Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան պատրաստ է նման ոճրագործություններ կատարել նաեւ ապագայում». Ալիշան Էրթեմը՝ հայոց ցեղասպանության մասին

Ապրիլ 23,2019 14:34

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում 1998թ.-ից գործող «Ցեղասպանության հակառակորդների միությունը», որի կազմում են թուրք եւ քուրդ մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, այս տարի Երեւան է ժամանել մեծ՝ 18 հոգանոց պատվիրակությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ.-ի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Թուրքիայի կառավարությունն ամեն ինչ անում է պատմության կեղծման համար: Լինելով այստեղ՝ մենք առաջնահերթ հակազդում ենք այդ կեղծիքներին, որովհետեւ Թուրքիայում դեռեւս մանկապարտեզից երեխաներին կեղծ գիտելիքներ են մատուցում, խաբում, հեռու պահում ճշմարտությունից: Իսկ մենք ժամանել ենք մեր երեխաների հետ՝ նաեւ նրանց ճշմարտությունն ասելու եւ ծաղիկներ խոնարհելու համար»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ցեղասպանության հակառակորդների միության» նախագահ, թուրք սոցիոլոգ Ալիշան Էրթեմը:

Նա փաստեց, որ Թուրքիան շարունակում է ժխտել հայոց ցեղասպանությունը. «Այդ հրեշավոր ոճրագործության ժխտումը գիտակցված է եւ ծրագրված, հետեւաբար, Թուրքիան պատրաստ է նման ոճրագործություններ կատարել նաեւ ապագայում։ Հայերի նախնիների հետ կատարվածն անցնում է բոլոր սահմանները։ Մենք հետեւողական պայքարում ենք Թուրքիայի ժխտողականության քաղաքականության, ինչպես նաեւ Թուրքիայում այլ ժողովուրդների՝ քրդերի, ալեւիների ցեղասպանության պաշտոնական ճանաչման եւ դատապարտման համար։ Դա նաեւ միջազգային քաղաքականության օրակարգային խնդիր պետք է լինի։ Եթե այն դուրս է մղվում օրակարգից, ժխտող պետությունում առաջընթաց եւ ժողովրդավարություն չի կարող լինել։ Ցեղասպանությունները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի բացել պատմության մութ էջերը»:

Ալիշան Էրթեմը շեշտեց, որ ի տարբերություն Թուրքիայի, Գերմանիայի հասարակությունը ժողովրդավար է. «Մենք ազատ խոսք ասելու արգելք չունենք, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ մեր ասելիքը հասանելի է նաեւ Թուրքիայի բնակչությանը: Այն, ինչ մենք նախաձեռնում կամ հրապարակում ենք, մեծ նշանակություն ունի թուրք հասարակության համար։ Այն այլեւս զերծ է երկաթե վարագույրներից: Թուրքիայի «ձեռքը» հասնում է նաեւ արտերկրում գտնվող այլախոհներին` սպանություններ, անցանկալի մարդկանց չեզոքացում, բայց մենք հետեւում ենք մեր գաղափարին եւ նպատակին: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներն ինձ նախազգուշացրել են, որ Թուրքիա չվերադառնամ. վտանգավոր է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930