Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, այսօր ավարտվեց «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը:
Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել`իր կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Խոսքը վերաբերվում է Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։
Ըստ հայցվոր կողմի՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք վերաբերվում են Քոչարյանի ընտանիքին, չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։
Նախորդ նիստն ընդմիջվել էր`հայցվորի ներկայացուցչի միջնորդությամբ, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու պատասխանողի կողմից ներկայացված գրավոր ապացույցներին: Այսօր, հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը ներկայացրեց իր առարկությունները`գրավոր: Ըստ այդմ, ապացույցներն անթույլատրելի են, քանի որ հայտնի չէ, թե դրանք ի՞նչ կերպ են ձեռք բերվել:
Կարդացեք նաև
Պատասխանողի ներկայացուցիչը նկատեց`իրենց կողմից ներկայացված են ինը հոդվածներ, որոնք հիմնավորում են, որ Արթուր Վանեցյանի հայտարարությունները Սեդրակ Քոչարյանի դեմ ուղղված չեն`ինչպե՞ս, ինչո՞վ են հիմնավորում, հիմնավորո՞ւմ են, թե`ոչ, դատաքննության ընթացքում կներկայացնեն: Ամեն դեպքում, պատասխանող կողմը նշում է`մամուլում լույս տեսած հոդվածները ներկայացվել են այդ փաստն ապացուցելու նպատակով: Արթուր Վանեցյանի կողմից տրված ասուլիսի հաղորդագրությունն էլ ներկայացվել է`ի ապացույց նրա, որ Վանեցյանը գործել է իբրեւ պաշտոնատար անձ, ոչ թե ֆիզիկական: Իսկ քրեական գործի հարուցման վերաբերյալ ներկայացված ԱԱԾ-ի հաղորդագրությունը եւ լրատվական կայքում լույս տեսած նյութը, ներկայացվել են, ընդամենը հիմնավորվելու համար, որ որոշակի փաստի առթիվ, որոշակի հանցակազմի հատկանիշներով քրեական գործ է հարուցված:
Հայցվորի ներկայացուցիչն ասաց`դատարանի որոշում կա, որ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածն է խախտվել Արթուր Վանեցյանի այդ ասուլիսում արած հայտարարությամբ: Նոր են ստացել վճիռը, ավելի ուշ, այն կներկայացվի կողմին եւ դատարանին:
Անմեղության կանխավարկածի խախտման մասով էլ, պատասխանողի ներկայացուցիչը կարծում է, որ հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդվածն իրեն ձեռնտու տեսանկյունից է մեկնաբանում: Խոսքը խախտումով ձեռք բերված ապացույցի մասին է: Պատասխանողի ներկայացուցչի մատուցմամբ`սույն գործով պատասխանողը ֆիզիկական անձ Արթուր Վանեցյանն է, ով ապացույցը ձեռք չի բերել խախտմամբ, ընդամենը արտատպել է համացանցում օբյեկտիվորեն առկա տեղեկատվությունը: Պատասխանողի ներկայացուցչի համոզմամբ, ապացույցի ձեռք բերման գործընթացը միանգամայն օրինական է, եթե անգամ դատարանը կգտնի, որ խախտում կա, ապա Արթուր Վանեցյանը այն ձեռք է բերել լիովին օրինական ճանապարհով: Այս դրվագով, պատասխանողի ներկայացուցիչը պատրաստ է վերապահումների: Միաժամանակ, պատասխանողի ներկայացուցիչը նկատեց, որ հայցվորի նկատմամբ կա հարուցված քրեական գործ`190 հոդվածի հատկանիշով եւ, որ ԱԱԾ-ի հաղորդագրության տարածման պահին հայցվորն ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, ինչը նաեւ հայցվորի ներկայացուցիչն է ընդունում:
Հայցվորը չի ընդունում առարկությունները, բայց քանի որ նախնական դատական փուլ է, իրավական բանավեճի մեջ չմտավ:
Նախնական դատն ավարտվեց, դատաքննությունը նշանակվեց հունիսի 25-ին, 15.30-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ