Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ 10 տարվա ընթացքում 10 միլիարդ դոլար կոռուպցիայի միջոցով դուրս է հանվում երկրից, այն դուրս է գալիս քաղաքացիների կրթության, առողջության, բնապահպանական ու սոցիալական իրավունքներից. Լարիսա Մինասյան

Ապրիլ 23,2019 13:27

«Մեկ տարի առաջ բնակչության 80%-ը դուրս եկավ արդարության եւ արդարադատության պահանջով։ Այն իսկապես եղել է զանգվածային եւ համակարգային՝ խորքային համակարգով հանդուրժված, անպատժելիությունով ընդունված»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ «Կորպորատիվ հաշվետվողականություն անցումային արդարադատությունում եւ դրանից անդին ու իրավապաշտպանների դերը» թեմայով քննարկման ժամանակ:

Ըստ նրա, երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո, այսպիսի կայացած անարդարության համակարգի դեմ պայքարելու համար ինչ-որ համակարգային բարեփոխումով պետք է պայքարել, որը կոչվում է անցումային արդարադատություն: Տիկին Մինասյանի խոսքով, անցումային արդարադատությունը ներդնելով է հնարավոր պարզել՝ ինչպե՞ս է այդ չարաշահումը տեղի ունեցել, արտոնվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Լարիսա Մինասյանի խոսքով, երբ 10 տարվա ընթացքում 10 միլիարդ դոլար կոռուպցիայի միջոցով դուրս է հանվում երկրից, այն դուրս է գալիս քաղաքացիների կրթության, առողջության, բնապահպանական ու սոցիալական իրավունքներից: Ըստ նրա, անցումային արդարադատությունը պետք է, որպեսզի մարդկանց խախտված իրավունքները վերականգնվեն. «Մենք, իսկապես, մեծ քայլեր ենք արել, մի իրավունք, որ զանգվածաբար եւ շարունակաբար խախտվել է՝ ազատ ընտրության իրավունքը, վերականգնել ենք: Բավական մեծ առաջընթաց կատարվել է խոսքի ազատության ոլորտում՝ 19 կետով Հայաստանն առաջ է գնացել, մի բան, որ չի եղել նախկինում: Ինչ-որ չափով տնտեսական մրցակցությունը վերականգնվում է։ Մենք գիտենք, որ սա արդյունք է այնքանով, որ չարաշահումը, քաղաքական կամքի չլինելը՝ վերացել է»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով, շատ դեպքերում հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանն այն պետությո՞ւնն է, որտեղ պետք է անցումային արդարադատություն իրականացվի. «Անցած տարի Freedom House-ի զեկույցում Հայաստանը գնահատվեց որպես կոնսոլիդացված ավտորիտար պետություն։ Ընտրություններն այնպես են կեղծվել, որ վստահության խնդիր կար ընտրական համակարգի նկատմամբ։ Կոռուպցիան այն մակարդակի էր հասել, որ վտանգում էր ազգային անվտանգությունը, դա առավել քան հստակ դրսեւորվեց ապրիլյան պատերազմի ժամանակ։ Հիշենք նաեւ բիզնես-իշխանություն սերտաճվածության մասին։ Այսինքն՝ մենք կարող ենք պնդել, որ տեղի է ունեցել պետության զավթում եւ դա շարունակական է եղել ու դրսեւորվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Այս պատկերի վրա արդարության վերականգնումը դառնում է օրակարգային հարց»:

Ըստ Արթուր Սաքունցի, թավշյա հեղափոխությունը մեկանգամյա ակցիա չէ, նախկին համակարգի գործողության դադարեցումն է:

«Անցումային արդարադատության բուն նպատակն է տարիներ շարունակ մարդու իրավունքների կոպիտ խախտումներից տուժածների իրավունքների վերականգնումը, բացի այդ՝ նրանք պետք է ստանան նյութական եւ բարոյական փոխհատուցում։ Առանց վստահելի արդարադատական համակարգի մենք չենք կարող ապահովել արդարության վերականգնումը»,-համոզված է պարոն Սաքունցը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930