Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը Ռուսաստանում ճշտել է՝ Քոչարյանին սատարո՞ւմ են, ասել են՝ չէ

Ապրիլ 23,2019 15:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերություները թեւակոխել են նոր փուլ, նոր որակի, նոր մակարդակի վրա են: Այսօր ԱԺ այգում հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող ծառուղու հիմնման արարողությանը լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցին, թե ի՞նչ է փոխվել հարաբերություններում՝ պատասխանեց. «Խնդիրների փոխադարձ ընկալումը, անկեղծ, ազնիվ բարձրաձայնումը եւ լուծումներ գտնելու տրամաբանությունը, որը մենք ներմուծել ենք մեր քննարկումների մեջ, միանշանակ դրական է ընկալվել մեր գործընկերների կողմից»:

ԱԺ փոխխոսնակն ասաց, որ այս տարի սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի այցը, նա վստահեցրեց, որ զուտ տեխնիկական պատճառներով է, որ Պուտինը մինչ օրս հեղափոխությունից հետո չի այցելել Հայաստան. «Լավ գիտեք, որ շփումները երկու ղեկավարների միջեւ ամենահաճախակի եւ ամենաջերմ բնույթն են կրում, ուստի զուտ տեխնիկական է»:

Aravot.am-ը հարցրեց՝ վարչապետը կոռեկտության կոչ էր արել Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների հետ կապված, որոնք հատկապես Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ ոչ չեզոք դիրքորոշում են որդեգրել, ձեր գնահատականը սրա հետ կապված ինչպիսի՞ն է՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Միայն կարող եմ երկրորդել վարչապետի ասածը: Մեկնաբանել ՀՀ վարչապետի խոսքերը ճիշտ չէ»:

Մեր հարցին՝ ըստ ձեզ կա՞ ՌԴ-ի կողմից սատարում Քոչարյանին՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից սատարում արտահայտությունը ճիշտ է, վերջիվերջո դա ՀՀ-ի ներքին գործն է: Ինչպես մենք չենք խառնվում ուրիշ երկրի ներքին գործերի մեջ, այնպես էլ որեւիցե այլ երկիր չպետք է խառնվի ՀՀ քրեական օրենսգրքի եւ մնացած օրենքների գործողությանը ու ՀՀ ներքին գործերին: Այդ ուղերձը միանշանակ բազմիցս արվել է եւ հետեւությունները մեր գործընկերները կանեն: Միեւնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ մասնավոր զրույցների ժամանակ՝ նաեւ ՌԴ իմ գործընկերների հետ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ ընդհանուր ռուսական կողմի միանշանակ վերաբերմունք եւ տրամադրվածություն ձեր նշած կոնկրետ նյութի կամ նյութի հերոսի հետ կապված չկա, որովհետեւ իմ կողմից եղել է կոնկրետ հարց, հարցերի բարձրացում, որին ի պատասխան ասվել է, որ նման պաշտոնական դիրքորոշում գոյություն չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930