Արդի հայ մանրանկարչության հիմնադիր, նկարիչ Արմեն Դանեղյանը Ցեղասպանության տարելիցի նախօրեին հանրությանն է ներկայացրել իր «Պատմության վերքերը» խորագրով մանրանկարների շարքը:
Շարքում ընդգրկված է 14 մանրանկար, որոնցից յուրաքանչյուրը յուրովի արտացոլում է Ցեղասպանության վիշտը եւ հիշողությունները։ Ներկայացված աշխատանքների թվում են՝ «Մուսա լեռան 40 օրը», «Այրվող խաչեր», «Պար հպարտության», «Ցեղասպանություն», «Վերապրածները», «Արնոտ էջեր» եւ այլն:
Շարքում ներկայացված աշխատանքները կատարված են տարբեր տարիների եւ առանձին-առանձին ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրների առաջատար ցուցասրահներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գերմանիայում եւ այլուր։
Կարդացեք նաև
«Ինչպես յուրաքանչյուր հայ արվեստագետ, ես նույնպես չէի կարող անմասն մնալ Ցեղասպանության թեմատիկայից։ Առաջին անգամ է, որ շուրջ մեկ դար առաջ կատարված ողբերգությունն արտահայտվում է մանրանկարչության ոճով։ Այստեղ կա եւ արյուն, եւ կրակ, եւ տարբեր ահասարսուռ դրվագներ։ Այսօր հաճախ ենք լսում կոչեր, որ պետք չէ ողբալ եւ զոհի կերպարով ներկայանալ աշխարհին։ Սակայն, իմ կարծիքով, հիշելը եւ բարձրաձայնելը կոչ է մարդկությանը՝ չմոռանալ հարյուր տարի առաջ կատարված այս ողբերգությունը եւ դրանով հանդերձ կանխարգելել նոր ողբերգությունները»,- նշել է մանրանկարիչը։
Շարքը տեսանյութի տեսքով հասանելի է Youtube-ում:
Արդի հայ մանրանկարչությունը արվեստի համեմատաբար նոր ճյուղ է, որը միավորում է միջնադարյան մանրանկարչության որոշակի տարրեր եւ ներկայացնում է արդի թեմաներ: Արմեն Դանեղյանն այս ուղղությունը սկսել է զարգացնել շուրջ 30 տարի առաջ: Այդ տարիների ընթացքում նա ստեղծել է բազմաթիվ շարքեր, որոնց թվում են «Եվրոպական արժեքներ», «Հայոց մեծերը, «Հայտնի կոմպոզիտորներ», «Հորոսկոպի 12 նշանները», «Հայտնության շարք», եւ այլն:
Մամուլի հաղորդագրություն