Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է պետք Ռուսաստանին առաջ մղել «Լավրովի պլանը», եթե այն կարող է հանգեցնել իր դեմ ուղղված «Բոլթոնի ծրագրին»

Ապրիլ 24,2019 15:30

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծվել է շատ յուրօրինակ իրավիճակ:

Արտգործնախարարների մոսկովյան հանդիպման բովանդակության Մամեդյարովի վերջին գաղտնազերծումը, ինչը հաստատեց նաեւ Լավրովը, փաստում է, որ, հավանաբար, Ռուսաստանի նախաձեռնությամբ, կողմերը քննարկել են նաեւ հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» անվանմամբ հայտնի ծրագրի որոշ տարրեր:

Մի պահ վերանանք այդ կապակցությամբ մեր արտգործնախարարության հայտարարությունից եւ ենթադրենք Մամեդյարովի տեղեկատվական արտահոսքը համապատասխանում է իրականությանը: Ստացվում է, որ ռուսական կողմը հետեւողականորեն փորձում է առաջ մղել կարգավորման մի ծրագիր, որին մշտապես դեմ է եղել Հայաստանը, քանի որ այն, ըստ էության, իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան հակամարտության փուլային կարգավորման «քողարկված» տարբերակը: Հետեւաբար հարց է առաջանում՝ ի՞նչ կարող է տալ ռուսական կողմին, հայկական կողմերի մերժողական դիրքորոշման պարագայում, պաշտոնական հանդիպումներում այդ ծրագրի շուրջ քննարկումների ծավալումը:

Առաջինը, որը թվում է, թե կարող է մոտ լինել իրականությանը՝ ստուգել, թե որքանո՞վ են Հայաստանի նոր իշխանությունները հաստատակամ նախկին իշխանությունների դիրքորոշումը պաշտպանելու խնդրում: Եթե դա է նպատակը (ինչը դժվար է լուրջ համարել), ապա շատ կարճ ժամանակում նման քննարկումները կիմաստազրկվեն: Սակայն մի՞թե համանախագահողները կհամաձայնեին բանակցային թանկ ռեսուրսը այդչափ անարդյունավետ օգտագործելու մտքին: Առավել եւս, որ Լավրովի պլանի առաջին փուլը նախատեսում է տարածքների վերադարձ, ճիշտ է՝ Արցախի ինչ-որ ժամանակավոր կարգավիճակի դիմաց, բայց, այդուհանդերձ, տարածքների վերադարձ՝ առանց անվտանգության լուրջ միջազգային իրավական-քաղաքական երաշխիքների (խաղաղապահ միջազգային ուժերի տեղակայումը՝ շփման գծի ներկայիս աշխարհագրության փոփոխության եւ Ադրբեջանի ներկայիս ռազմական պոտենցիալի պարագայում, երաշխիք չի կարող լինել): Եվ դա այն դեպքում, երբ տարածքների վերադարձի վերաբերյալ եղել է նաեւ վարչապետ Փաշինյանի հայտնի հայտարարությունը:

Մյուս կողմից, մի՞թե պարզ չէ, որ պաշտոնական հանդիպումներում որեւէ կերպ տարածքների վերադարձի հետ կապված ցանկացած քննարկում, Հայաստանի մերժողական դիրքորոշման պայմաններում, ըստ էության, նպաստում է ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման Ադրբեջանի «իրավունքի լեգիտիմացմանը»:

Ավելին, չէ՞ որ ակնհայտ է, որ այդ ամենը, վերջին հաշվով, հանգում է «տարածքներ խաղաղության դիմաց» Բոլթոնյան տխրահռչակ ծրագրին: Ծրագիր, որի հիմնական նպատակը ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց ապահովելն է, որքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը (կամ առնվազն հայ-ռուսական հարաբերություններն անվերականգնելիորեն փչացնելու միջոցով Ռուսաստանի ազդեցությունը հնարավորինս չեզոքացնելը) եւ, եթե հաջողվի, նույնիսկ Իրանին հյուսիսից մեկուսացնելը: Ի դեպ, հարկ է նշել, որ այս դեպքում Միացյալ Նահանգների, Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերն ամբողջությամբ համընկնում են:

Հետեւաբար, ինչո՞ւ է պետք Ռուսաստանին համառորեն առաջ մղել «Լավրովի պլանը», եթե այն կարող է հանգեցնել իր իսկ դեմ ուղղված «Բոլթոնի ծրագրին»:

Միգուցե Ռուսաստանը գիտակցում է, որ Ադրբեջանն առիթը բաց չի թողնի տարածքները չվերադարձնելու պատրվակով սանձազերծել պատերազմ, որն ամենայն հավանականությամբ կարող է արժանանալ Միացյալ Նահանգների լռելյայն համաձայնությանը, որի հետեւանքները, սակայն, կլինեն, մեղմ ասած, ոչ ռուսաստանանպաստ (համոզված եմ, որ ռուսական կողմը հիշում է Փաշինյանի հայտարարությունը պատերազմի վտանգը չեզոքացնելու գործում Ռուսաստանի ազդեցիկ դերակատարման մասին): Հետեւաբար միգուցե Ռուսաստանը փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը եւ աստիճանաբար չեզոքացնել իրերի վերը նկարագրված ոչ ռուսաստանանպաստ զարգացումները՝ որդեգրելով կողմերից թե՛ մեկի եւ թե՛ մյուսի առաջարկներին հաջորդաբար աջակցելու մարտավարությունը՝ գործնականում նախապատվությունը տալով շփման գծում խաղաղությանը նպաստող հումանիտար բնույթի առաջարկություններին:

Այս վարկածը առավել իրատեսական է հանդիսանում հատկապես Լավրովի այն մտքի ֆոնին, որ նախարարների մոսկովյան հանդիպման պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա: Եվ քանի որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք են բերվել հումանիտար բնույթի առաջարկությունների վերաբերյալ, որոնց հեղինակը հիմնականում Հայաստանն է եւ որոնց իրականացումը հնարավորինս չեզոքացնում է ռազմական գործողությունների դիմելու Ադրբեջանի «իրավունքը», ապա տպավորություն է, որ Ռուսաստանի կամ նաեւ համանախագահողների որդեգրած մարտավարությունը՝ քննարկվող թեմաների բազմազանությամբ այս փուլում շփման գծում լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալման հավանականությունը նվազեցնելն է:
Այսինքն, եթե առաջնորդվել վերը նկարագրած դատողություններով, համանախագահողները ընտրել են բանակցային մի մարտավարություն, որը պետք է չեզոքացնի ուժի կիրառմամբ հակամարտության լուծման Ադրբեջանի նկրտումները:

Բայց եթե դա այդպես է, ապա մի՞թե պարզ չէ, որ Ադրբեջանի ռազմական նկրտումները չեզոքացնելու խնդրում ոչինչ առավել ազդեցիկ չի կարող լինել, քան բանակցային օրակարգում 2016-ի ռազմական ավանտյուրան դատապարտող Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանաձեւերի կատարման հարցի ընդգրկումը:

Այդ բանաձեւերի քննարկման դուրս մղումը բանակցային օրակարգից համարժեք է Ադրբեջանին 2016-ի ռազմական հանցագործությունների համար ինդուլգենցիա տալուն (միգուցե հենց այս հանգամանքն ի նկատի ուներ Ալիեւը, երբ Փաշինյանի հետ իր հանդիպումը ներկայացնում էր որպես բանակցային գործընթացի ռեստարտ նոր կետից): Չնսեմացնելով Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածության նշանակությունը, այդուհանդերձ պետք է փաստել, որ այն ինստիտուցիոնալիզացված չէ, առավել եւս չի կարող փոխարինել անվտանգության երաշխավորման առումով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանաձեւերի իրավական-քաղաքական նշանակությանը:

Ուստի ինչո՞ւ են համանախագահողները, այդ թվում եւ Ռուսաստանը, նպաստում, որպեսզի այդ բանաձեւերի քննարկումը դուրս մնա բանակցային օրակարգից:

Արդյո՞ք դա Դուշանբեի պայմանավորվածությունը Ադրբեջանի կողմից ապահովելու վերջինիս առաջ քաշած նախապայմանն է (կարծես թե այլ մեկնաբանություն դժվար է գտնել): Եթե այո, ապա բանակցային գործընթացը շատ շուտով կհայտնվի Ադրբեջանի կողմից լարած ծուղակում, նույնիսկ եթե իրականացվի Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովայի այն թեզը, որ Դուշանբեի պայմանավորվածությունը պետք է ստանա իրավական տեսք:

Հետեւաբար, համանախագահողները պարտավոր են վերաիմաստավորել ռազմական հնարավոր զարգացումները կանխելու խնդրում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի որոշումների իրականացման քաղաքական անհրաժեշտությունը, իսկ Հայաստանը պետք է նպաստի դրան՝ հետեւողականորեն պահանջելով պաշտոնական բանակցություններում օրակարգային դարձնել նշված որոշումների կատարման խնդիրը (ի դեպ, դա համապատասխանում է նաեւ Ստեփանակերտում հայկական երկու պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կայացրած որոշումներին):

Ոչ պակաս կարեւոր է նաեւ բանաձեւել այս հարցում Հայաստանի քաղաքական ուժերի խնդիրը: Ըստ իս, այն պետք է հանգի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանաձեւերի շուրջ չմարող հանրային դիսկուրսի ապահովմանը՝ որպես գործնական աջակցություն բանակցային գործընթացում հայաստանյան մասնակիցների ջանքերին:

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ

«Առավոտ» օրաթերթ, 

24.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930