Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Փաստաբանության խնդիրներն ու դրանց լուծումներն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգում են»

Ապրիլ 23,2019 16:10

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է փաստաբանական գրասենյակների «ARMLEGAL EXPO 2019» անդրանիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը:

Նախարարն անուրանալի է համարել փաստաբանների՝ որպես իրավապաշտպան համայնքի ներդրումը մեր երկրի ժողովրդավարական արժեքների կայացման և զարգացման գործում: «Փաստաբանները մեծ զարկ են տվել դատական ակտերի որակի բարձրացմանը, նրանք զարգացրել են նախաքննության մարմինների աշխատակիցների գիտական ու մասնագիտական պոտենցիալը: Սա չենք կարող չարձանագրել, և սա ես կոչում եմ ակադեմիական «հակամարտություն», որը փոխզարգացրել է մեկը մյուսին»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այդ համոզմանը հանգել է սեփական իրավապաշտպան գործունեության արդյունքում, որին նվիրել է մասնագիտական աշխատանքի մեծ մասը: Որպես կառավարության անդամ և ոլորտի քաղաքականության պատասխանատու` նախարարը հավաստիացրել է, որ փաստաբանության խնդիրները և դրանց լուծումները մշտապես եղել և մնում են Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում, քանի որ առանց փաստաբանության ոլորտի որակական բարեփոխումների` դժվար է պատկերացնել դատաիրավական սեկտորի համապարփակ և համալիր առաջընթացը:

Նախարար Զեյնալյանը, կարևորելով փաստաբանական գործունեության երաշխիքների սահմանադրական մակարդակով ամրագրման փաստը, նշել է, որ սա փաստաբանի առաքելության արժևորման նոր և չափազանց բարձր նշաձողի սահմանում էր, նշաձող, որի պարբերական, էլ ավելի բարձրացման պատասխանատուն բոլորն են` Կառավարությունը, փաստաբանական պալատը, փաստաբաններից յուրաքանչյուրը, որպես այդ առաքելության մարմնավորողներ:

Այս համատեքստում նախարարն անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից մշակված նախագծին, որով հերթական բարեփոխումը կիրականացվի փաստաբանության համակարգում: Դրանից առանձնացվել են անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորման սահմանումը, անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակի ընդլայնումը, օտարերկրյա պետության դիպլոմ ունեցող իրավաբանների՝ ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու հարցի կարգավորումը, ինչպես նաև այլ նախագծի շրջանակում Կառավարության այն մոտեցումը, որով նախատեսվում է փոխել դատարանի կողմից փաստաբանների նկատմամբ որպես կարգապահական սանկցիա տուգանք կիրառելու կարգավորումը: Նախարարի խոսքով՝ կնախատեսվեն այլ կարգավորումներ, որոնք կարտացոլեն փաստաբանների անկախությունն ու փաստաբանական պալատի` որպես ինքնակառավարման մարմնի դերը բարձրացումը:

Խոսելով ոլորտի բարեփոխումներից` Արտակ Զեյնալյանը նշել է, որ չի կարող չանդրադառնալ այն մտահոգություններին, որ ունեմ փաստաբանների նկատմամբ ատելության խոսքի տարածման դրսևորման առնչությամբ: «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակության որոշ խմբեր պիտակավորում, ընդհուպ սպառնում են փաստաբանին` այս կամ այն անձին իրավաբանական օգնություն ցույց տալու համար: Ցավոք, լինելով անձի իրավունքների պաշտպան, փաստաբանը երբեմն ինքն է ստիպված է լինում ապավինելու այլոց, այդ թվում` իրավապահ մարմինների պաշտպանությանը: Այս առումով, կարծում եմ, դեռ շատ անելիք ունենք հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու և ավելի հանդուրժող վերաբերմունք ձևավորելու համար»,- նշել է նախարարը՝ միևնույն ժամանակ կոչ անելով փաստաբաններին, որպեսզի նրանք չնույնանան իրենց վստահորդների հետ, հարգալից վերաբերմունք ցուցաբերեն մրցակցող կողմի փաստաբանի, դատարանի նկատմամբ: Ըստ Արտակ Զեյնալյանի՝ արդեն պետք է ավանդույթ դառնա այս ակադեմիական վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ և նաև դատական պրոցեսից հետո հաշտ և խաղաղ գոյակցությունը փաստաբանական համայնքում: Նախարար Զեյնալյանի համոզմամբ, պետք է շատանան այն դեպքերի օրինակները, երբ «տանուլ տված» փաստաբանը գնահատում է այն դատական ակտը, որն արձանագրել է իր վստահորդի պարտությունը, քանի որ դրանով է հզորանում մեր ունեցած դատական համակարգը, դրանով է արժևորվում իրավունքի պաշտպանությունը:

Բացման ելույթներից հետո նախարարը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ շրջել է Հանրային պաշտպանի գրասենյակի, Փաստաբանական դպրոցի, ՀՀ նոտարական պալատի, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի, ինչպես նաև ցուցահանդեսին ներկայացված փաստաբանական գրասենյակների և հանրային ծառայություններ մատուցող կառույցների տաղավարներով:

Միջոցառման ընթացքում Արտակ Զեյնալյանը հանդիպել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Փարիզի փաստաբանների միության անդամներին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930