«…Ուզեցին մի հայ թողնել, Եվ այն էլ… թանգարանում…».
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ, «ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ»
«Մեկ հայ թողնելու» միտքը դեռ միջնադարի թուրք սելջուկներից է գալիս, կամ նույնիսկ ասում են՝ ավելի վաղ միջնադարում, որ ժամանակի ընթացքում տարբեր հարյուրամյակներում կիրառելուց հետո թափառական թեմայի նման հայտնվում էր թուրք կառավարողների եւ թուրք կատարողների արտահայտություններում, մինչեւ մեր օրերը։ 1915թ. կոտորածից մազապուրծ հայ ականատեսը վկայում է. «Թուրքերը մեծ ու փոքր չէին նայում եւ ասում էին՝ «Հայ ազգին այնպես ենք ոչնչացնելու, որ ընդամենը մեկ հայ մնա, այն էլ՝ թանգարանում»։
ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ
ԱՅԼԵՎՍ ՉԵՆՔ
ԽՈՍՈՒՄ, ԱՅԼ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայերին բնաջինջ անելու հազարամյակից ավելի կիրառվող ծրագիրը չգործեց։ Փոխարենը Հայկյան Հայոց ոգին փյունիկի նման մոխիրներից հառնեց եւ համատարած նախճիրին արդեն 1918 թվականին պատասխանեց անկախ պետության հռչակումով, Սարդարապատի անհավանական թվացող հաղթական հերոսամարտով։ Քաղաքական հանգամանքների բերմամբ Հայոց գոյատեւումը շարունակվեց նորատիպ Խորհրդային Հայաստանի կյանքով, որի ընթացքում Հայրենիքի մեծ տարածքներ կորցնելու դառնության հետ միասին, այնուամենայնիվ, հնարավոր եղավ մի փոքր խաղաղված, Գարեգին Նժդեհի ձեւակերպմամբ՝ «Հայրենի մի անկյունում է ծավալել մշակութային վերածնունդի զարթոնք եւ մոտ յոթ տասնամյակ դարձյալ չափազանց դժվարին, բայց ոչ նախճիրի տարիները հնարավորություն տվեցին հաղթելու «հայերին ոչնչացնելու» ծրագիրը, թեեւ հենց առաջին իսկ փոքր հնարավորության դեպքում հենց մեր «քթի առաջ», 1988-ին եւ 1991-ին դարձյալ «մեկ հայ թողնելու» ծրագիրը գլուխ բարձրացրեց, բայց նախ՝ Արցախյան դարձյալ անհավանական հերոսամարտը կանգնեցրեց այդ նկրտումը, ապա Հայկական բանակի կազմավորումով թուրքական ցեղերի «առանց հայ Հայաստանի» այդ «փայփայած երազանքը» մնաց որպես այլեւս երբեք չիրականացող ցանկություն։ Հիմա էլ «խաղաղության» խարդավանքներով են փորձում իրականացնել բազմադարյա ցանկությունը, բայց Հաղթանակի քաղցրությունը բազում անգամներ վայելած հայը ոչ մի «քաղաքական խարդավանք» այլեւս թույլ չի տա եւ ոչ մի կերպ չի թողնի, որ մեկ անգամ եւս «բարեկամության անվան տակ» դարձնել նորից «ավերի երկիր, ավարի երկիր Հայաստանս», երբ արդեն ինքնուրույն կարող է պաշտպանել իր «հույսի հայրենիք, լույսի հայրենիք» «երկիր դրախտավայրը» եւ իր զավակներին ու թոռներին թողնել ցեղասպանություններին ու բոլոր տեսակի ոտնձգություններին հաղթած, անկախացած եւ տարիների հետ մեծացող ու հզորացող երկիր։ Որքան էլ փորձ արվի միջազգային քաղաքական խաղերի ու խարդավանքների գնով խեղճացնելու զորացող հայրենիքը, սակայն հույս ու համոզմունք կա, որ ազատություն ստացած հայը այլեւս երբեք չի հանդուրժի որեւէ կարգի բռնակալություն՝ դա լինի թշնամու, թե բարեկամի անվան տակ։ Քանի որ ամենից կարեւորն այսօրվա ու վաղվա ժառանգների ազատությունն է, անկախությունը, մշակութային միջազգային ամենաբարձր հարթակներում ինքնուրույն Հայրենիքի անունից երաժշտական ու գիտական ելույթները, գյուտարարական եւ արտադրական նվաճումները, ինքնուրույն տեսակետ ունեցող պետության ներկայացուցիչ լինելը, միջազգային՝ ազգային պետական հանրության լիարժեք եւ իրավունքով օժտված անդամ լինելը։ Ինքնուրույն պետականություն ունեցող Հայաստանի քաղաքացին լիիրավ մասնակիցն է համաշխարհային բոլոր տեսակի նվաճումներին՝ սպորտում, արվեստում, գիտության մեջ, քաղաքական դրսեւորումներում, տնտեսական եւ ռազմական նվաճումներում։ Չկա պետականությունից հետ վերադարձ, կա միայն հաղթական առաջընթաց եւ Հայոց ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի անց մենք հավատում եւ հաստատում ենք հայոց հաղթանակները մարդկային գործունեության բոլոր ասպարեզներում: Հարյուր տարի առաջ դա անհավանական էր թվում, բայց հարյուր տարի անց դա հաղթանակած իրականություն է եւ այս հաղթանակները զարգացող հաղթանակներ են:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
24.04.2019