Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական սերնդափոխություն. Հայաստան, Ուկրաինա, շարունակելի…

Ապրիլ 23,2019 22:00

Վլադիմիր Զելենսկին հաղթեց Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով գրեթե եռակի ավելի ձայներ, քան գործող նախագահ Պետրո Պորոշենկոն։
Նախկին խորհրդային կայսրության տարածքում երկրորդ պետությունը եւ նեոկայսերական Ռուսաստանի թիվ մեկ խոչընդոտը լինելով, ազատ Ուկրաինան շարունակում է իր արժանապատիվ ընթացքը 21-րդ դարում, կատարելով կարեւորագույն քայլ՝ քաղաքական սերնդափոխություն, ամենալայն իմաստով խզելով կապը «սովետի» մնացուկների հետ։

Զելենսկու հաղթանակը եւս մեկ՝ ծանրակշիռ «աղյուս» ավելացրեց այն ընդհանուր համաշխարհային միտումին, որ «ավանդական» քաղաքական համակարգերն այլեւս չեն համապատասխանում 21-րդ դարի պահանջներին եւ սպասելիքներին, համարժեք չեն տեղեկատվական հեղափոխության սերնդի պատկերացումներին, իսկ արտահամակարգային քաղաքական գործիչները դառնում են նրանց «գերեզմանափորը», գալով իշխանության՝ ընտրությունների կամ հեղափոխությունների միջոցով։ Եվ որքան էլ որ նրանք տարբեր են, թե՛ իրենց մասնագիտական անցյալով, թե՛ աշխարհընկալմամբ, բայց եւ այնպես, Ուկրաինայի նախագահի անունը տեղավորվում է քաղաքական առաջնորդների նույն շարքում, որում են Ցիպրասը, Թրամփը, Մակրոնը, Փաշինյանը։
Զելենսկին Ֆեյսբուքին, Թվիթերին, Ինստագրամին ավելացրեց նաեւ զանգվածային լսարանին հասցեագրված տեսաարտադրանքը՝ քաղաքական երգիծանքի բովանդակությամբ, մեծապես դառնալով իր «Ժողովրդին ծառա» սերիալի վիրտուալ հերոսի՝ Վասիլի Հոլոբորոդկոյի մարմնավորումն իրական քաղաքական կյանքում եւ ստանձնելով ահռելի պետության ղեկը պատմության վճռորոշ ժամանակաշրջանում։ Ուկրաինան ապացուցեց, որ երկու հեղափոխություններից հետո երկրում միանգամայն հնարավոր է հասնել իշխանափոխության խաղաղ, ընտրական ճանապարհով, եւ երրորդ հեղափոխության անհրաժեշտություն երկրում այլեւս չկա։

«Առայժմ ես պաշտոնապես նախագահ չեմ, կարող եմ ասել որպես Ուկրաինայի քաղաքացի՝ հետխորհրդային միության բոլոր երկրներին. նայեք մեզ՝ ամեն բան հնարավոր է», – իր առաջին հրապարակային ելույթն այսպես եզրափակեց Վ. Զելենսկին։

Անշուշտ, Զելենսկին այլեւս կատակելու ոչ ժամանակ կունենա, ոչ տրամադրություն, հաշվի առնելով, թե ինչ ծանր խնդրիների հետ պետք է գործ ունենա։ Ուկրաինայում ընտրական ցիկլը դեռ չի ավարտվել, եւ առջեւում խորհրդարանական ընտրություններն են, որոնք տեղի կունենան աշնանը եւ կանցնեն ոչ պակաս թեժ եւ հուզառատ, ինչպես նախագահականն էին, եւ դա էապես բարդացնում է առօրյա գործերն ուշադրության կենտրոնում պահելը, հիշեցնելով իրավիճակը Հայաստանում անցյալ տարվա ապրիլ-դեկտեմբեր ամիսներին։

Կյանքը ցույց կտա՝ որքան հաջողված նախագահ կլինի Վլադիմիր Զելենսկին, բայց վստահաբար կարող ենք ասել, որ Ուկրաինայում այլեւս առաջվա պես չի լինելու, վերադարձ նախկինին չի լինելու, Զելենսկին հաստատապես քսան, երեսուն տարի նախագահ չի մնա, պաշտոնաթող լինելուց Կիեւն իր անունով չի անվանափոխելու, երկիրը որպես կոլխոզ չի կառավարելու, հաջորդ նախագահ իր որդուն չի կարգելու, իր կնոջը առաջին եւ ամենասիրելի փոխնախագահ չի նշանակելու, իր ենթակայի հետ «ռոկիրովոչկա»-յի կոմբինացիա չի խաղարկելու, չորս տարի մարդկանց հիմարի տեղ դնելով…

Նախագահը նոր է, խնդիրները՝ հին, բոլոր առումներով հին են նաեւ հակառակորդները թե՛ ներսում, թե՛ դրսում։ Երկրում համակարգային կոռուպցիան, օլիգարխիան մնում են չհաղթահարված, հակամարտությունը Ռուսաստանի հետ շարունակում է մնալ չկարգավորված Դոնբասում, Ղրիմն օկուպացված եւ բռնակցված Մոսկվայի կողմից։ Իսկ ընտրարշավի ժամանակ հնչած հայտարարությունները թույլ են տալիս հաստատապես պնդելու, որ Զելենսկին նոր բան չունի առաջարկելու, կապված Ուկրաինայի եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրմանն ուղղված քաղաքական կուրսի հետ, եւ սա առաջին տհաճ նորությունն է Մոսկվայի համար։

Երկրորդն այն է, որ ուկրաինական քաղաքացիական հասարակությունը ցույց տվեց, թե քանի գլուխ է բարձր իր գիտակցությամբ ռուսականից, որտեղ անփոփոխ «ցարը չի կարող այլընտրանք ունենալ, ցարը միայն ծառաներ եւ հպատակներ կարող է ունենալ»։

Իսկ երրորդ տհաճ նորությունը Կրեմլի համար այն է, որ այդպիսի Ուկրաինայի հետ ուղղակի անիմաստ է թշնամի լինելը, քանզի այդպիսի Ուկրաինան այլեւս անպարտելի է։

Իսկ Մոսկվան առայժմ զբաղված է «սուվերեն» համացանց ստեղծելով, ազատությունները սահմանափակելով, Լուկաշենկոյին մամլիչի տակ ճզմելով, կռիվ տալով ոչ թե Արեւմուտքի, այլ ժամանակի դեմ, այդպես էլ չհասկանալով, որ իր «պատեֆոնը» թվային աշխարհում այլեւս ոչ ոքի պետք չէ, եւ փորձում է գործի դնել պարտադրանքի եւ դավադրությունների գործիքները, չխորշելով ստից, կեղծիքից, սեփական համբավը ռիսկի ենթարկելուց։ Մոսկվան ուրախ է, որ Պորոշենկոն պարտվեց, որ Զելենսկին թերթեց Ուկրաինայի պատմության էջը եւ բացեց մի նոր, մաքուր էջ։ Սակայն Մոսկվային դժբախտաբար թվում է, թե պայմանական Զելենսկին այդ էջին պետք է գրի այն, ինչ կթելադրի Մոսկվան, չգիտես ինչու, «հարգելով» նրա ֆանտոմային կայսերական ցավերը։ Մոսկվան այդպես էլ չհասկացավ 21-րդ դարի խորհուրդը, եւ դարին նայում է այնպես, ինչպես ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինը համակարգչի էկրանին՝ խոշորացույցով, բանից անտեղյակ, որ պատկերը խոշորացնելու համար ծրագրով նախատեսված է ամեն բան…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինների թվում շնորհավորեց Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ, ուկրաիներենով, պատրաստակամություն հայտնելով նոր մակարդակի բարձրացնել միջպետական հարաբերությունները։ 2014 թվականից սկսված դիվանագիտական խայտառակությունը, որը դարձել էր պաշտոնական Երեւանի պաշտոնական քաղաքականությունը եւ ուղղված էր Պուտինի ռեժիմի շահերի սպասարկմանն ի հաշիվ Հայաստանի շահերի՝ զգալի չափով բացասական նստվածք էր թողել Կիեւում։ Անշուշտ, այդ նստվածքը Փաշինյանը եւ նրա թիմը չէ, որ թողել են, եւ անցած տարվա ընթացքում Երեւան-Կիեւ հաղորդակցությունը, նոր, պատրաստված դեսպանների նշանակումները մայրաքաղաքներում վկայում են, որ հարաբերությունների շուտափույթ ռեստարտի ժամանակն եկել է։

Ներկայումս հայ-ուկրաինական հարաբերությունները վստահորեն կարելի է գնահատել որպես անբավարար, ահռելի ներուժը մնում է չիրագործված։ Եվ քաղաքական սերնդափոխությունը անցած տարվա ընթացքում Հայաստանում եւ կիրակի օրը Զելենսկիի հաղթանակն ընտրություններին, որը սկիզբ է դնում քաղաքական սերնդափոխությանը նաեւ Ուկրաինայում, ստեղծել են բոլոր հնարավորություններն առաջ շարժվելու համար։

Այսօր լրանում է Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին, Հայաստանում քաղաքական սերնդափոխությունը շարունակվում է, էստաֆետն անցավ Ուկրաինային, այն անխուսափելիորեն շարունակվելու է։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ Forbes-ի

«Առավոտ» օրաթերթ, 

23.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930