«Մենք հաղթելու ենք»,- Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի խնկարկման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով օրվա խորհրդին: Այլ հարցերի նախագահը չպատասխանեց: Խնկարկման արարողությունից հետո նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարժվեցին դեպի Ցեղասպանության թանգարան:
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին «ֆուտբոլային դիվանագիտությունից», մասնավորաբար՝ այդ նախաձեռնության պարտությունից: «Մենք այդպես էլ ակնկալում էինք»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով, որ «ֆուտբոլային դիվանագիտության» պարտությունն իր համար ի սկզբանե է պարզ եղել: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ցեղասպանության ճանաչման միակ ելքը, ըստ Ալեն Սիմոնյանի՝ ուժեղ Հայաստան ունենալն է:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էլ անդրադառնալով ցեղասպանության ճանաչման գործընթացին, մասնավորաբար՝ ԱՄՆ տարբեր նահանգների կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը, ասաց, որ պետք է շնորհակալ լինել արմատներով հայ այն ամերիկացիներին, ովքեր մեծ ջանքեր են ներդրել այդ գործում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ