի են լինելու։
Եվ երրորդ՝ այս թեմայի շուրջ հանրային դիսկուրսն ընդհանրապես անիմաստ է, եթե նույնպիսի քննարկումներ տեղի չեն ունենում նաեւ Ադրբեջանում, եւ Ադրբեջանի հասարակությունն ինքն իր համար չի հստակեցնում՝ ո՞րն է ի վերջո ի՛ր նպատակը։ Նրանք միայն «գրավյալ տարածքնե՞րն» են ուզում, նաեւ Արցա՞խը, թե՞ «Էրիվանն» էլ հետը։ Կամ համաձա՞յն են ապրել հավերժ թշնամանքի մեջ՝ անընդհատ անիմաստ զոհեր տալով շփման գծում ու մշտապես գտնվելով կարեւորագույն ենթակառուցվածքների ոչնչացման սպառնալիքի տակ։ Եվ ի՞նչ են նրանք պատվիրակում իրենց նախագահին, գնալ եւ բանակցությունների սեղանի շուրջ սպառնալիքնե՞ր հնչեցնել՝ հույս ունենալով, որ մի օր դա օգուտ կտա։ Կամ միջազգային հանրությունից «պատերազմի իրավո՞ւնք» ստանալ։ Բայց հետեւանքները կործանարար կլինեն առաջին հերթին հենց Ադրբեջանի համար։ Նրանք համաձա՞յն են այդպիսի ռիսկի դիմել։
Կարդացեք նաև
Այո, նման հանրային դիսկուրս չի եղել նաեւ Ադրբեջանում, եւ այս իմաստով Նիկոլ Փաշինյանի ուղերձը երեւի նաեւ Ադրբեջանի հասարակությանն էր ուղղված։ Որովհետեւ առանց երկու ժողովուրդների կողմից վերջնանպատակի հստակեցման՝ բանակցային գործընթացն արդյունավետ լինել չի կարող։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում