ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի քրեական գործով օբյեկտիվ քննություն է ընթանալու: «Մի վայրկյան չկասկածեք, միանգամայն օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն է լինելու»,- Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հիշատակի խնկարկման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազը՝ հավելելով, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար առկա փաստական տվյալները բավարար էին:
Նա վստահեցրեց, որ բոլոր փաստերը ստուգվելու են «լրիվ օբյեկտիվ եւ բազմակողմանի»: Դատախազը նաեւ ասաց, որ նոր են ստացել Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը՝ հարուցված քրեական գործը ԱԱԾ-ի վարույթից ՀՔԾ-ի վարույթ տեղափոխելու վերաբերյալ եւ տեղեկացրեց, որ միջնորդությունում առկա են տեղեկություններ, որոնք քննությամբ պետք է ստուգվեն եւ կստուգվեն:
Լրագրողներից մեկը նկատեց՝ նաեւ տեսակետ կա, որ նախկին պրակտիկայի համաձայն՝ Դավիթ Սանասարյանի գործով «գործ է սարքվում»: Դատախազը պատասխանեց, թե որ պահից նման ռիսկ կամ տեղեկատվություն լինի, նախաքննական տվյալ մարմնից վարույթը կվերցվի:
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ գործ էր հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ