Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագրում ցեղասպանության հետևանքների վերացում հասկացողությունը մաս չի կազմում. դա բացթողում է. Կիրո Մանոյան

Ապրիլ 23,2019 14:05

«Այսօրվա մեր խնդիրն իրականում այն է՝ ցույց տալ, որ սա ոչ միայն նահատակներին ոգեկոչելու օր է, այլև մեր իրավունքները պահանջելու օր»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ Կիրո Մանոյանի՝ 100 տարի այս օրը մենք չենք սպասել ճանաչման, քանի որ իրականում 100 տարվա առաջին տասնամյակներում սա նշվել է որեւէ բացառապես սգի օր, և ժողովուրդը գնացել, իր հարգանքն է մատուցել եկեղեցիներում: Մնացածն իրականում սկսվել է 50-րդ տարելիցից հետո, բայց ինչպես Երևանի փողոցներում, այնպես էլ սփյուռքում Թուրքիայից հիմնական պահանջը եղել է իրավունքների պահանջը: Կիրո Մանոյանը փաստեց՝ ՀՀ-ի որդեգրած քաղաքականությունը միշտ եղել է՝ ամեն ինչ անել, որ նման բան երբեք չկրկնվի, ոչ միայն մեր նկատմամբ, այլև կանխարգելվեն նաև ուրիշների նկատմամբ նման հանցագործությունները:

Դառնալով ՀՀ նախորդ և ներկայիս կառավարությունների՝ ցեղասպանության ճանաչման հարցում վարած քաղաքականությանը՝ Կիրո Մանոյանը նկատեց. «Ե՛վ նախորդ, և՛ այս կառավարությունները մեկ բացթողում ունեն: Հակառակ, որ հատկապես նախորդ իշխանության օրոք կարելի էր նույնիսկ նախագահի մակարդակով խոսել ոչ միայն ցեղասպանության ճանաչման և դատապարտման, այլև հետևանքների վերացման մասին, ապա նախորդ իշխանությունների և այս իշխանության օրոք կառավարության ծրագրում ցեղասպանության հետևանքների վերացում հասկացողությունը մաս չի կազմում: Դա բացթողում է: Չի կարելի հարյուր առավել տարի հետո խոսել ընդամենը ճանաչման և դատապարտման մասին: 100-րդ տարելիցի առիթով համահայկական հռչակագրով ուրվագծվեց  ընդհանուր պահանջների շրջանակը, որ հայությունն ունի, և դրանից հետո անհրաժեշտ է, որ այդ ուրվագծումն ունենա իր շարունակությունը և պատրաստվի թղթածրար: Դրա աշխատանքները սկսվել են, բայց բավարար թափով չի շարունակվել ու շարունակվում»:

Կիրո Մանոյանը շեշտեց՝ արդեն ցեղասպանության փաստը ոչ մի լուրջ պետական կառույցի կողմից վիճարկման չի ենթարկվում: Ըստ նրա՝ անգամ Թուրքիան չի վիճարկում: Որակավորումը վիճարկում է, բայց որ հայությունը պետության կողմից տեղահանվեց, այդ ընթացքում նաև սպանվեց, կոտորածների ենթարկվեց, դա արդեն ոչ մի պետություն էլ չի վիճարկում: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի կարծիքով՝ եթե կան այնպիսիք, որոնք մերժում են առ այսօր ճանաչել ցեղասպանության փաստը՝ Իսրայելը, Մեծ Բրիտանիան, դա անում են Թուրքիային չանհանգստացնելու համար:

Հարցին՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարի իր ուղերձում կօգտագործի՞ Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ կասի, հատկապես Թրամփի պարագայում կանխատեսելը շատ դժվար է, բայց պիտի մենք նաև ճիշտ գնահատենք, որ ԱՄՆ նախագահներն արդեն քանի տասնամյակ ի վեր կանոնավոր կերպով ամեն ապրիլի 24-ին ուղերձով են հանդես գալիս: Ճիշտ է՝ այդ ուղերձում ցեղասպանություն  որակավորում չեն տալիս, դա խուսափողական մոտեցում է, որ Թուրքիային չանհանգստացնեն, բայց ճիշտ չէ ասել, որ ընդհանրապես ԱՄՆ-ն չի ճանաչել ցեղասպանությունը: Եղել է նախագահ, որ ճանաչել է, եղել են, որ չեն ճանաչել: Բայց առնվազն ԱՄՆ օրենսդիր մարմինը՝ Ստորին, Ներկայացուցիչների պալատը՝ մի քանի անգամ ճանաչել են: Հիմա էլ այդ երկու կառույցներում կան բանաձևեր, իսկ հիսուն նահանգներից 49-ը այս կամ այն ձևով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»:

Կիրո Մանոյանը տեղեկացրեց՝ վաղը Բելգիայի խորհրդարանում քննարկվելու է մի օրինագիծ, որտեղ ակնկալվում է, որ նաև ընդհանրապես ցեղասպանությունների ժխտման հարցը կքրեականացվի: Նա մանրամասնեց. «Այդ օրինագծում չէր նախատեսված հայոց ցեղասպանության մասը, բայց համայնքի, Հայ դատի հանձնաժողովի կողմից տարված աշխատանքների արդյունքում ակնկալվում է, որ այս երկու օրը կունենանք նաև Բելգիայի խորհրդարանի կողմից որդեգրված օրենքը»:

Ի պատասխան քննադատությունների, թե ինչու՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում հնչեցրած իր ելույթում չանդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, Կիրո Մանոյանն այսպես արձագանքեց. «Այդ նույն նստաշրջանի ժամանակ ՀՀ պատվիրակությունից նույն վարչապետի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչը ելույթով հանդես եկավ: Պետք չէ, որ այնպես վերածենք՝ որտեղ խոսի վարչապետը, անպայման ցեղասպանության մասին պետք է խոսի: Եթե եղել է, որ շեշտը դրել է Ղարաբաղի հարցի վրա, Հայաստանում անցած տարվա իրադարձություններին, կարելի էր նաև չանդրադառնալ ցեղասպանությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930