Հայկական արմատներով հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի սյունյակում զուգահեռներ է անցկացրել Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխություններում թվային տեխնոլոգիաների դերակատարության միջև:
«Զելենսկին ջախջախիչ հաղթանակ է տանում Ուկրաինայի ընտրություններում: Կարևոր է հիշել, որ դրանում մեծ է Ինստագրամի, ինֆոթեյնմենթի և զվարճանքների աշխարհի հաղթանակը, որում մենք ապրում ենք:
Զելենսկու նկատմամբ ամենայն համակրանքով հանդերձ (նրա հետ բազմիցս բեմ եմ բարձրացրել, երբ Սաշա Ցեկալոյի հետ վարում էինք «Լավ կատակները») ինձ համար ակնհայտ է, որ նա, ինչպես և Փաշինյանը Հայաստանում, դեռ հետո կտեսնեն գործնական, կառավարական աշխատանքի ամբողջ ծավալը և բարդությունը:
Երբ ես նայում էի բանավեճը, ինձ համար նաև ակնհայտ էր, որ մարդիկ այն թեկնածուի կողքին կկանգնեն, ով կկարողանա պրոֆեսիոնալ կերպով դուր գալ: Ընտրությունը բարդ չէր. աչքերի տակ պարկերով, տռզած և ծանրաշարժ օլիգարխ, թե՝ համակրելի և ժպտերես երիտասարդ, որն արտահայտիչ ձայնով խոսում է ճիշտ բաների մասին:
Ի դեպ, միլլենիալների նախասիրությունների մասին: Նրանք ակներևաբար լավատեսական friendly-կոնտենտի կողմնակից են՝ ճիշտ գունավորմամբ, որն այնքան պահանջված է «Ինստագրամում»: Այդ սոցցանցում թեկնածուների հայտնիությունը ավելի ակնհայտ է դարձնում նրանց հեռանկարներն ընտրություններում:
Բարի գալուստ նոր իրականություն, նոր պարադիգմերի աշխարհ: Այստեղ թվայինը ղեկավարում է լսարանի ուղեղները նոր կանոններով՝ արհամարհելով ուղղահայաց ինստիտուտները: Դա վերաբերում է բոլորին, և ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիներին. չէ՞ որ Փաշինյանից հետո Զելենսկիի ընտրությունը ոչ այլ ինչ է, քան փոխկապակցված իրադարձությունների շղթա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ