Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պահել իրավունքը, ուժեղացնել պետությունը

Ապրիլ 24,2019 10:00

Մենք՝ հայերս, հին ազգ ենք. եթե ուշադիր նայենք մեր մշակութային կոթողներին կամ պարզապես ցանկացած հայ մարդու աչքերին, ապա կարելի է նկատել, զգալ «դարերի բեռը»: Բայց հին ազգերի մոտ սովորաբար ժամանակի մասին պատկերացումները յուրահատուկ են, նրանք, կարծես, «սանձել են ժամանակը»: Հեռու չգնալու համար կարելի է օրինակ բերել մեր հարեւան պարսիկներին. կա նրանց մոտ որոշակի, կարելի է ասել, հանդարտություն: Իրենց կեցվածքով նրանք կարծես թե ասում են՝ «ոչինչ, այն մեզ մոտ չի ստացվել հիմա, կստացվի 500 տարի հետո»: Նույնը չինացիները եւ Հեռավոր Արեւելքի այլ ժողովուրդները: Դա գալիս է դարերի ընթացքում անընդմեջ պետություն ունենալու առավելությունից, այդ ազգերը վստահ են, որ իրենց պետությունը հավերժ է, անկախ նրանից, թե ինչպիսին է այն՝ զրադաշտական, աշխարհիկ, իսլամական, բուդդիստական, կոմունիստական, հենց պետությունն ու իր քաղաքացիներն են լուծելու ազգային խնդիրները: Մենք նման վստահություն առայժմ չունենք, եւ եթե հաշվի առնենք նաեւ ավելի քան 100 տարի առաջ ստացած հոգեբանական տրավման, «ժամանակը սանձելու» խնդիրը չենք լուծել: Միտումնավոր մի կողմ եմ թողնում մեր եւ հրեաների չարչրկված համեմատությունը. ինձ թվում է՝ նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները, այդ թվում այն տարբերությունները, որոնց հանդեպ մենք «բարի նախանձով» ենք վերաբերվում, բայց դա խոսակցությունը կտանի այլ ուղղությամբ:

Խնդիրների լուծման բանալին, հետեւաբար, պետությունն է: Իսկ դա նշանակում է, որ չարժե խոսել Հայոց ցեղասպանության մասին այն ոճով, որով դա անում էին 1960-70-ականների խորհրդահայ մտավորականները: Նրանք տաղանդավոր եւ հայրենասեր մարդիկ էին, նրանց խնդիրն էր փոխանցել հայերի հաջորդ սերունդներին մեր ազգի ապրած ցավը, վառ պահել տառապանքների հիշատակը: Հիշյալ ժամանակաշրջանի կարեւորագույն այդ խնդիրը նրանք փայլուն կերպով լուծել են: (Չնայած նման մոտեցման արդյունքում «տուժել» է Կոմիտասը՝ տիտանական աշխատանք կատարած այդ ուժեղ, չափազանց գործունյա անձնավորությունը ներկայացվում էր որպես «ի սկզբանե խելագար»): Հիմա «հիշատակը վառ պահելու» խնդիր չկա. մեր թոռներն ու ծոռները շատ լավ կիմանան, թե ինչ է տեղի ունեցել 20-րդ դարի սկզբում:

Խնդիրն այսօր շատ ավելի պրագմատիկ է՝ պետք է «վառ պահել» իրավունքը, այսինքն այն իրողությունը, որ մեզ, հայերիս զրկել են ոչ միայն կյանքի, այլեւ մեր հողին եւ գույքին տիրելու իրավունքից: Դա հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների, հայկական քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների, իրավաբանների եւ դիվանագետների խնդիրն է: Իսկ ի՞նչ պետք է անենք մենք, մնացած հայերս՝ նույն խնդիրն առաջ տանելու համար: Բնականաբար, պետք է ուժեղացնենք հայկական պետությունը, այնպես անենք, որ հետագա սերունդների գիտակցության մեջ ամրապնդվի դրա հավերժության գիտակցությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Գրեթէ անթերի, տպաւորիչ Խմբագրական մըն է, խնդրոյ առարկայ նիւթին մասին. ներքին, ներազգային խնդիրը, ըսել կ’ուզեմ:

    Սակայն տարիէ մը ի վեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները բնաւ չգացին այն ուղղութեամբ որ կը պարզաբանուի այս խմբագրականին մէջ: Բնաւ: Այլ ընդհակառակն, անոնք բացայայտ եւ շշմեցուցիչ ետդարձ կը հանդիսանան, յատկապէս՝ համահայկական այս ներքին, էական նիւթին մէջ:

    Կարելի է ասել որ, անցեալ մօտ քսան տարիներուն գոյացած առաջընթացը, այս խնդրի կապակցութեամբ, աւելի ձեւական էր քան թէ բովանդակալից: Սակայն այդ երեւոյթը գոնէ, եթէ միայն այդ էր իսկ, նախընտրելի է այն անասելին ցաւին որ Հայաստանը կը պատճառէ դասական Սփիւռքի շատ մը հայերու, երբ զանոնք կ’անտեսէ, կը լքէ, կը վիրաւորէ՝ յատկապէս այս նիւթին մէջ: Մինչ անոնք որքան կը սիրեն Հայաստանը… Մերժուած, միակողմանի սէրը՝ շատ ցաւագին բան է: Դեռ աւելի, երբ որ զուտ ու հարազատ սիրոյն կը պատասխանէ կեղծը, սիրոյ կեղծիքը, խաբկանքը:

    Նաեւ, անցած քսան տարիներին, գոնէ հայոց պետութեան գերագոյն ղեկավարները, իրենց շրջապատի բազմաթիւ անդամներով, ուղղակի, գետնի վրայ, մասնակիցներ եղած էին հայ հողի ազատագրման՝ թուրքի ձեռքէն: Դա փոքր դարման չէր, թեթեւ մխիթարանք չէր՝ Ցեղասպանութեան զոհերի ուղղակի, բառացի իրաւայաջորդներին համար:

    Գնահատելի են Խմբագրապետի մտաւորական ջանքերը, եւ ինք անկեղծ է անշուշտ: Սակայն իրականութեան ու խորքին մէջ, «Հայոց» «Պետութիւնը», այժմու դրութեամբ, թքած ունի Հայ Դատին վրայ:

    Յոյսը կը մնայ սակայն: Քանի որ տակաւին այդ պետութիւնը ինքնին չէ կազմուած, ուր մնաց՝ այդպիսի, համայն Հայութեան մասին մտածող եւ աշխատող պետութիւն մը: Թերեւս, օր մը…

    Մինչ այդ, մենք ալ կը շարունակենք ուրեմն մեր աքսորը, 1915-էն ի վեր, անապատի մէջ մեր թափառումը, ազգային գոյատեւման աշխատանքը: Սակայն նաեւ մեր վճռակամ պայքարը՝ Հայոց Ցեղասպանութեան շարունակուող, այժմէական ընթացքին դէմ: Եւ այդ հիման վրայ՝ կը զօրակցինք Հայաստանին, ով որ ել լինի անոր օրուայ քաղաքական ղեկավարութիւնը:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    ( Հայոց Ցեղասպանութիւնը ընթացքի մէջ է՝
    https://haytougchamlian.blog/հայոց-ցեղասպանութիւնը-ընթացքի-մէջ-է/ )

  2. Ruben says:

    Պետությունը եւ ժողովուրդը տառապում են անկախության շարժման պարպիչների՝ Վազգեն Մանուկյանի, Լեւոն Tr Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Նիկոլ Փաշինյանի ու դրանց ուղեցույցների եւ կամակատարների պատճառով:

    • Հ.Շ. says:

      Գոնէ Հայ Դատի կապակցութեամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի չշարէի այդ միւսների կարգին:

      (Իր հիմնական խնդիրը էապէս ամերիկացի ըլլան էր. խօսքը քաղաքացիութեան մասին չէ, ոչ ել որեւէ գիտակից գործակալութեան. մարդը, ինչ որ ընէ, մինչեւ ծուծը ամերիկացի է: )

  3. Լավատես says:

    Երբ մարդուն ուզում են սուտը ներարկել, սկզբից նրան ՝ճշտազրկող՝ են տալիս, դրա համար սկզբից ինը ճիշտ բան են ասում, այն էլ այնպիսի ճիշտ բաներ, որ լուրջ անհանգստանում ես ասողի ճակատագրի համար, իսկ տասներորդը հենց այն սուտն է, որը պետք է ներարկվի մարդուն: Նույն ձեւով էլ մեր պարպիչներն են աշխատում՝ սկզբից շատ ճիշտ ու խիզախ բաներ են ասում, իսկ երբ ժողովրդի ողջ հեղափոխական եռանդը կուտակվում է նրա շուրջ, տեղի է ունենում պարպում՝ ուղղորդվում են այլ ուղղությամբ: Պարպիչները շատ վտանգավոր երեւույթ են, սրանք բարձրագույն կարգի մասնագիտական հակահեղափոխականներն են, որոնք հասունացող հեղափոխական իրավիճակը ավելի մեծ արագությամբ են հասունացնում ու կանգնում հեղափոխության գլուխ ու ուղղորդում հակահեղափոխության ճանապարհով: Դրա համար էլ ինչքան ուզում ես երջանիկ ու հպարտ քեզ զգաս, լավ է թունդ հոռետես երեւաս, բայց փայտը ձեռքիցս վայր չդնես, էս վայրենի աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է, մարդ աչքը տեսածից է վախենում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930