Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը ոչ միայն ներկայիս Թուրքիայի կողմից Հայոց Մեծ Եղեռնի ճանաչումն է, այլև հայրենատիրությունը. «Ժառանգություն»

Ապրիլ 24,2019 11:48

«Ժառանգություն» կուսակցությունը Հայոց Ցեղասպանության 104–րդ տարելիցին ընդառաջ հաստատակամ է տարբեր հարթակներում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ Ցեղասպանության, մեծ հայրենազրկման միջազգային ճանաչման գործում իր շարունակական ավանդը ներդնելու:

Տասնամյակներով մեր կերտած ինքնիշխան և անկախ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության առանցքում եղել է և պետք է լինի միջազգային ազդեցիկ ատյաններում հայության ցեղասպանության իրավական – պաշտոնական ճանաչումը, որը ոչ միայն հարգանքի տուրք է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի ողջ երկայնքով միլիոն ու կես ցեղասպանված զոհերի հիշատակին, այլև Ցեղասպանությունը վերապրողների սերունդների շահերի պաշտպանություն, աշխարհասփյուռ հայության հայրենիք ունենալու իրավունքի վերահաստատում: Ժողովրդավարական հաստատություններով ամրապնդվող Հայաստանն այս ասպարեզում հաջողության հասնելու առավել մեծ հնարավորություններ ունի:

1915 թ. Օսմանյան Թուրքիայի քաղաքականության անբավարար դատապարտումը պատճառ դարձավ Ադրբեջանի կողմից 1988-1991 թթ. Սումագայիթում, Բաքվում, Գանձակում, Շահումյանում և Գետաշենում հայերի դեմ ծավալած ցեղասպան նոր գործողությունների, որի հետևանքով  հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին, խոշտանգվեցին և բռնագաղթվեցին միայն իրենց հայ լինելու պատճառով, իր ավարտին հասավ Նախիջևանի հայաթափումը:

«Ժառանգություն»-ը իրավատեր է պաշտպանելու Հայոց դատը բոլոր մակարդակներում՝ հանուն Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան ու ազգատյաց քաղաքականությունից տուժյալ մեր հայրենակիցների շահերի պաշտպանության: Ընդգրկված լինելով միջազգային ազդեցիկ քաղաքական միավորումներում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միություն, «Ժառանգություն»-ը շարունակելու է իր հետևողական գործունեությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման քաղաքական ու դիվանագիտական պայքարում: Այս պայքարի բաղկացուցիչ մասը պիտի դառնան  Ցեղասպանությունից վերապրողների ժառանգներին, միջազգային իրավական նորմերին համապատասխան, Թուրքիայից փոխհատուցման պահանջները:

1915 թ. Օսմանյան Թուքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը ոչ միայն ներկայիս Թուրքիայի կողմից Հայոց Մեծ Եղեռնի ճանաչումն է, այլև հայրենատիրությունը:

«Ժառանգություն» կուսակցություն

24 ապրիլի 2019թ.

Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930