Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրցիները չգիտեն` ցանքս անե՞ն, թե` գլուխները չդնեն հոգսի տակ

Ապրիլ 24,2019 14:30
hox

Արմենակ Հովհաննիսյանը երկմտանքի մեջ է՝ չգիտի հողատարածքը վարի՞, ցանքս կատարի՞, թե` ոչ: Անցյալ տարվա դառը փորձը գյուղատնտեսի աչքը վախեցրել է։ Գյուղվարկ է վերցրել, սերմացու, պարարտանյութ գնել, իսկ ամռան կեսին՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով մոտ 10 տոննա ձմերուկի բերքը կորցրել է։

Արմավիրի մարզում տարեկան շուրջ 10.500 հա հողատարածքներ ուղղակի չեն մշակվում ջրի բացակայության պատճառով, որը մեծ ազդեցություն է ունենում գյուղատնտեսության վրա: Այս մարզում ոռոգելի տարածքները կազմում են 63.300 հա` տնամերձի հետ միասին: Ըստ մասնագետների, ստորերկրյա ջրերի մակարդակը մարզում 3-4 տարիների ընթացքում մոտավորապես 500 միլիոն խորանարդից ավելի պակասել է, ինչը գյուղատնտեսության համար լուրջ խնդիրներ է առաջացրել:

«Մարզի համար ընդհանրապես ջրի կարիքները սահմանվում են 250-300 մլն խորանարդ: Ջրի աղքատության խնդիր չունենք: Հիմնականում ունենք ջրի արդյունավետ կառավարման խնդիր: Օրինակ, ձկնաբուծարաններում ջրի ոչ ճիշտ կառավարում, շատ դեպքերում ջուրն օգտագործվում է անխնա: Մեզ մոտ խնդիրը ջրի էֆեկտիվ կառավարումն է»,- ասում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Ներտնտեսային եւ միջտնտեսային ջրամբարների քայքայված լինելու պատճառով Արմավիրում ջրի կորուստները բավականին շատ են:

«Հողային շերտով ոռոգում կազմակերպելու ժամանակ ջրի մոտ 50%-ից ավելի կորուստ ենք գրանցում: Ոռոգման ցանցերի մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են եւ կարծում ենք, որ սեզոնի բացման հետ կկարողանանք ջուրը պատշաճ ձեւով հասցնել ջրօգտագործողներին»,- ասում է պարոն Մաթեւոսյանը:

Գյուղացիները պատմում են, որ բացի ոռոգման ջրից, սեզոնին մի շարք խնդիրների առաջ են կանգնում: Գյուղտեխնիկայի, պարարտանյութի, դիզվառելիքի եւ սերմացուի խնդիր եւս ունեն:
Բոլոր գյուղական համայնքներում տեխնիկայի դեֆեցիտ կա, եղածը մաշված է, նորերը բացակայում են, գյուղեր կան, որ հարեւան գյուղերից են վարձում վար ու ցանք անող տրակտորներ: Թունաքիմիկատների անորակությունը գերխնդիր է դարձել գյուղացիական տնտեսությունների համար. «Վերահսկողություն չկա, որակի երաշխիք չկա»,-ասում են գյուղացիները»:

ՄԱՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930