Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Սարգսյան. «Վստահ եմ, որ թեքբոլը Հայաստանում սիրված մարզաձեւ կդառնա հատկապես մարզերում»

Ապրիլ 23,2019 17:38

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում առաջին անգամ տեղի ունեցան թեքբոլի ցուցադրական ելույթներ:

Թեքբոլը, որը մի քանի մարզաձեւերի՝ սեղանի թենիսի, ֆուտբոլի, վոլեյբոլի համադրություն է, համեմատաբար երիտասարդ մարզաձեւ է եւ մինչեւ Հայաստան գալը գործել է աշխարհի 65 երկրներում: Մենք 66-րդ երկիրն ենք: Հայաստանում այս մարզաձեւի ֆեդերացիայի նախագահը օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Յուրի Սարգսյանն է, որի նախաձեռնությամբ էլ թեքբոլը մուտք է գործում Հայաստան:

Aravot.am-ի հետ զրույցում անվանի մարզիկն ասաց. «Թեքբոլին ծանոթ եմ մոտ վեց ամիս՝ իմ ընկերների շնորհիվ, որոնք միջազգային ֆեդերացիայի պատասխանատու անդամներ են: Թեքբոլը, ինքներդ էլ եք տեսնում, շատ դինամիկ, դիտարժան ու մատչելի խաղ է: Սակայն հարկ է իմանալ, որ գնդակին տիրապետելու իրենց վարպետությունը բարձրացնելու համար այս խաղից հաճախ են օգտվում հանրաճանաչ ֆուտբոլիստները:

Թեքբոլը առանձնապես մեծ ծախսեր չի պահանջում: Անհրաժեշտ է ընդամենը համապատասխան խաղասեղան ունենալ: Այն հավասարապես կարելի է տեղադրել թե ծածկած տարածություններում, թե բացօթյա: Վստահ եմ, որ թեքբոլը Հայաստանում սիրված մարզաձեւ կդառնա հատկապես մարզերում, որտեղ երիտասարդների համար զբաղմունքի տարրական պայմաններ չկան: Դրա համար համագործակցությունն ամենայն հավանականությամբ կսկսենք «Սեւան» գյուղական մարզական կազմակերպության հետ:

Ուրախ եմ, որ ընկերներս չմերժեցին իմ ցանկությունը եւ այսօր ինձ հետ միասին եկել են Հայաստան՝ մարզաձեւն այստեղ զարգացնելու նպատակով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930