Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Մարտիկ» հիմնադրամն օրենքի պահանջը չի կատարել. 2018թ․ հաշվետվությունն այդպես էլ չկա ու չկա

Ապրիլ 23,2019 12:07

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը պահանջում է․ « Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում։ Հիմնադրամի կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։ Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման և ծանուցման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դիմում է դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով»:

«Մարտիկ» հիմնադրամն այս Օրենքի պահանջը չի կատարել, 2018թ․ Հաշվետվությունն այդպես էլ չկա ու չկա և կարծես ոչ մեկին այս փաստը չի հետաքրքրում ու հուզում։ Կայքի «Նորություններ» բաժնում էլ վերջին նորությունը 2018-ի սեպտեմբերի 3-ին դրված հայտարարությունն է, որով կոչ են անում դառնալ «Մարտիկ»-ի մասնակից։ Տեսնես այսքանից հետո ո՞վ կհավատա Արթուր Աղաբեկյանին։ Ես, որպես 2016-ից «Մարտիկ»-ի մասնակից, պահանջում եմ 2018թ․-ի հաշվետվությունը։

Նախապես ասեմ, որ այս գործելաոճը «Մարտիկ»-ը որևէ կերպ չի կարող արդարացնել մասնավորապես նրանով, որ իրենց փաստաթղթերը քննչականում են։ Այո՛, 2018-ի հուլիսին քննչական կոմիտեի կողմից քրեական գործ հարուցելուց հետ  պարկերով փաստաթղթեր են տարվել քննչական կոմիտե, սակայն այդ բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն իրենց մոտ են, այնպես որ, հիմնադրամը պետք է 2018թ հաշվետվությունը հրապարակեր, սակայն շարունակում է իր «մութ» գործելաոճը, իսկ Հիմնադրամների մասին օրենքը պահանջում է յուրաքանչյուր տարվա մինչև մարտի 25-ը հաշվետվությունը հրապարակել azdarar.am-ում, այսօր ապրիլի 23-ն է ու հաշվետվությունը չկա։

Հիշեցնեմ, որ այս հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքի մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտարարվում, խոստանում են շուտով հրապարակել, չնայած ես որոշ մանրամասների տեղյակ եմ, բայց հայտնի չէ, թե այդ «շուտով»-ը երբ է գալու։

Կարծում եմ ՀՀ արդարադատության նախարարությանը ևս պետք է մտահոգվի այս հիմնադրամի 2018թ․ հաշվետվության բացակայությամբ ու Օրենքի պահանջով վարչական պատասխանատվության միջոցներ կիրառի։

Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ

23․04․2019թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930