Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի խորհրդակցության եւս 12 մասնակից հարցաքննվել են. բացի Արշակ Կարապետյանից՝ նրանք տվել են այնպիսի ցուցմունքներ, որոնցով հաստատվում է Քոչարյանի ասածը. ՀԺ

Ապրիլ 23,2019 13:09

Մարտի 1-ի գործը մայիսին կմտնի դատարան: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Գործի վերաբերյալ մի քանի հարցերին պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

– Պարոն Ալումյան, 50 հատորում ի՞նչ նոր տվյալներ են ձեզ հայտնի դարձել:

– Մենք տեսնում ենք այնտեղ բազմաթիվ ցուցմունքներ, որոնց մասին քննիչն ու դատախազները լռում էին. դրանք իրականում շատ կարեւոր էին գործի հանգամանքները ճիշտ ընկալելու ու գնահատելու համար: Մասնավորապես, փետրվարի 23-ի խորհրդակցության հետ կապված բանից պարզվեց՝ խորհրդակցության եւս 12 մասնակից հարցաքննված են եղել, բացի Արշակ Կարապետյանից: Նրանք տվել են այնպիսի ցուցմունքներ, որով հաստատվում է հենց պարոն Քոչարյանի դիրքորոշումը: Իսկ այդ մասին քննիչը բացարձակ լռել է: Մենք ունենք մի ամբողջ հատոր՝ Մարտի 1-ի առավոտյան գործողությանը մասնակցած ոստիկանների եւ այդ ցուցմունքներով եւս հաստատվում է պարոն Քոչարյանի ասածը, որ նախապես ծրագրված չի եղել ուժի կիրառումը…: Այսպիսի շատ ու շատ ուրիշ ապացույցներ, որոնց գոյության մասին քննիչը պարզապես լռում էր եւ եթե այդ մասին ինքը չլռեր, այլ ապացույցները ներկայացներ դատարաններում, հնարավոր է, որ պարոն Քոչարյանը չկալանավորվեր դատարանների կողմից:

– Խորհրդակցությանը մասնակցած եւ հարցաքննված 12 անձանց թվում ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը նույնպե՞ս եղել է:

– Այո:

– Իսկ ինքը ի՞նչ ցուցմունք է տվել խորհրդակցության վերաբերյալ:

– Նույնը, ինչ պարոն Քոչարյանը միշտ ասել է:

-Մասնավորապե՞ս:

– Հիմա իմ ձեռքի տակ է, ասեմ: Փայտյանն իր ցուցմունքում ասել է. «Անձամբ ինքս մասնակցել եմ հարցում նշված միջոցառմանը, դա խորհրդակցություն չէր, քանի որ խորհրդակցության ժամանակ հարցեր էր քննարկվում, իսկ այդ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել էր հայտարարություններ անելու համար, մասնավորապես նա նշել է, որ կան բարձրաստիճան զինվորականներ, ովքեր այս ու այն կերպ մասնակցություն են ունենում բողոք-միտինգներին, հատկապես նշեց Երկրապահ կամավորների կառույցը, որի անդամ էին մի շարք գործող զինվորականներ, այդ թվում նաեւ ես: Նախագահը մտահոգություն հայտնեց, որ զինված ուժերը քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, բանակն ունի իր խնդիրները, իսկ եթե կան նման զինվորականներ, որոնք դա չեն գիտակցում, կարող են հենց հիմա զեկուցագիր գրեն եւ դուրս գան ծառայությունից: Նա նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի անունը որպես ԵԿՄ նախագահ, ի դեպ, Մանվել Գրիգորյանը նշված միջոցառմանը չէր ներկայացել. դա տեւել է շուրջ 15-20 րոպե»: Սա 23-ի խորհրդակցությանը վերաբերող մասն էր:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930