Լրահոս
Օրվա լրահոսը

Թողտվությամբ իրականացված հետաքննություն

Ապրիլ 24,2019 14:00

Թե 1998 թվականին եւ թե 2017 թվականին ստացել էր ժառանգության իրավունքի վկայագրեր

Գայանե Ավետիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Հայրապետյանը երեկ բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ: Առերեւույթ տուժողը՝ Գայանեն, հաղորդում էր տվել հանցագործության մասին՝ նշելով, որ Սոֆյա Հովսեփյանը կեղծ փաստաթղթերի հիման վրա ստացել է մոր եւ տատու ժառանգությունը` ներկայացման իրավունքով:

Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Օ. Շախկուլյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նշված որոշումը Գայանե Ավետիսյանը ստացել է ապրիլի 17-ին:

Գայանե Ավետիսյանը, ըստ փաստաբանի, իր ընտանիքի հետ 1997 թվականից մշտապես բնակվում է մայրաքաղաքի Ներքին Շենգավիթ 13 փողոցի 32 հասցեում գտնվող տանը, որը գնել էր ներքին առուվաճառքի պայմանագրի հիման վրա: 1997 թվականից սկսած՝ իրականացրել է գույքի պահպանման հետ կապված բոլոր ծախսերը` ջրի, հոսանքի, հողի եւ գույքի հարկի: Իր կողմից տունը ձեռք բերելուց հետո մեկ տարի անց` 1998 թվականին կրկին ներքին առուվաճառքի հիման վրա տան մի մասը` 32 քմ վաճառել է Աշոտ Տոնոյանին, իսկ մյուս մասում շարունակել է ապրել մինչ օրս: Իր հարեւանությամբ բնակվող Աշոտ Տոնոյանի որդին` Նարեկ Տոնոյանը, 2019 թ. փետրվարին տեղեկացրել է, որ նրանց դեմ հայց է ներկայացնելու` վտարման պահանջով, քանի որ այդ գույքի սեփականատերն այլեւս իրենք են: Անկասկած նշվածը կասկածի տեղիք է տվել, քանի որ իրենց միջեւ եղած այլ դատավարություններից վերջինիս հայրը պարտություն է կրել եւ չէր կարող դառնալ այդ գույքի սեփականատեր: Ստանալով կադաստրային գործի նյութերը՝ պարզ է դարձել, որ Սոֆյա Սամսոնի Հովսեփյանը դարձել է այդ գույքերի սեփականատեր, այնուհետեւ մի մասը վաճառել Նարեկ Տոնոյանին: Փաստաբանն «Առավոտին» ասում է. «Կադաստրային գործի նյութերից պարզ է դարձել, որ

1. Ներքին Շենգավիթ 13 փող., տուն 32 հասցեում գտնվող գույքը գույքագրվել է Սիրանուշ Մարգարյանի անունով, ով 1973 թվականին իր բաժնի 3/5-րդ մասը օտարել է դստերը` Լենա Աղաջանյանին:

2. Լենա Աղաջանյանի դուստր` Սոֆյա Սամսոնի Հովսեփյանը` բնակվող` Արտաշատի շրջանի Մրգանուշ գյուղում, 25.12.1998 թ. ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն, որը վավերացվել է նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից, ներկայացման իրավունքով ստացել է տատու` Մարգարյան Սիրանուշի (մահացած` 09.03.1980թ.) ժառանգությունը:

3. Մոր մահից հետո գրեթե 40 տարի անց Սոֆյա Հովսեփյանը 27.12.2017 թ. ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա ստացել է նաեւ մոր` Լենա Աղաջանյանի ժառանգությունը, ով մահացել է 28.11.1979 թ.:

Սոֆյա Հովսեփյանը իր անվամբ տունը գրանցելուց հետո դրա մի մասը շուկայականից էականորեն ցածր գնով՝ 800.000 դրամով վաճառել է Աշոտ Տոնոյանի որդուն` Նարեկ Տոնոյանին»:
Գլխավոր դատախազին ուղղված բողոքում նշվում է, որ Գ. Ավետիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Շենգավիթի ոստիկանության բաժին, նշելով, որ ժառանգական գործընթացը իրականացվել է ապօրինի կամ կեղծ տեղեկանքների հիման վրա, քանի որ Ս.Հովսեփյանը չէր կարող 1998 թվականին եւ 2017 թվականին ստանար ժառանգության իրավունքի վկայագրեր եւ ինչպես նախկին օրենսդրությամբ, այնպես էլ ներկայիս օրենսդրությամբ, անձը կարող է ժառանգություն ընդունել անձի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում` նոտարին դիմում ներկայացնելու միջոցով կամ եթե անձի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում տիրապետել, կառավարել է ժառանգական գույքը, կատարել կոմունալ բոլոր վճարումները, իսկ Ս.Հովսեփյանը Երեւան քաղաքի Ներքին Շենգավիթ 13 փողոց, տուն 32 հասցեում երբեւէ չի բնակվել, ավելին՝ վերջինս 1976 թվականից ապրում է ՀՀ Արարատի մարզի Մրգաշեն գյուղի Իսահակյան 7 հասցեում:
Ի դեպ, գործը Շենգավիթի բաժնից տեղափոխվել է Արաբկիրի ոստիկանության բաժին: Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Օ. Շախկուլյանն էլ որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

«Հետաքննությունը իրականացվել է իմիջիայլոց եւ թերի: Հետաքննության անփույթ աշխատանքի առաջին քայլերը արձանագրվել են որոշման պրեամբուլայում: Մասնավորապես, հետաքննիչը խեղաթյուրելով Գ.Ավետիսյանի հանցագործության մասին հաղորդման եւ բացատրության էությունը, նշել է, որ Շենգավիթի բաժնից ոստիկանության Արաբկիրի բաժին է ստացվել նախապատրաստված գործի նյութերը` Ս.Հովսեփյանի կողմից 27.12.2017 թ. կեղծ փաստաթղթի հիման վրա մոր ժառանգությունը ստանալու փաստի շուրջ, մինչդեռ Շենգավիթի բաժնում Գայանե Ավետիսյանը ներկայացրել է դիմում, հաղորդում հանցագործության մասին եւ տվել բացատրություն, որ Ս.Հովսեփյանի կողմից մոր` Լենա Աղաջանյանի եւ տատու` Սիրանուշ Մարգարյանի ժառանգական գործընթացը իրականացվել է կեղծիքի հիման վրա, մասնավորապես կամ նոտարական գործն իրականացվել է անօրինական կամ ժառանգական գործընթացը իրականացվել է կեղծ փաստաթղթի (տեղեկանքի) հիման վրա»,-«Առավոտին» ասում է Զ.Հայրապետյանը:

Փաստաբանն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանագամանքի վրա, որ հետաքննության մարմինը առհասարակ չի անդրադարձել 1998 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրին, այդ մասով չի իրականացրել բացարձակապես որեւէ քննություն. «Չի փորձել պարզել, թե ինչի հիման վրա է տրվել 1998 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը` արդյոք նոտար Մելքոնյանի կողմից իրականացվել է անօրինական գործարք, թե որեւէ կեղծ փաստաթղթերի հիման վրա է տրվել ժառանգության իրավունքի վկայագիրը»:

Մեր այն հարցին, որ զրույցի ժամանակ ասացիք, թե գործում առկա են եղել ժառանգության երկու վկայագրեր, մասնավորապես, 2017 թվականին տրվածն էլ, փաստաբանն ասաց. «Ինչ վերաբերում է 2017թ. վկայագրին, ժառանգության իրավունքի վկայագրի մասով իրականացված հետաքննությանը, ապա պետք է փաստենք, որ հետաքննության մարմինը ձեռնամուխ չի եղել պարզելու գործի ամբողջական փաստերը եւ սխալ հասկանալով առերեւույթ հանցագործության էությունը, չի ապահովել գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը»:

Ըստ նոտար Ի. Շահնազարյանի տրված տեղեկանքի՝ 2017 թվականի տրված ժառանգական գործընթացը իրականացվել է օրինական, քանի որ վերջինիս ներկայացվել է ՀՀ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 22 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ս. Ղեւոնդյանի կողմից 22.12.2017 թ. տրված տեղեկանք, համաձայն որի` Լենա Աղաջանյանը մինչ մահը բնակվել է ք. Երեւան, Ն. Շենգավիթ 13 փողոց., 32 տուն հասցեում, նրա մահվան օրվանից նշված հասցեի անշարժ գույքը փաստացի տիրապետում եւ կառավարում է Սոֆյա Հովսեփյանը, միջոցներ է ձեռնարկում գույքը պահպանելու համար, ինչպես նաեւ կատարում է պարտադիր նորմերի վճարումները:

Այս գործով կան հարեւանների հայտարարությունները, ապացույց- տեղեկանք այն մասին, որ այդ գույքի կառավարումը, փաստացի տիրապետումը իրականացրել է Գայանե Ավետիսյանը, պարտադիր նորմերի վճարումները իրականացրել է Գայանե Ավետիսյանը, իսկ մեկ այլ ապացույցի համաձայն՝ նույն Սոֆյա Հովսեփյանը 1976 թվականից ապրում է Արտաշատ քաղաքի Մրգաշեն գյուղում եւ չէր կարող մոր մահից հետո փաստացի տիրապետեր եւ կատարեր պարտադիր նորմերի վճարումները:

«Նշվածից պարզ է դառնում, որ ՀՀ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 22 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ս. Ղեւոնդյանի կողմից 22.12.2017 թ. տրված տեղեկանքը հանդիսացել է իրավահաստատող փաստաթուղթ, որի հիման վրա նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստ է հաստատել եւ արձանագրել, որ Սոֆյա Հովսեփյանը մոր մահից հետո փաստացի տիրապետել եւ իրականացրել է բոլոր վճարումները եւ տրամադրել է ժառանգության իրավունքի վկայագիր: ՀՀ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 22 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ս. Ղեւոնդյանի կողմից 22.12.2017թ. տրված տեղեկանքը` նրանում արձանագրված տեղեկութունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը, սակայն հետաքննության մարմինը այս մասով եւս չի իրականացրել որեւէ քննություն»,-ասում է Գ. Ավետիսյանի ներկայացուցիչը:

Դատախազին ուղղված բողոքում նշվում է, որ հետաքննության մարմնի պատշաճ քննության չիրականացման արդյունքում կայացվել է չհիմնավորված, չպատճառաբանված եւ անօրինական որոշում եւ չի հարուցվել քրեական գործ: Իսկ թերի իրականացված հետաքննության արդյունքում Գայանե Ավետիսյանը կզրկվի սեփականության իրավունքից, որի նկատմամբ ունի իրական լեգիտիմ ակնկալիքներ:

Փաստաբանը չի բացառում, որ ներպետական ատյաններում պատշաճ քննության չիրականացման դեպքում ձեռնամուխ կլինեն դիմելու ՄԻԵԴ՝ արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930