Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանելու, մորթելու, պատժելու հասարակական պահանջը որեւէ լավ տեղ չի տանի». Էլինար Վարդանյան

Ապրիլ 23,2019 18:15

«Կրթական համակարգում բարեփոխումներ չկան: Միայն մտնում են դպրոց, պահակի կամ տնօրենի ձեռքը բռնում ու ասում, թե այս ի՜նչ լուրջ կոռուպցիան են հայտնաբերել: Նախկինում եղած կոռուպցիայի մասին է խոսքը»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր ՀՀ նոր իշխանությունների բարեփոխումներին այսպիսի գնահատական տվեց ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Էլինար Վարդանյանը: Նրա գնահատմամբ՝ բարեփոխումներ չկան նաեւ դատական համակարգում. «Կան միայն հայտարարություններ այն մասին, որ իշխանությունն այլեւս դատական համակարգի վրա ազդեցության մեթոդ չի կիրառելու, չի խառնվելու: Մի բան է հայտարարել, մեկ այլ բան՝ արձանագրել իրականությունը: Եթե ուզում ենք ժողովրդավարական պետություն կառուցել, պետք էր սկսել հենց դատաիրավական համակարգի բարեփոխումներից, որոնք անգամ չեն ուրվագծվում»:

Էլինար Վարդանյանի բնորոշմամբ՝ վերջին մեկ տարում հասարակությունն այն աստիճանի է բաժանվել «հեղափոխականների» եւ հակահեղափոխականների», որ զարգացում ակնկալելը ճիշտ չէ. «Որպես օրինակ նշեմ, որ անմեղության կանխավարկածը պետք է գործի բոլորի պարագայում, այդ թվում՝ քաղաքական հակառակորդների, ոչ թե միայն յուրայինների: Խնդիրները խորանում են, հատկապես՝ սպանելու, մորթելու, պատժելու հասարակական պահանջը: Նման մթնոլորտը, վստահեցնում եմ, որեւէ լավ տեղ չի տանի»:

Ինչ վերաբերում է ապրիլի 27-ն օրենքով Քաղաքացու օր սահմանելուն, Էլինար Վարդանյանը նկատեց. «Եթե քաղաքացին իսկապես ձեւավորված լիներ, 365 օրն էլ պետք էր նշել որպես քաղաքացու օր: Բայց մարդիկ, որոնք մեկ տարի առաջ փողով գնում էին քվեարկության, իսկ հետո՝ ճանապարհ փակում, այս ընթացքում չդարձան քաղաքացի: Երբ մարդը ոտքով բացում է կառավարության դուռը՝ ասելով, որ դա իր կառավարությունն է, դա չի խոսում քաղաքացիական կեցվածքի մասին: Կամ, երբ մարդուն հրահանգում են աշխատանքից դուրս գալ, նա էլ դիմում է գրում եւ դուրս գալիս՝ չպայքարելով իրավունքների համար, դա չի խոսում քաղաքացիական գիտակցության մասին: Նման շատ օրինակներ կարելի է բերել՝ բանակից սկսած»: ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի գնահատմամբ էլ՝ Քաղաքացու օր հայտարարելը նպատակ չունի. «Սա կարող է նախադեպ լինել: Ամեն հաջորդ իշխանություն իր՝ իշխանության գալու առթիվ ինչ-որ տոնական օր է հայտարարելո՞ւ…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930