Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել առանց աղմուկի ու քարոզչական նպատակների»․ «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ

Ապրիլ 23,2019 17:57

Aravot.am-ը «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանին հարցրեց, թե սոցիալական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, որն ուղեկցվում է նպաստների համակարգում չարաշահումներ թույլ տված որոշ տեսուչների, պատասխանատուների ձերբակալություններով, արդյոք որոշակիորեն նպաստե՞լ է աղքատ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը․ վերականգնվե՞լ է նրանց նպաստը, որոնք կամայականությունների արդյունքում էին զրկվել դրանից։

«Ես, անկեղծ ասած, այնքան էլ տեղյակ չեմ սոցիալական ծառայություններում արվող ձերբակալություններից, բայց երբ որ մի գործողություն ես անում, պետք է զգույշ լինես, որ ունքը սարքելուն աչքն էլ հետը չհանես։ Օրինակ՝ դպրոցներում սկսել են ձերբակալություններ, Հայաստանում համատարած, մասսայաբար բոլոր դպրոցներում եղել են կոռուպցիոն երևույթներ, դրամահավաք։ Իհարկե, դրա դեմ պետք է պայքարել, բայց օգտագործել քարոզչական եղանակ՝ վարկաբեկել ամբողջ կրթական համակարգը, դա բացասական երևույթների կբերի։

Նույնը սոցիալական ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համապատասխան մարմինների աշխատանքը լինի, դա ամենօրյա գործընթաց պետք է լինի, որ մարդիկ հասկանան՝ առանց կաշառքի պետք է ապրեն, իրենք պաշտոնյա են՝ սահմանված աշխատավարձով, ուզում ես աշխատել, աշխատի, չես ուզում, գնա բիզնես արա, կամ մեկ այլ գործով զբաղվի, բայց քարոզչական նպատակով փորձել ամբողջ հասարակության ուշադրությունը բևեռել և վատ ապրելու մեղքը դրա վրա բարդել՝ արդարացում չէ։

Մարդիկ, ի վերջո, կհասկանան, որ, այսպես ասած, այդ աղմուկն էլ մարավ, բայց իրենց սոցիալական վիճակը չփոխվեց։ Հասկանալի է՝ սոցիալական նպաստները շատ մարդկանց համար գոյատևման միջոց են, բայց այդպես չի եղել, որ ամենածայրահեղ ընտանիքները զրկված են եղել սոցիալական նպաստ ստանալուց։ Այլ խնդիր է, որ մարդիկ, որոնք առանց այդ նպաստի կարող էին գոյատևել, իրենց գլխի ճարը տեսնել, իրենք էլ են ինչ-որ ճանապարհներով սողոսկել են այդ ցուցակները։

Այսինքն` այդ ցուցակների մարումը չի բերում սոցիալապես ծայրահեղ ընտանիքների վիճակի կտրուկ բարելավման։ Դրանք միմյանց հետ կապելը չէր կարող արագ փոխել իրավիճակը, գուցե երկարաժամկետ առումով փոխի․ բյուջեում շատ փող լինի, նպաստներն ավելանան և այլն, և այլն։

Ամենակարևոր խնդիրը տնտեսության ստեղծումն է, փողերի ռացիոնալ օգտագործումն է»,- ասում է Վահան Թումասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Թումասյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930