Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների երկու դիմումները

Ապրիլ 24,2019 12:42

Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի ՍԴ դատարանի դատավորի թեկնածուներ Գոռ Հովհաննիսյանի եւ Վահե Գրիգորյանի մասին, արդյոք նրանք ՍԴ դատավորի արժանի թեկնածուներ էին: Հիշեցնենք՝ երկու թեկնածություններն էլ խորհրդարանը չհաստատեց: Հրայր Թովմասյանն ասաց, որ ՍԴ նախագահի խնդիրը չէ գնահատել դատավորի թեկնածուներին, դա խորհրդարանի որոշելիք հարցն է: Բայց իբրեւ մասնագետների ինքը բարձր է գնահատում երկու թեկնածուների մասնագիտական կարողությունները:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ փուլում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ ներկայացրած դիմումները: «Ընթացքի մեջ է»,- պատասխանեց Հրայր Թովմասյանը: ՍԴ նախագահն ասաց, որ ներկայացրած 3 դիմումներից 2-ը մերժվել են, քանզի այլ դատարանների հնարավորությունները սպառված չեն եղել եւ ՍԴ դիմելու առիթը չի եղել:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ ինչ է մտածում Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունների մասին, որ ինքը քաղհալածյալ է կամ, առհասարակ, իր կարծիքով՝ Հայաստանում քաղհալածյալներ կա՞ն, թե՞ ոչ: ՍԴ նախագահը հիշեցրեց, որ ի պաշտոնե նման հարցերի ինքը չի կարող պատասխանել:

Հարց հնչեց նաեւ իշխանության սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու մտադրության մասին: Հրայր Թովմասյանն ասաց, որ չի կարծում, որ ճիշտ կլինի, եթե ինքը ընդգրկված լինի Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, հիշեցնելով, որ ինքը գործող սահմանադրության «հայրերից» եւ ջատագովներից է:

Սահմանադրական դատարանը վերջերս Սահմանադրությանը չհակասող ճանաչեց ԱԺ կանոնակարգ-օրենքի դրույթը, որն ընդունվեց անցած տարի հոկտեմբերի 2-ին՝ խորհրդարանի սկանդալի վերածված նիստում, ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների կողմից: Այն վերաբերվում էր խորհրդարանի նիստերի անցկացման կարգին եւ խորհրդարանն արձակելու հնարավորություններին: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ՍԴ-ի այդ որոշումը նախկին իշխանությանը հետագայում հնարավորություն կտա վիճարկել գործող իշխանության լեգիտիմությունը: Հրայր Թովմասյանն ասաց, որ այդ հնարավորությունը նախկին իշխանությունը չի ունենալու:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ արդյոք գործող իշխանության կողմից իր նկատմամբ ճնշումներ կան կամ իրեն հրաժարականի դիմում ներկայացնելու ակնարկներ եղել են: Հրայր Թովմասյանն ասաց, որ իր վրա ճնշումներ չեն եղել, ոչ էլ հրաժարականի դիմում ներկայացնելու ակնարկներ են արվել:

Պատասխանելով գործող իշխանության հետ իր հարաբերությունների մասին հարցին, Հրայր Թովմասյանն ասաց. «Եվ բարեւում ենք, եւ հումոր ենք անում»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:   

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930