Լրահոս
Օրվա լրահոսը

Անվիճելի է, որ Արցախը պետք է վերականգնվի որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, այլապես հիմնահարցի կարգավորումը հնարավոր չէ. հայտարարություն

Ապրիլ 23,2019 17:04

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մենք՝ ներքոստորագրյալներս` «Արցախի Հանրապետության ձևավորման օրինականությունը միջազգային իրավունքի տեսանկյունից» գիտա-գործնական կոնֆերանսի մասնակիցներս, անվերապահ պաշտպանելով Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախության համար մեր ժողովրդի մղած ազգայինազատագրական պայքարի նպատակներն ու արդյունքները, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ`

Արցախյան հիմնահարցի արդարացի կարգավորումը մեծագույն ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության և հայության հետագա ճակատագրի վրա, ինչը նշանակում է համայն հայության ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը` միասնական դիրքորոշման ձևավորման, համակարգված քայլերի և գործողությունների իրականացման համար:

Մենք պատրաստ ենք ապավինել հիմնահարցի` միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից բխող կարգավորման իրավական գործընթացին:

Օգտվելով հիմնահարցի էության վերաբերյալ միջազգային հանրության որոշակի անտեղյակությունից, Արդբեջանը փորձում է ներկայացնել Հայաստանը որպես «ագրեսոր»՝ իր տարածքները, ներառյալ Արցախը, «զավթող», մոռացության տալով անհերքելի փաստը, որ ինքն է 1988-92թ.թ. պետական մակարդակով վերսկսել ցեղասպանության քաղաքականությունը, էթնիկ զտումները և ավելի քան 700 000 հայերի բռնի, մասսայական տեղահանումը: Ավելին, սկսել է լայնածավալ պատերազմական գործողություններ Արցախի խաղաղ բնակչության դեմ, ի պատասխան նրա՝ իր պատմական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու արդարացի և օրինական պահանջի:

Մինչդեռ, անդրադառնալով հիմնահարցի պատմությանը, ուզում ենք հիշեցնել նրա միայն իրավական առանձնահատկությունները: Խնդիրը որպես այդպիսին առաջ է եկել 20-րդ դարի սկզբին և արդյունք է այն ժամանակ և հետագայում տեղի ունեցած պատմական և քաղաքական իրադարձությունների:

  • 1920թ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918-1920թթ.) դադարեց գոյություն ունենալ, իսկ նրա տարածքների զգալի մասը տրվեց Թուրքիային (Կարսի, Սուրմալուի շրջաններ) և Ադրբեջանին (հայկական պատմական տարածք Նախիջևանը հանձնվեց Ադր.ԽՍՀ-ին, որպես պրոտեկտորատ` առանց երրորդ երկրի փոխանցելու իրավունքի): Այդ պայմանները վերջնականապես ձևակերպվեցին 1921թ. Կարսի պայմանագրում:
  • 1921թ. հուլիսի 5-ի Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ, ինչպես դաշտային, այնպես էլ լեռնային Ղարաբաղը, ավելի քան 95% հայկական բնակչությամբ և այն ժամանակ ամրագրված միջազգային փաստաթղթերում որպես «վիճելի տարածք» (Անտանտի Դաշնակից պետությունների, Ազգերի լիգայի փաստաթղթեր), ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին` պայմանով այնտեղ ստեղծել հայկական ինքնավարություն, ինչը հետագայում իրականացվեց երկրամասի ոչ ամբողջ, լեռնային հատվածում: Որպես վարչական միավոր, 1923թ. կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը` ԼՂԻՄ:
  • 1921-88թթԱդրբեջանը պետական մակարդակով արցախահայության նկատմամբ   իրականացրել է հայահալած քաղաքականություն, որի նպատակը` հայ բնակչության թիվը կրճատելն էր (ինչի մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը):
  • 1977 թնոյեմբերի 23ին ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահությունը Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով աշխատողների դիմումների քննության արդյունքներով եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը (Արցախ՝ հայերեն) միացնել Հայկական ԽՍՀ-ին: Այդ դեպքում ամեն ինչ կլինի իր օրինական տեղում:
  • 1988թ.փետրվարի 20-ին ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը` Մարզային Խորհուրդը համապատասխան միջնորդությամբ դիմեց ԽՍՀՄ, ԱդրԽՍՀ և ՀԽՍՀ Գերագույն Խորդուրդներին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմ մտցնելու վերաբերյալ: Ի պատասխան լիովին իրավաչափ այդ գործողությանը, Ադրբեջանի իշխանությունները երկրի խոշոր քաղաքներում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու) հայերի նկատմամբ ձեռնարկեցին կազմակերպված էթնիկ ջարդեր, զանգվածային դաժան սպանություններ և տեղահանություն: Ադրբեջանից բռնագաղթվեց շուրջ 700 000 հայ փախստական, որոնք մինչ այժմ չեն ստացել համարժեք նյութական, տարածքային և բարոյական փոխհատուցում:
  • Մարզային խորհրդի միջնորդությունը ընդունվեց ՀԽՍՀ ԳԽ կողմից, իսկ ԽՍՀՄ և ԱդրԽՍՀ Գերագույն խորհուրդները մերժեցին այն:

1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, որի կազմում էին նաև Լեռնային Ղարաբաղից ընտրված պատգամավորներ, ընդունեց որոշում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին:

  • 1990թ. ապրիլի 3-ին ընդունվեց ԽՍՀՄ օրենքը «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման» մասին, համաձայն որի «… հանրապետության որոշումը Միության կազմից դուրս գալու մասին պետք է կայացվի միութենական հանրապետության ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ` հանրաքվեի միջոցով» (հոդվ.2): «Միութենական հանրապետությունում, որն իր կազմում ունի ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար շրջաններ, հանրաքվեն պետք է անցկացվի յուրաքանչյուր ինքնավարությունում առանձին: Ինքնավար հանրապետությունների կամ ինքնավար միավորների ժողովուրդներին իրավունք է վերապահված ինքնուրույն որոշել` ԽՍՀՄ կազմում, կամ դուրս եկող հանրապետության կազմում մնալու, ինչպես նաև իր պետաիրավական կարգավիճակի հարցերը» (հոդվ.3):
  • 1991թ. օգոստոսի 30-ին ԱդրԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց հռչակագիր «Ադրբեջանական Հանրապետության պետականության վերականգնման մասին», որով Ադրբեջանը հռչակվեց 1918-20թթ. գոյություն ունեցող Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել:
  • 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի ժողպատգամավորների համատեղ համագումարը «…փաստելով ԱդրԽՍՀ Գերագույն խորհրդի` 1918-20թթ. պետականության վերականգնման որոշումը և հիմք ընդունելով ԽՍՀՄ սահմանադրությունն ու օրենսդրությունը` ինքնավար միավորումների ժողովուրդների իրավունքը ինքնուրույն որոշելու իրենց պետաիրավական կարգավիճակը, ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիր»: Այդպիսով, կայացավ Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու օրինական ակտը, առանց նրա տարածքային ամբողջականությունը խախտելու: ԼՂՀ-ն կայացավ Ադրբեջանին չպատկանող տարածքներում:
  • 1991թ. դեկտեմբերի 10-ինԽՍՀՄ կազմալուծումից առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և Շահումյանի շրջանում անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվե, որի արդյունքում մասնակիցների ավելի քան 99%-ը «ԱՅՈ» ասացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը: Հանրաքվեին հետևում էին անկախ դիտորդներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Բուլղարիայից, որոնք արտահայտել են իրենց դրական վերաբերմունքը և դիրքորոշումը հանրաքվեի` օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ընթացքի վերաբերյալ:
  • Չհաշտվելով իրավական իրողության հետ, Ադրբեջանը ապօրինի կերպով զավթելով հանրապետության տարածքում տեղակայված նախկին սովետական ռազմականտեխնիկան, Լեռնային Ղարաբաղի անզեն բնակչության դեմ 1991-94թթ. սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ` ավիացիայի, հրետանու և ծանր տեխնիկայի կիրառմամբ: 1992թ. մարտի 14-ին Ստեփանակերտում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Սայրուս Վենսին հանձնվեց ծանուցում Բուտրոս Ղալիի համար, Ադրբեջանի ուղղակի ռազմական ագրեսիայի դեմ ԼՂՀ ղեկավարության կողմից ձեռնարկվող անհատական ինքնապաշտպանական  միջոցների վերաբերյալ, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի Կանոնադրության 51 հոդվածի՝ պատասխան ռազմական գործողությունների՝ անհատական ինքնապաշտպանության դրույթին: Պարտադրված պատերազմի ծանր պայմաններում ձևավորված Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերը հաղթական մարտերի արդյունքում ոչ միայն հետ մղեցին ադրբեջանական կանոնավոր բանակի հարձակումը, պահպանելով ԼՂՀ հիմնական տարածքները, այլև ազատագրեցին Արցախի մի մասը:
  • 1994թ. մայիսին Բիշկեկի արձանագրության հիման վրա Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը:
  • Նույն թվականի նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ Բուդապեշտի խորհրդաժողովում որոշվեց ԵԱՀԿ Մինսկի խմբին` համանախագահությամբ` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի տրամադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական մանդատ, որի շրջանակներում մինչ օրս ընթանում են բանակցությունները:

Նշված փաստերն ապացուցում են արցախահայության ազգային-ազատագրական պայքարի արդարացիությունը և արձանագրում են այդ գործընթացի իրավական անխոցելիությունը:

Այսպիսով, մենք` կոնֆերանսի մասնակիցներս, արցախյան համազգային հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հայտարարում ենք մեր միասնական դիրքորոշումը: Այն է`

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր լիակատար անկախությունն Ադրբեջանից ձեռք է բերել կիրառելով բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը, խստորեն հետևելով ԽՍՀՄ ներպետական օրենսդրությանը և միջազգային-իրավական նորմերին: Հետևապես, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման միակ և օրինական հիմքը միջազգային իրավունքի նորմերի և դրույթների գերակայության վրա հիմնված գործընթացն է, ինչը նշանակում է, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես իրավական ճանապարհով:
  2. Արձանագրելով երեսուն տարում ԼՂՀ-ում տեղի ունեցած անշրջելի փոփոխությունները, մենք անընդունելի ենք համարում բանակցային այնպիսի գործընթացը, որի արդյունքում հայկական կողմին կարող են պարտադրվել անհիմն զիջումներ: Արցախի Հանրապետությունը որպես  պետական կազմավորում` իր տարածքով, բնակչությամբ, պետական ու ժողովրդավարական ինստիտուտներով, տնտեսական ու իրավական համակարգերով կայացած իրողություն է: Հետևապես, անվիճելի է, որ ԱՀ-ն պետք է վերականգնվի որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ: Այլապես հիմնահարցի կարգավորումը հնարավոր չէ:
  3. Մենք կգործադրենք բոլոր ջանքերը` պաշտպանելու ազգային-ազատագրական պայքարի բոլոր ձեռքբերումները, և վճռական ենք միասնաբար համարժեք պատասխան տալու մեր ժողովրդի անվտանգությանն ուղղված ցանկացած ոտնձգությանը:
  4. Դիմում ենք ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, առաջարկելով իրականացնել դեռ 1996թ. «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի կողմից հրապարակված ծրագիրը՝ հրավիրել համահայկական կառույցների լիազոր ներկայացուցիչների համաժողով, որի արդյունքում կմշակվի և  միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի անդամ երկրներին կներկայացվի հայ ժողովրդի միասնական դիրքորոշումը Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ:

ստորագրություններ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930