Լրահոս
Օրվա լրահոսը

Էռնեստ Ավանեսով. «Այս պահին ԵԿՄ գրասենյակից ՀՀԿ-ի հարյուրավոր դրոշներ ու գրիչներ են հանում՝ թափում»

Ապրիլ 23,2019 16:19

Այսօր Երեւանի ավագանու նիստին «Ւմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովն իր ելույթում անդրադարձավ մանկապարտեզների սակավությանը: Ավանեսովն ասաց, որ իրեն դիմած քաղաքացիները հնարավորություն չունեն մանկապարտեզների քիչ լինելու պատճառով երեխաներին նախադպրոցական հաստատություն տանելու. «Ծնողներին ասում են՝ քանակը լրացած է: Մանկապարտեզների մեծ տարածքները տրամադրված են ԵԿՄ գրասենյակներ գործարկելու համար: Չեմ ցանկանում որակում տալ»:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այս հայտարարությունը վրդովեցրել էր. «Դուք ղումար եք խաղում երկրապահների գրասենյակների վրա, ամոթ է, մի քիչ հայրենասիրություն ունեցեք: Պարոն քաղաքապետ, լիահույս եմ, որ դուք չեք կիսում այն տեսակետը, որ երկրապահի թողած ժառանգությունը կարելի է քննարկման առարկա դարձնել»:

Խաչատրյանի այս դիտարկմանն ի պատասխան՝ քաղաքապետ Մարությանն ասաց՝ «Տիկին Խաչատրյան, չեմ կարծում ձեր ելույթը տեղին էր այս պահին, որովհետեւ վստահ եմ, դահլիճում բոլորի մոտ նույն վերաբերմունքն է այն հարցի շուրջ, որ դուք ասացիք, մասնավորապես Արցախի հարցի շուրջ: Մենք սերտ կապերի մեջ ենք ԵԿՄ-ի հետ: Այս պահին այն փուլում ենք, որ քննարկվում է բոլոր գրասենյակները, բոլոր մանկապարտեզներում ինչ պետք է լինի, որը պետք է ձեւափոխվի, ինչ պետք է մնա: Այնպես որ հանգիստ եղեք: Մենք ԵԿՄ-ի հետ գնում ենք առաջ»:

Էռնեստ Ավանեսովն էլ խոսքի իրավունք խնդրեց եւ արձագանքեց. «Ես նման խոսք չեմ ասել: Խնդրում եմ քաղաքական շահարկումներ չմտցնել՝ հայրենասիրության եւ Արցախի հետ: Եկեք կենսագրություններն իրար կողք դնենք ու նայենք՝ ով՝ ինչ է արել»: Ավանեսովը հորդորեց պահպանել կոռեկտությունը եւ չխախտել կարգը. «Եթե նկարում եք դատարկ դահլիճ՝ վիդեո արեք ձեր խոսքերը»: Ավանեսովը նաեւ վստահեցրեց՝ իր ելույթից հետո իրեն զանգահարել է մի մարզադպրոցի տնօրեն եւ տեղեկացրել, որ իրենց դպրոցին կից ԵԿՄ գրասենյակ կա, եւ այնտեղի դարակներից այս պահին «ՀՀԿ-ի հարյուրավոր դրոշներ ու գրիչներ են հանում՝ թափում»:

Ավանեսովի խոսքի ժամանակ Անի Խաչատրյանը տեղից ռեպլիկներ էր անում, ասում էր՝ պահպանեք օրակարգը. «Պարոն քաղաքապետ, ինչո՞ւ չեք ասում, որ կանոնակարգից շեղվում է, թե՞ մենակ մեզ է վերաբերվում»:

«Տիկին Խաչատրյան, ձեր գոռալով հարգանք չեք ավելացնում ավագանու ինստիտուտին:  Օրակարգից դուրս ավելի շատ շեղվում է ընդդիմությունը, քան իշխանությունը: Հենց այս պահին խախտում եք կանոնակարգը»,-ասաց Երեւանի քաղաքապետը:

Մարությանը հիշեցրեց կանոնակարգն ու ելույթների տեւողությունը ու կոչ արեց. «Առանց իրար, նկատառումներ… չգիտեմ, հանգիստ գնում ենք առաջ՝ իրար հարգելով: Վստահ եմ, որ այստեղ գտնվողները բոլորն արժանի են հարգանքի, եւ դա ընդամենը մեկս մյուսին պիտի ի ցույց դնենք, ուրիշ ելք չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930