Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք, և սա անխուսափելի է: «Նոր եկեղեցիներ են կառուցվում այն դեպքում, երբ հազարամյակների պատմություն ունեցող վանքերն ու եկեղեցիներն անուշադրության են մատնված: Սա խոսում է այն մասին, որ մենք մի տեսակ կեղծ արժեքներով ենք առաջնորդվում: Լայն հաշվով, մեր հասարակությունը կեղծ արժեքների կրողն է:
Դրա պատճառով կարող էինք ունենալ այս վիճակը, որն ունենք: Նոտր Դամի հրդեհի հետ կապված ցավակցություններ են հնչում, այն դեպքում, երբ միևնույն ժամանակ լուր չունենք, թե Արևմտյան Հայաստանում ինչ կառույցներ են պայթեցվել: Ո՛չ հետաքրքրված ենք, ո՛չ առավել ևս բարձրաձայնում ենք: Նույնն էլ Նախիջևանի տարածքի հուշարձանների դեպքում. 218 վանք ու եկեղեցի կար, հիմա ոչ միայն Ջուղայի գերեզմանոցը չկա, այլ այդ վանքերից որևէ մեկը, նույնիսկ հետքը չկա, իսկ մեր հասարակության և պետության կողմից գրեթե արձագանք չկա: Սա մասնավոր կարծիք է, բայց Նոտր Դամի հրդեհի հետ կապված ցավակցությունները կեղծ եմ ընդունում: Միշտ ասել եմ, որ մեր իշխանությունները մեր ժողովրդի ծոցից դուրս ելած անհատներ են և հարազատորեն ներկայացնում են մեր պատկերը»,- ասում է հուշարձանագետը՝ նշելով, որ այս կեղծ վիճակը նոր չէ, այն դարերից է գալիս և հենց դա է ողբերգությունը:
Հարցին, թե տարիներ հետո գուցե գանք մի կետի, երբ մոտ երեքհազարամյա պատմություն ունեցող քաղաքամայր Երևանում չլինեն պատմական կառույցներ և սերունդներին որպես ժառանգություն կփոխանցենք նորակառույց եկեղեցիները, Կարապետյանն այլաբանորեն մոտեցավ և պատմական փոքրիկ մեջբերում արեց. «Սա էլ մեկ ուրիշ խնդիր է, չնայած բոլորն էլ մեկը մյուսի շարունակությունն են: Կեղծ արժեքների դավանանքն ազգային տեսակների բաղադրիչն է: Սա էլ ուրիշ ողբերգություն է, մեծ ուրացման հետևանքները, որը պաշտոնապես սկսվեց 301 թվականին: Ի՞նչ տեղի ունեցավ այն ժամանակ՝ կորչի՛ հինը, կեցցե՛ նորը, նույնն, ինչ բոլշևիկներն էին անում հեղափոխությունից հետո:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: