Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեղափոխություն է նաև այն, որ Հյուսիսային պողոտայում պատահաբար Նիկոլ Փաշինյանին տեսանք և մտքեր փոխանակեցինք. Ստեփան Գրիգորյան

Ապրիլ 23,2019 14:55

«Ամենանշանակալից փոփոխությունը ազատ և արդար ընտրությունների անցկացումն է»,- «Մեդիա կենտրոնում» «Հեղափոխությունից մեկ տարի անց. ամփոփիչ գնահատականներ» թեմայով քննարկմանը հայտարարեց քաղաքագետ, «Դետեկտոր» վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր Էդգար Վարդանյանը:

Նրա բնորոշմամբ՝ հիմք դրվեց ազատ ու արդար ընտրությունների միջոցով ժողովրդի կամքի արտահայտման, ժողովրդավարության ինստիտուտի հիմնադրման համար: Ըստ Էդգար Վարդանյանի՝ մենք դեռ չենք կարող ասել, որ այդ ինստիտուտն ամբողջովին կայացած է, բայց կարող ենք ասել, որ լուրջ հիմքեր են դրվել, որ այդ ինստիտուտը կայանա, որ այդ ինստիտուտը մեկ կամ մի քանի մարդու կամքից կախված չլինի՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանությունում:

Նա շեշտեց՝ ՏԻՄ ընտրությունները ևս ազատ և արդար են եղել, և ոչ միայն իշխանությունները, նրանց համակիրներն են դա այդպես համարել, այլև բոլոր մրցակիցները:

Մյուս ձեռքբերումն, ըստ Էդգար Վարդանյանի՝ համակարգային կոռուպցիայի արմատախիլ անելն է. «Համակարգային կոռուպցիայի բացակայությունը չի նշանակում, որ վերին ատյաններում չի կարող կոռուպցիա լինել. դա նույնիսկ չի նշանակում, որ թիվ մեկ պաշտոնը գրավող անձը նույնպես անպայման պետք է կոռուպցիայից զերծ լինի: Կա համաձայնություն, որ կոռուպցիան որպես կենսաձև մեզ համար անհանդուրժելի է: Կա այն հանգամանքը, որ ամենաբարձր մակարդակում տեսնում ենք՝ խոչընդոտներ ունեն քրեական գործեր հարուցելու ամենաբարձր պաշտոնյաների նկատմամբ: Սա ևս ցուցիչներից է, որ այդ համակարգային կոռուպցիան չկա»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, եթե ժողովրդի ութսուն տոկոսը տոնում է նախկին իշխանությունների հրաժարականը, ապա դա իրոք հեղափոխություն է. «Հեղափոխություն է նա, որ առանց ընտրական պրոցեսի նախկին իշխանությունները հրաժարական տվեցին, ու հին ԱԺ-ն ստիպված Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ: Հեղափոխություն է այն, որ դեկտեմբերի 9-ին, երբ անցկացվել են ԱԺ արտահերթ ընտրություններ, 70-75 տոկոսով ԱԺ-ն փոխվեց, քաղաքական էլիտայի փոփոխություն եղավ»:

Ստեփան Գրիգորյանը պատմեց՝ Հյուսիսային պողոտայում իրենց մոտ թրեյնինգների մասնակցող մի խումբ երիտասարդների հետ պատահաբար հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, և մի քանի նախադասություն են փոխանակել: Ստեփան Գրիգորյանը հենց դա է համարում հեղափոխություն:

Այնուհետև թվարկումը շարունակեց՝ հեղափոխություն է նաև այն, որ նախկին նախարարների, պատգամավորների, նախկին նախագահների նկատմամբ իրավական գործընթացներ են հարուցված, մեղադրանքի տակ են: Միևնույն ժամանակ Ստեփան Գրիգորյանը վստահեցրեց, եթե ուզում ենք հաջողությամբ պսակվի այդ լուրջ գործընթացը, անպայման պետք են համակարգային փոփոխություններ կատարվեն զուգահեռ. «Պետք է արագացնել այդ գործընթացը. օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սիստեմավորել. ստեղծել համապատասխան կառույցներ, որոնք կզբաղվեն կոռուպցիայի դեմ պայքարով: Օրինակ՝ վերջ կդրվեն այն խոսակցություններին, թե ինչու նախկին նախագահներից մեկին բռնեցին, մյուսին չեն բռնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930