Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի պահ ժողովրդի հավատը մեծ էր, որ իրենց վիճակը լավանալու է»․ Վահան Թումասյանը՝ հետհեղափոխական մեկ տարվա մասին

Ապրիլ 23,2019 22:33

Aravot.am-ը «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանին հարցրեց, թե թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց փոփոխություննե՞ր նկատելի են Գյումրու սոցիալապես անապահով մարդկանց ապրելակերպում։ Հիշեցնենք, որ Վահան Թումասյանի գլխավորած կառույցը սոցիալական տարբեր ծրագրեր է իրականացնում, վառելափայտ է բաժանում, բարերարներ գտնում ու բնակարաններ գնում անապահով ընտանիքներին։

Պարոն Թումասյանի ասելով, հեղափոխություններից հետո սովորաբար սոցիալ-տնտեսական վիճակն անկում է ապրում։

«Եթե վերցնենք այն մարդկանց, որոնց հետ ես շփվում եմ՝ սոցիալապես անապահով ընտանիքների, նրանց վիճակն ավելի է վատացել․ եթե նախորդ տարիներին մենք կարողանում էինք նվազագույնը 900-1000 ընտանիքների վառելափայտ տրամադրել ձմռան ամիսներին, այս տարի պարտադրված, ինչպես ասում են, կաշվից դուրս գալով կարողացել ենք հայթայթել ու բաժանել 1500-1600 ընտանիքի, որովհետև նրանք մի փոքր միջոց անգամ չեն ունեցել այդ խնդիրը լուծելու։ Սա կամ հետհեղափոխական սթրեսն է, անկումն է ֆինանսական, սոցիալական, կամ գուցե պիտի լիներ, եթե իշխանափոխություն էլ չլիներ, պիտի լիներ, այսինքն ես չեմ պնդում, որ պատճառը հեղափոխությունն էր։

Մի պահ հասարակության, ժողովրդի հավատը մեծ էր, որ իրենց վիճակը լավանալու է, գուցե չբացատրված հավատ էր, գուցե չէին կարողանում բացատել, թե ինչո՞ւ պիտի արագ փոփոխություններ լինեն, ի՞նչ հիմք ընդունելով։ Իհարկե, կարող էին խոսել կոռուպցիայի դեմ պայքար, այլևս բյուջեից թալան չի լինելու և այլն, և այլն, բայց այս մի տարին հետահեղափոխության տրամաբանությամբ, հետհեղափոխության իներցիայով ենք գնում, և այդ իներցիան սոցիալական անկում է տանում։

Գուցե քաղաքական, ազատությունների առումով անկում չէ՝ խոսքի ազատության, քաղաքական իրադարձությունների, Ազգային ժողովում քննարկումների և այլն, բայց եթե խոսենք միայն սոցիալ-տնտեսական առումով, անկում է, և այն պետք է բերեր արտագաղթի ավելացման։ Երիտասարդները, որոնք նախորդ տարիներին մի կերպ գոյատևում էին Գյումրիում, հիմա տեսնում ես, որ բռնել են արտագաղթի կամ խոպան կոչվածի ճանապարհը, որովհետև իրականում գոյատևման այլ ելք Գյումրիում չեն տեսնում։

Գյումրին, որը կարծես թե քաղաքական պրոցեսների կիզակետում էր․ Նիկոլ Փաշինյանն է սկսել իր հայտնի քայլերթը, բայց ամենացավալի երևույթը որ կա, երկրի համաչափ զարգացման տեսլականի բացակայությունն է ներկա իշխանությունների մոտ՝ դրանից բխող մյուս հետևանքներով», -ասում է մեր զրուցակիցը։

Վահան Թումասյանը համոզված է, որ իշխանությունները ուշ, թե շուտ սա գիտակցելու են, որ երկրի համաչափ զարգացման համար պետք է տարբեր ծրագրեր կազմել, որոնք մայրաքաղաքից դուրս կբերեն ռեսուրսները։ Մեր զրուցակիցը ողջունում է ավտոմեքենաների մաքսազերծման դուրս բերումը մայրաքաղաքից։

«Պատկերացրեք, եթե Երևանից 5-6 մաքսային մեծ տերմինալներ գան Գյումրի: Oրական տասնյակ բեռնատար, հսկա մեքենաներ մտնում են Երևան, հասկանում եմ՝ ինչու էին Երևանում, դրանք բոլորը վարձակալած շինություններում են, այդ շինությունների հետևը կանգնած են մեծ փողատերերը, և իրենց ձեռ է տալիս վարձակալությամբ տալը, բիզնես չեն անում, արտադրություն չեն դնում․ էժան սեփականաշնորհել են ալան-թալանի տարիներին, հիմա վարձով տալիս են պետությանը, վարձն ամեն ամիս դնում են գրպանները։ Եվ էդ մաքսատներում էլ աշխատում են մարդիկ, փողատերերի մարդիկ են, պատահական մարդիկ չեն աշխատում, և գրեթե բոլոր փողատերերը Երևանում են, Երևանից դուրս մենք բիզնես չունենք, չունենք օլիգարխներ։ Ձեռնտու է եղել մաքսային բոլոր կետերը հավաքել Երևանում, որովհետև անձնական շահ կար էստեղ, բայց դրանից տուժում էր և մայրաքաղաքը, որովհետև ամեն օր հսկա քանակությամբ բեռնատարներ են մտնում Երևան, Երևանում էլ գիտենք երթևեկության վիճակը, եթե դրանք կհանեն Երևանից, և՛ Երևանը կշահի, և՛ հանրապետության մյուս մարզերը կշահեն․ որոշ կյանք, շարժ կսկսվի»,- ասում է Վահան Թումասյանը։

Նրա թվարկմամբ, երկրորդ քայլը պիտի լինի սոցիալական բնակարաշինության ծավալումը, անօթևանության խնդրի լուծումը, բիզնեսի որոշ տեսակներ ստիպողաբար դեպի մարզեր ուղղորդելն, այդ թվում Գյումրի քաղաք։

«Նախարարությունների տեղափոխումը Գյումրի կամ մեկ այլ քաղաք դարձրել են լեզվի փաթաթան, սա ոչինչ չի տա, ավելորդ ծախսեր են պետության վրա, դրա փոխարեն թող մի խոշոր բուհ տեղափոխեն՝ բժշկական համալսարանը, տնտեսագիտական համալսարանը մայրաքաղաքից դուրս հանեն և՛ կթեթևանա մայրաքաղաքի հոգսերը, և՛ տվյալ մարզը, Գյումրին կամ Վանաձորը սկսեն շնչել։ Օրինակ՝ Գյումրիում ամենաահավորն այն է, որ սպառող չունենք, քաղաքը դատարկվել է, բիզնեսը չի կարող աշխատել, ովքեր կարողացել են, արտերկիր են մեկնել, մյուսները՝ Երևան, դատարկ քաղաքում ի՞նչ բիզնես անես։ Արհեստական շնչառություն պիտի տաս մարզերին»,-ասում է Վահան Թումասյանը։

Նա նաև նշում է, որ հավակնոտ ծրագրեր պիտի իրականացնել, օրինակ՝ Ախուրյանի ջրամբարի երկայնքով բոլշևիկյան ժամանակաշրջանում փշալարեր են ամրացվել, որի պատճառով Շիրակի մարզի գյուղերը շնչահեղձ են լինում․ ո՛չ կարող են ջրից օգտվել, ո՛չ էլ հանգստի վայր կա, ո՛չ էլ կարող են ձկնորսությամբ զբաղվել։

«Պատկերացրեք, եթե հասցեին նրան, որ ռուս-թուրքական պայմանագիրը վերանայվեր և փշալարերը մի 10-15 մետր տարվեր ջրի խորքը, ինչքան լավ կլիներ շրջակա գյուղերի համար։ Թուրքիայի կողմից ոչ մի փշալար չկա, իրենք առանց խոչընդոտի մոտենում են ջրին, իսկ մենք չենք կարողանում, հավակնոտ ծրագիր կլիներ և գյուղերի համար փրկության մի նշույլ»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930