Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի դրոշն այրվեց. մեկնարկեց Ջահերով երթը (Ֆոտոշարք)

Ապրիլ 23,2019 20:25

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած Ջահերով երթը: Այն կազմակերպվում է արդեն 20-րդ տարին: Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ ընթացող ջահերով երթն այս տարի անցկացվում է «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսով: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին այսպիսի ջահերով երթեր են այս պահին անցկացվում ՀՀ մարզերում, Արցախում և սփյուռքում: «Ճանաչում», «հատուցում» վանկարկելով Ազատության հրապարակում հավաքված հազարավոր երիտասարդները հայտարարեցին՝ միայն ճանաչումով չեն սահմանափակվելու, հայոց դատը պետք է լուծվի ամբողջական և արդար հատուցմամբ:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Ղազարյանը, դիմելով պահանջատեր, ջահակիր հայ երիտասարդներին, հայտարարեց. «Քսան տարի առաջ այս օրը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունները կազմակերպեցին ջահերով երթը: Ձեր երթը շարունակվում է քանի դեռ ցեղասպան Թուրքիան չի առերեսվել իր պատմական ճշմարտության հետ, ձեր երթը շարունակվում է, քանի դեռ մարդկության դեմ ծանր հանցագործություն կատարած պետության իրավահաջորդը՝ ներկայիս Թուրքիան և նրա իշխանությունը, շարունակում է մերժման և ժխտողական քաղաքականությունը: Ձեր երթը, վստահորեն ասում եմ, պսակվելու է հաղթանակով, քանի որ համոզված եմ արևմտահայության ժառանգները վերադառնալու են իրենց հայրենիք, բնօրրան, իրենց հայրական տուն, բայց տիրոջ կարգավիճակով: Սա է ջահերով երթի վերջնական նպատակը: Պատահական չէ, որ այս տարի մեր կարգախոսն է արդար և ամբողջական հատուցում: Մեր՝ ավանդական դարձած ջահերով երթի կարգախոսը մնացել է նույնը՝ «Իմ անունն է պայքար և վախճանս հաղթանակ»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը նշեց՝ 20 տարի շարունակ այս երթին միացել են բազմահազար քաղաքացիներ, որոնք ունեն տարբեր գաղափարներ, քաղաքական հայացքներ, տարբեր կուսակցության են պատկանում. «Սակայն, երբ հարցը վերաբերում է մեր ազգային դատին ու պայքարին, մենք բոլորս մի կողմ ենք դնում տարբերությունները: Այս տարիների ընթացքում ընդդեմ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության աշխարհի տարբեր ծայրերում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հազարավոր քաղաքացիներ: Մեր պայքարի մի մասն է «Նեմեսիս» գործողությունը, որը մենք որդեգրեցինք, քանի որ անպատիժ էին մնացել Հայոց ցեղասպանության կազմակերպիչները: Մեր այս երկար պայքարի իսկական հաղթանակն է ազատ և անկախ Հայաստանը, ազատ և ազգային պետությունը, և այդ պետության պաշտպանող ազգային բանակն է մեր իրական երաշխավորը: Մեր այս պայքարը շարունակվելու է ամբողջական և արդար հատուցմամբ: Դեպի ամբողջական և արդար հատուցում, դեպի ազատ, անկախ և միացյալ Հայաստան»:

Այս բառերի ներքո էլ երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը: Այնուհետև վառվեցին ջահերը, և թմբուկների հարվածների ու հայրենասիրական երգերի ներքո երիտասարդները շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ գոչելով «Մուշ, Վան , Արդահան, մեր հողերն են պատմական», «ճանաչում», «հատուցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930