2018 թվականի ապրիլի 23-ն այն պատմական օրն է, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Այս մոգական բառերի իմաստը մեկ տարի անց դեռ ոչ ոք չի կարողացել վերծանել՝ այդ որ հարցում էր ճիշտ Նիկոլը, եւ ինչում սխալվեց ինքը՝ անփոխարինելի ու անսխալական Սերժ Սարգսյանը։ Գուցե նույնիսկ այս հարցո՞ւմ է Սերժը սխալվել։ Ու մինչ Սերժ Սարգսյանը լռում է եւ ոչ մի գնահատական չի հնչեցնում Փաշինյանի հեղափոխության ու մեկ տարվա արդյունքների մասին, նրա թիմը՝ ՀՀԿ-ի նվիրյալ նժդեհականները, ամեն օր թուքումուր են թափում Նիկոլի հասցեին՝ նրան մեղադրելով հազար ու մի մեղքի, ստի, կեղծիքի ու խոստումները չկատարելու մեջ։ Այս հարցում ամենադաժանն ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է՝ ՀՀԿ խոսնակը։ Երեկ զրույցում դեռ հարցը չհնչած՝ Շարմազանովը բացեց «բողոքի գիրքն» ու այնպես բուռն «ամփոփեց» մեկ տարին, որ նույնիսկ Նիկոլը կնախանձեր նրան՝ որպես ընդդիմադիր։
– Այսօր արդեն հիշեցնում են մեկ տարի առաջվա Ձեր խոսքերը, երբ հեղափոխությունից մի քանի օր առաջ ասում էիք, թե ընդամենը մի քանի հարյուր հոգի է փողոց դուրս եկել, ոչ մի ժողովրդավարական ալիք չկա, հարյուր-հազարավոր մարդիկ չեն եւ այլն։ Եթե իմանայիք, որ Դուք սխալվելու եք, եւ հեղափոխություն է լինելու, ինչպե՞ս կարտահայտվեիք այդ ժամանակ։
– Ես էն, ինչ որ արտահայտվել եմ, նույն բանը կարտահայտվեի էսօր։ Էն, ինչ որ արել եմ մեկ տարի, հինգ տարի, տասը տարի առաջ, որեւէ բանից ոչ միայն չեմ հրաժարվում, այլ նաեւ պնդում եմ, որ ես գլոբալ առումով բոլոր իմ հայտարարությունների տերն եմ։ Սա հեղափոխություն չէր, սա իշխանազավթում էր եւ շատ բացասական երեւույթ էր Հայաստանի համար։ Եթե մի պետության վարչապետ կանգնում հայտարարում է, թե երկրում կան օտարերկրյա գործակալներ, ու էդ օտարերկրյա գործակալների անունը վախենում է տալ, էդ մարդն իրավունք ունի՞ վարչապետ լինելու, կամ էլ ինքը սուտի բաներ ա խոսում։
– Իմ ասածն այլ է։ Խնդիրն այն է, որ Դուք այն ժամանակ շատ ինքնավստահ էիք խոսում եւ չէիք հավատում, որ հոծ բազմություն դուրս կգա ձեր իշխանության դեմ։ Ինչի՞ց էր գալիս այդ վստահությունը, եւ ի՞նչ զգացիք, երբ պարզվեց՝ սխալվել եք։
Կարդացեք նաև
– Գիտե՞ք ինչ կա, ես չեմ կարծում, որ ես սխալ եմ եղել, որովհետեւ ով որ շատ ա, նա ճիշտ ա, դա իմ համար աքսիոմ չի։ Ես կարծում եմ, որ օրը կգա, եւ բոլոր նրանք, ովքեր դուրս էին եկել փողոց, կհիասթափվեն, որ իրենք խաբված են եղել։
– Բայց 10 տարի շարունակ դուք շատ էիք, պառլամենտում ձեր ասածն անցկացնում էիք ու ասում էիք, որ դուք եք ճիշտ։
– Ոչ, մենք չենք ասել՝ մենք ճիշտ ենք։ Ես ինչ արել եմ, արել եմ իմ համոզմունքով եւ գլոբալ առումով կրկնում եմ՝ իմ համոզմունքի դեմ բան չեմ արել։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ես այսօր էլ գտնում եմ, որ փողոցով իշխանություն փոխելը մեր երկրի համար անթույլատրելի է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում