Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ այգում հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող ծառուղի հիմնվեց՝ ռուսական կեչիներով:
Լրագրողները ծառատունկին մասնակցող ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին հարցրեցին՝ երբ ծառ են տնկում, ցանկություն են պահում, դուք ի՞նչ ցանկություն պահեցիք՝ նա պատասխանեց. «Ես ցանկանում եմ մեր երկրների ժողովուրդներին երջանկություն ու բարգավաճում»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նույն հարցին, թե ի՞նչ ցանկություն պահեցիք՝ պատասխանեց. «Ես ցանկանում եմ, որ այս ծառը լավ աճի»: Հարցին՝ այդքան բա՞ն ընդամենը՝ նա արձագանքեց. «Քի՞չ բան է»:
Թե ինչու հատկապես կեչի տնկեցին՝ դեսպանն ասաց, որ այն գրականության մեջ եւ առհասարակ նույնացվում է Ռուսաստանի հետ, չնայած կեչիներ ոչ միայն ՌԴ-ում են աճում:
Իշխանափոխությունից հետո արդեն մեկ տարի է անցել, հարցին՝ հիմա ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները՝ դեսպանը պատասխանեց. «ՌԴ ղեկավարությունը միանշանակ է գնահատում մեր հարաբերությունները՝ այն ամուր է, ունի ամուր հիմք»: Նա նշեց, մեր ժողովուրդները, երկու երկրների ղեկավարությունը գիտակցում են, որ գործընկերային հարաբերությունները մեր երկրների միջեւ բխում է երկկողմ հետաքրքրությունից:
Խոսելով Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման մասին՝ դեսպանն ասաց, որ այդ հանդիպումները բավականին պարբերական բնույթ ունեն՝ ինչպես երկկողմ ձեւաչափով են, այնպես էլ՝ այլ:
Մեր հարցին՝ նոր Հայաստանում դուք որեւէ փոփոխություն հայ-ռուսական հարաբերություններում նկատե՞լ եք՝ դեսպան Կոպիրկինը պատասխանեց. «Հիմնականում մեր հարաբերությունները նույնն են մնում եւ դրանք համապատասխանում են երկու կողմերից հնչող հայտարարություններին, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ