Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Առաքելյան. «Նախադրյալներ կան, որ «Սանիթեքը» արբիտրաժային դատարան դիմի»

Ապրիլ 23,2019 17:25

Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ընթացքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձավ «Սանիթեքին»: Նա օրերս խոսել է Երեւանի աղբահանության օպերատոր «Սանիթեքի» ղեկավարի հետ, եւ պարզել, թե ինչ դժգոհություն ունի «Սանիթեքը» եւ ինչ պարտավորություն ունի քաղաքային իշխանությունն այս ընկերության նկատմամբ:

Մինչ Առաքելյանի ելույթը, ավագանիին էր ներկայացվել «Երեւանի վարչական տարածքում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները Երեւան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու որոշման նախագիծը:

Այս նախագիծը ներկայացնում էր փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որն ասաց՝ երկամսյա ժամկետում ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը: Ըստ Սարգսյանի, աղբահանության եւ սանմաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունները «Սանիթեք»-ի հայաստանյան մասնաճյուղն ու «Սանիթեք Ինթերնեյշնլ»-ը պայմանագրային դրույթները խախտում են, որի հետեւանքով այս ընկերությունները տուգանվել են:

Առաքելյանն իր խոսքում ասաց, որ «Սանիթեքից» վստահեցրել են՝ պայմանագրային դրույթների խախտումներ է թույլ տվել նաեւ քաղաքային իշխանությունը. «Իրենց վստահեցմամբ՝ միջազգային արբիտրաժային դատարան դիմելու նախադրյալներ կան, եւ իրենց վստահեցմամբ իրենք հաղթող կլինեն»:

Ավագանու անդամը դիմեց փոխքաղաքապետին, պարզելու՝ քաղաքային իշխանություններն ի՞նչ խախտումներ են թույլ տվել, եւ դատական գործընթացն ինչպե՞ս կանդրադառնա քաղաքապետարանի վարկանիշի վրա:

Հրաչյա Սարգսյանը վստահեցրեց՝ «Բոլորն էլ տեսնում են թե՛ քաղաքապետարանի իմիջը, թե՛ «Սանիթեքի» իմիջը: «Սանիթեքը» հղում չի արել պայմանագրի որեւէ կետին, որը քաղաքապետարանը խախտել է»:

Փոխքաղաքապետի խոսքով՝ «Սանիթեքը» նշում է, որ աղբավայրն է անբարեկարգ վիճակում. «Բայց վստահեցնում եմ՝ մեր պաշտոնավորման ընթացքում աղբավայրն էականորեն ավելի լավ վիճակում է, քան մինչ այդ»: Իսկ թե արբիտրաժ դիմելուց հետո ինչ հետեւանքներ կարող են լինել, Սարգսյանը չասաց, թողեց այդ գնահատականը իրավաբաններին: Բայց նաեւ քիչ հավանական համարեց, որ «Սանիթեքը» կարող է շահել միջազգային դատարանում. «Քանի որ պայմանագիրը, զարմանալի է, բայց հօգուտ քաղաքապետարանի է կնքված եղել, լավ ու խիստ պայմանագիր է»:

Հռիփսիմե Առաքելյանը հայտարարեց՝ ընկերության լիբանանցի ղեկավարը հորդորել է հարցումներ անել քաղաքապետարանին՝ թե ինչպիսի գրագրություն է եղել ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ. «Սա մեզ նույնպես հետաքրքիր է, ես ցավով եմ ասում, որ կարող է դատական գործընթացներում խնդիրներ ունենանք»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Սանիթեքը» բազմաթիվ հարցերի մասին է բարձրաձայնում, բայց խորհուրդ կտամ «Սանիթեքին» դրա տեղն ուղղակի քաղաքը մաքրել: 2-րդը՝ այդ գրագրությունը հասանելի է բոլորին, ընդամենը պետք է «կախարդական գրիչը» եւ «կախարդական թուղթը» վերցնել, մեզ հարցում գրել եւ «կախարդական պատասխանը» կգա, կհասնի ձեզ»:

Ինչ վերաբերում է՝ դատարան դիմելուն եւ ռիսկերին, Մարությանը վստահեցրեց՝ բոլոր մանրամասները հաշվի են առնում, գործում են այնպես, որ համայնքը, հանրությունը, ոչ ոք չտուժի. «Եթե մենք ուշադրություն չդարձնեինք մանրուքներին, կարող էինք շատ ավելի կտրուկ գործել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930