Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավստրալիայի վարչապետի ձևակերպումը Ցեղասպանության մասին վիրավորել է տեղի հայ համայնքին

Ապրիլ 24,2019 13:04

Ավստրալիայի առաջատար 2GB Radio ռադիոալիքի հաղորդավար Ալան Ջոնսը և Sydney Morning Herald պարբերականի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին առաջ են բերել ավստրալիական լրատվամիջոցների կտրուկ արձագանքը այդ հարցում երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնի դիրքորոշման փոփոխության նկատմամբ, ինչը ընկալվում է որպես ակնհայտ ընդառաջում Թուրքիայի կողմից ճնշումներին:

Ապրիլի 24-ի իր ելույթում՝ Ցեղասպանության 104-րդ տարելիցին, դիմելով ավստրալահայ համայնքին՝ Մորիսոնը այն ձևակերպել էր որպես «սարսափելի իրադարձություն, որը պատահել է հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրության ավարտին»:

Մինչդեռ 2011թ. մայիսի 26-ին խորհրդարանում իր ելույթում դեռ ընդդիմադիր Մորիսոնն ասել էր. «Այսօր որպես խորհրդարանի անդամ, ես այստեղ միանում եմ մյուսներին և ամբողջ աշխարհի խորհրդարաններին՝ հայտարարելով, որ ես հավատում եմ, որ Հայոց ցեղասպանությունը ամենամեծ հանցագործությունն է մարդկության դեմ»:

Մորիսոնի վերջին հայտարարությունից հետո Sydney Morning Herald պարբերականում լույս է տեսել «Հայ առաջնորդները Սքոթ Մորիսոնի հայտարարություն համարում են «վիրավորական հետընթաց» ցեղասպանության հարցում» վերտառությամբ հոդված:

«Թուրքիայի կառավարությունը հերքում է «ցեղասպանություն» եզրը՝ չնայած պատմաբանների և գիտնականների կողմից դրա լայնատարած ճանաչմանը… մի քանի լիբերալ պատգամավորներ մղել են փոխելու Ավստրալիայի կառավարության, այդ թվում Թրենթ Ցիմերմանի դիրքորոշումը, որի ընտրազանգվածը ներառում է հայկական խոշոր համայնքը»,- ասվում է հոդվածում:

Ալան Ջոնսը, որը ավստրալական ռադիոյի ամենահեղինակավոր հաղորդավարներից է, 2019թ. ապրիլի 24-ի իր հաղորդումն ամբողջությամբ նվիրել է Հայոց ցեղասպանությանը:

Հյուրընկալվելով Ալան Ջոնսի Breakfast Program հաղորդմանը՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնաժողովի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանն ասել է, որ իրենք վարչապետից որևէ ծայրահեղական բան չեն պահանջում, պարզապես խնդրում են նրան ասել այն, ինչին հավատում է:

«Այնուամենայնիվ, թուրքական ազդեցության շոշափելիքներն այնքան ուժեղ են Արտաքին քաղաքականության և առևտրի դեպարտամենտի բյուրոկրատական միջանցքներում, որ Սքոթ Մորիսոնի համար նրանց պատրաստած ելույթը ամբողջությամբ ջախջախեց մեզ և հիասթափեցրեց մեր համայնքին»,- ասել է նա:

Իր հերթին Ջոնսն ասել է. «Էրդողանն արժանի չէ դրան: Աշխարհում չպետք է թույլ տան այդ տղային որևէ ձևով ազդել Ավստրալիայի քաղաքականության վրա կամ թե ինչ պետք է մենք ասենք: Մենք չպետք է երես տանք նրան: Եղել է ցեղասպանություն, և հայ ժողովուրդն իրավունք ունի հարգալից հիշատակի արժանանալու»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930