Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինին միայն Արցախն է հետաքրքրում

Ապրիլ 24,2019 12:00

Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները շարունակում են իներցիոն վիճակում մնալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ բանակցություններ կանցկացնեն մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում, որտեղ նախատեսված է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթաժողովը՝ նվիրված կառույցի ստեղծման 5-րդ տարեդարձին։ Անցյալ շաբաթ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այդ մասին ասել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն։ Մատվիենկոյի խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական փոխգործակցությունը շատ արդյունավետ է ընթանում. «Անցած տարի մեր երկրների ղեկավարները հանդիպել են 7 անգամ, մշտական շփման մեջ են, պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում»:

Մատվիենկոն նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կունենան նաեւ հոկտեմբերի 1-ին Երեւանում, որտեղ ծրագրված է Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը։ Առայժմ հայտնի չէ հստակ, թե արդյոք ՌԴ նախագահը հոկտեմբերին կժամանի Երեւան:

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին։ ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել եւ հաստատել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք մոդելային օրենքների եւ օրենսգրքերի նախագծեր:

Լիագումար նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահը մասնակցել է անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսին: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջին անգամ է մասնակցում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին եւ կարող է վստահորեն համոզմունք հայտնել, որ գոհ է նիստի աշխատանքներից: Ըստ խորհրդարանի ղեկավարի` ԱՊՀ ՄԽՎ-ն շատ արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման համար, մի հարթակ, որտեղ կարելի է քննարկել եւ որոշումներ կայացնել քաղաքական, հումանիտար, տնտեսական եւ այլ հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ հայ պատգամավորներն ակտիվ մասնակցություն են ունենում ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին եւ իրենց ներդրումն են բերում կառույցի զարգացմանը, մասնավորապես՝ մոդելային օրենսդրության մշակման գործընթացին:

Հայ-ռուսական քաղաքական հարաբերություններն այս պահին, կարծես, շարունակում են իներցիոն վիճակում մնալ: Ծրագրված միջոցառումներ ու հանդիպումներ, ստանդարտ հայտարարություններ, եւ ոչ ավելին: Հայ-ռուսական հարաբերությունները դեռ շարունակում են մնալ ռուս մեկնաբանների հաղորդումներում, հոդվածներում գնահատականների ենթատեքստերի վերծանումների դաշտում: Իսկ պաշտոնական մակարդակով ժամանակ առ ժամանակ ՀՀ իշխանություններին ինչ-որ բան հասկացնելու քայլերի ականատես էինք դառնում, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, ապա Նոր տարին Պուտինի մակարդակով շնորհավորելու փաստերը:

Առայժմ միայն ղարաբաղյան կարգավորման գործընթացում է Ռուսաստանն ակտիվություն ցուցաբերում:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը եւ Պուտինը քննարկել էին Վիեննայում կայացած՝ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքները: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Վիեննայի հանդիպման արդյունքների մասին եւ «շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին բանակցային գործընթացում միջնորդական ծանրակշիռ դերի համար»: Պուտինն իր հերթին «վերահաստատել էր Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հետագայում եւս աջակցություն ցուցաբերել կարգավորման առանցքային ասպեկտներով հանգուցալուծումների որոնմանը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»:

Ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի եւ Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը կայացավ: Լավրովի հովանու ներքո ղարաբաղյան կարգավորման հերթական բանակցային ռաունդը նշանավորվեց նրանով, որ նրանց տարածած համատեղ հայտարարությունում արձանագրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաեւ հումանիտար մի շարք քայլեր իրականացնել:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին այսօր 2016թ. ռուսաստանյան կողմի առաջարկություններն են: «Ես այստեղ հավելելու բան չունեմ»,- ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս ասել էր Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ առաջարկությունների մանրամասները գաղտնի են:

Դրական է, որ Լավրովը մատնանշել էր կարգավորման երեք սկզբունքները: Խոսելով կարգավորման տարբերակների մասին, Լավրովը հավելել էր, որ դրանք համահունչ են այն մոտեցումներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների բազմաթիվ հայտարարություններում, ապա հիշեցրել էր, որ այդ հայտարարություններում նշված է, որ կողմերը պետք է համաձայնության գան՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների վրա:

Նա լրագրողին կոչ էր արել ծանոթանալ համանախագահ երկրների ղեկավարների բազմաթիվ հայտարարություններին՝ հասկանալու համար, թե ինչ առաջարկներ են այսօր սեղանին, եւ հատկապես ընդգծել էր ղարաբաղյան հակամարտության մասին ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ անցած տարվա դեկտեմբերին կայացած նիստում ընդունված վերջին հայտարարությունը: Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերին ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստում ԱՄՆ, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների տարածած համատեղ հայտարարությունում համանախագահող երկրները ողջունել էին այն փաստը, որ 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցություններից հետո զոհերի թիվը նվազել է: Նախարարները կոչ էին արել կողմերին շարունակել իրականացնել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կոնկրետ միջոցներ ձեռնարկել իրենց երկրների բնակչությանը խաղաղությանը պատրաստելու համար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  23.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930