Ապրիլի 25-ից 27-ը «Գրանդ Սպորտ» մարզահամալիրի 50 մետրանոց լողավազանում կանցկացվեի լողի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ակնկալվում է շուրջ 130 լողորդի մասնակցություն՝ հիմնականում Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից: «Առաջնության արդյունքով կկազմավորվի լողի Հայաստանի մեծահասակների հավաքականը, որը կսկսի նախապատրաստվել առաջիկա կարեւոր մեկնարկներին՝ Եվրոպայի պատանեկան առաջնություն, (հուլիս, ՌԴ), աշխարհի պատանեկան առաջնություն (օգոստոս, Բուդապեշտ) եւ աշխարհի մեծահասակների առաջնություն (հունիս, Կորեա): Մրցաշրջանի երկրորդ հատվածում ունենք նաեւ այլ միջազգային պաշտոնական մեկնարկներ», – ասաց պարոն Մեսրոպյանը:
Հարցին, թե ինչո՞ւ հանրապետության առաջնությանը չեն մասնակցում Իջեւան եւ Հրազդան քաղաքները, որտեղ արդեն հիմնանորոգվել եւ շահագործման են հանձնվել տեղի լողավազանները, Հովսեփ Մեսրոպյանը պատասխանեց, որ տեղերում գործում են լողի խմբեր, որոնք սակայն արդյունքներով դեռ չեն հասել Հայաստանի մեծահասակների առաջնությանը մասնակցելու մակարդակին, սակայն արդեն հանդես են գալիս պատանեկան եւ երիտասարդական առաջնություններում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ